Արդեն երրորդ անգամն եմ ջնջում ու քանի որ չգիտեմ ինչպես սկսել, արի այսպես էլ թողնենք: Չեմ եկել, որ պատմեմ, թե որքան զբաղված եմ դասերով ու պարապմունքներով, դե ձեռքի հետ էլ հասարակական աշխատանքները հանգիստ չեն թողնում: Հա, հա, ճիշտ ես, ֆուտբոլ էլ եմ հասցնում խաղալ, ուրեմն, հասկացար, թե ինչքան զբաղված եմ:
Եկել եմ, որ ճանապարհներից խոսենք, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում այդ ճանապարհները դարձել են դեպի պարապմունք տանող ճամփաներ: Հա, փաստորեն պարապմունքներից ենք խոսելու:
Չեմ ուզում պատմել այն դժվարությունների մասին, որոնք սովորական են արդեն: Ասենք, շաբաթական 4 օր տաքսով կողքի գյուղ պարապմունքի գնալ ու գալ, մնացած երկու օրը քայլել գյուղի մի ծայրից մյուսը (խոսքը մեր մեջ, դա էդքան էլ ծանր գործ չի), ու միայն ուրբաթ օրերին կարողանալ ցերեկը քնել ու հասկանալ, որ մաման չի արթնացնելու ու ասելու.
-Ուշանալու ես պարապմունքից:
Չեմ եկել, որ կրթական համակարգի բացերից խոսենք, որ ես բողոքեմ ավագ դպրոցից, որովհետև միևնույնն է, կրկնուսույցի մոտ եմ գնալու: Չեմ եկել, որ ասեմ, թե ինչքան եմ հոգնել, երբ ամեն անգամ այն հարցին, թե ինչ եմ ուզում դառնալ՝ «դիվանագետ» պատասխանը տալուց հետո քանի ժամ եմ բացատրում դրա իմաստը: Ու չեմ էլ ասի, թե քանի անգամ են ինձ ասել, որ դիպլոմը ձեռքիս նստելու եմ տանը:
Եկել եմ ասելու, որ ինձ համար միևնույնն են նմանատիպ խոսքերը, որ, հա, ես աղջիկ եմ, բայց բանասեր կամ թարգմանիչ չեմ դառնալու: Ինձ համար անընդունելի են «Հայաստանում գործ չկա, եթե կարող եք՝ ուրիշ երկրում ձեր ապագան փնտրեք» տողերը: Որովհետև Հայաստանում ավելի քան ուրիշ տեղ գործ կա, որովհետև լիքը անելու բան կա:
Արդեն կապ չունի՝ ինչի համար եմ եկել, բայց արի պայմանավորվենք, որ ես հաջորդ անգամ իրոք ճամփաներից կխոսեմ, ու գլուխդ չեմ տանի ծեծված թեմաներով:
Հ.Գ. Ձեռքի հետ էլ շնորհավոր էն բոլոր կանանց ու աղջիկների տոնը, ովքեր գիտեն, որ Մարտի 8 -ը ծաղիկ ստանալու օր չի միայն, այլ իրենց իրավունքներն ու արժեքները հասարակության մեջ բարձրաձայնելու օր: