«Ստեղծագործ մտքի համար»
Ապրիլի 28-ն էր… Ուրբաթ էր… Մի սովորական ուրբաթ, երբ կրկին դասերս ավարտելու էի համալսարանում և ուրախ – ուրախ գնալու Գյումրի` շաբաթ-կիրակին անցկացնելու, ինչպես անում եմ ամեն շաբաթ… Շուտասելուկ էղավ, բայց դուք շարունակությունը լսեք…
Էս ուրբաթը բոլորովին էլ սովորական չէր: Այն մանանայոտ էր ու մանանաբույր… Չէ ՞ որ մեր` պատանի թղթակիցներիս առաջին մրցանակաբաշխությունն էր տեղի ունենալու, ու Երևան էին ժամանել մոտ 200 թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից. այլ կերպ ասած` ողջ Հայաստանը հավաքվել էր Կամերային երաժշտատանը…
Բոլորս էլ հուզված էինք, ու դա նկատելի էր… Ախր, ոնց չհուզվես, երբ տեսնում ես, թե ինչքան գործ է արվել, ու ինչքան լավ ընտանիքի մի մասն ես դարձել… Ու սա դեռ ամենը չէր…
Ներկայացվեցին անվանակարգերը, եղան առաջին պարգևատրվողները, առաջին ծափերը… Ի զարմանս ինձ` հայտարարվեց, որ մրցանակ է հանձնվելու Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի կողմից:
«Վա՜յ, իմ ապագա կոլեգաներից էլ կան ստեղ,- մտքումս զարմացա ես,- յէսօր էլ կակռազ Պալատի դասը կանցնեինք Արդարի դասին»:
Պալատի ներկայացուցիչը բարձրացավ բեմ ու հնչեցրեց նախկին համակուրսեցուս ու մեր լավ ընկերներից մեկի` Դավիթ Ասլանյանի` մեր Դավոյի անունը, ով հիմա ծառայում է Արցախում (բարի ծառայություն, Դա՜վ ջան)…
«Վա՜խ,ես էլ կուզէմ»,- բարի նախանձով մտածեցի ես` անկեղծ ու շիտակ լեննականցիս…
Ու մեկ էլ բեմ բարձրացավ Պալատի մյուս ներկայացուցիչը (ես գիտեի` մենակ մեկ մրցանակ է լինելու Փաստաբանների պալատից) ու կարդաց տողերը, որ ասես զմռսվել են մտքումս.
-Պատվոգիրը տրվում է Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխության մասնակից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Լեյլի Թադևոսյանին ստեղծագործ մտքի համար…
Անասելի հուզվել էի… Իրոք անակնկալ էր, ու հաճելի ու պարտավորեցնող անակնկալ… Շնորհակալ եմ…
Մրցանակս ձեռքիս, հպարտ-հպարտ մտա գնացք, հազիվ մի տեղ գտա ու նստել նայում էի մրցանակիս` անգիր իմանալով բովանդակությունը.
-Իյա՜, էլի չեմպիոն ունինք,- հանկարծ լսվեց ուղեկցորդի ուրախ-զվարթ ձայնը,- էս ի՞նչ ոլորտի մրցանակ է:
-Դե…,- փորձում էի բացատրել ես, մեկ էլ էս «պռավադնիկը»` նույը ուղեկցորդը, դե.
-Լա՜վ,լա՜վ, ոլորտը վաբշե կարևոր չէ. զանգենք գան դափնիներով դիմավորեն, աղջի՜կ ջան, աբրի՜ս,- ըսեց ու շարունակեց տոմսերը վերցնել…
Այ այսպես էլ պսակվեց ինձ համար անասելի կարևոր հաղթանակը… Բայց թերևս լավագույն հաղթանակը համարում եմ այս մեծ ու գունագեղ ընտանիքի` «Մանանայի» մի մասնիկը լինելը…
Էս էլ ըսպես… Ըբը…