«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և ընտրել լավագույններին:
Ինսպեկցիան ինչպես որ կա
Բարև:
Այնպես ստացվեց, որ ես կարդացի Ձեր մտքերը: Ես չգիտեի, թե Ձեզ ինչն էր անհանգստացնում, բայց ես պատրաստ էի Ձեզ լսել:
Հետաքրքիր է լսել այն մարդկանց, ովքեր հարց բարձրացնել գիտեն, ովքեր համակերպվել չգիտեն: Շատերն անտարբեր են: Ատում եմ անտարբերությունը:
—Ախպեր, ինչ անում են, թող անեն, ես գործ չունեմ: Խոսելու եմ ընկնեմ կրակը: Ինձ պե՞տք ա:
Չէ՛, քեզ պետք չի, ավելի շուտ՝ քո հեչ պետքն էլ չի: Դու ունես մի քանի քառակուսի մետր տարածք ու քո գլուխը: Վերջ:
Ինչևէ, Դուք հարցեր էիք բարձրացնում, և դա ինձ ուրախացրեց. միասին կբողոքենք: Դուք խորհում էիք մարդկանցից, արժեքներից, ազատության սահմանափակությունից, իսկ ես համարձակվեցի հետևել Ձեզ:
Հենց սկզբից ստիպեցիք մտածել թանկության մասին:
Ես էլ Ձեզ հետ շրջում էի քաղաքով՝ նայում քանդակներին, ու գիտե՞ք, զարմանալիորեն, ես էլ անհանգստացած էի: Դուք նայում էիք քանդակներին, ես էլ:
Մարդը միշտ էլ ազատություն է փնտրել, երազել ու յուրովի՝ հասել դրան: Փորձել է հասկանալ իրեն:
Արձաններ սարքի՛ր: Ինչի՞ համար: Քո ո՞ր պահանջմունքն ես բավարարում:
Ինչ որ հաստատ բա՞ն ես ստեղծում, ստաբիլ: Այդպես ապահո՞վ ես քեզ զգում:
Թե՞ մեղքերդ ես քավում ինչ որ մեկի հանդեպ. ինչ որ մեկի, ինչ որ բանի, ինչ որ ազգի, ինչ որ մարդկության, քո մարդկայնության:
Մշակույթ ես ստեղծում, գեղագիտական հաճույք պետք է ստանաս, որ հետո զգաս քեզ քո իսկ սարքած քաղաքակրթության ու մշակույթի ծուղակում, որ հասկանաս դրածդ պայմանականությունների, ձևականությունների շատությունից խեղդվում ես, ուզում ես ոռնալ:
Ոռնա՛ , չի փրկի: Հետո քեզ կիսագազան կզգաս ու կսկսես մեղադրել, թե տափաստանի գայլ ես, թե բավականաչափ լավը չես , այնուամենայնիվ, այս քաղքենի աշխարհի համար:
Մենք ստեղծել ենք մշակույթը, որպես մարդկային բնության ճնշման գործիք:
Թերևս երևի արձաններ սարքողներն իմ նման մարդիկ են, ովքեր փորձում են գտնել մնայուն մի բան: Փորձել են հասկանալ, թե կա այդպիսին. Գուցե հասկացե՞լ են:
Ամեն ինչ այնքան անկայուն է, իսկ կայունությունն այնքան ձանձրալի, որ լինելով անգամ ամենալավատես մարդը, հեշտությամբ կարող ես գուշակել, որ քեզ կյանքը այնքան կտարուբերի, մինչև կդառնաս սովորական ու չմտահոգվող, անտարբեր ու եսասեր, ցանկասեր, պճնամոլ կամ էլ` եսիմ: Դու չափուձևած, քաղքենի, ձևական հասարակության օրինակելի անդամ ես, ում գաղափարները քոնն են, ու որի բաղկացուցիչն ես դու:
Մենք սովոր ենք հետևել ընդհանուր միտումներին:
—Աշխարհն այդպիսին է, դրա համար ես էլ եմ այդպիսին:
Հարցեր չկան, դու արդարացված ես: Եղիր քո ուզած տականքը: Մինչդեռ ամեն ինչ մեկ հոգուց կարող է կախված լինել՝ քեզնից:
Երևի ամբողջ կռիվն այն է, որ մարդն իրենով է չափում մյուսներին՝ չափում, վերաչափում ու չի հասկանում:
Տարիներ շարունակ, հարմարվել ենք, դիմացել: Տարիներ շարունակ մեր արդարությունը նսեմացել է անարդարի մշտական շահերի կողքին:
«Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրան կտրում ա, ասեց` կոթը քեզնից ա»:
Ու այսպես մեզ կտրող կացնի առնվազն կոթը մեզնից է: Բայց մի՞թե դա արդարացրե՞ց կացնին: Արդարացրե՛ց, ու արդարեցնողը ոչ թե դատավորն էր, այլ մեր մտածելակերպի մի հատված: Մենք սովոր ենք լռեցնել անարդարության ձայնը՝ լռեցնելով արդարինը:
-Սուս կացե՛ք, հավեսներդ չունենք: Եթե մեկը զանգակ է, մյուսը պետք է լինի բամբակ. շտապե՛ք, «զանգակ» տեղերը սահմանափակ են:
Մեզ մանկուց սովորեցնում են լռել…
«Հոգու ծուլություն»՝ շատ դիպուկ բնորոշում էր:
Հոգով պետք է ծույլ լինես, որ չցանկանաս հասկանալ, ըմբռնել, գիտակցել: Հարգելի մարդ, դու ո՞նց ես կարողանում այդպես վիրավորել, այդպես արհամարհել:
Դու ավելի մեծ անարդարություն ես գործում, բոլոր այն անարդարություններից:
Ես չեմ քննադատում փոփոխությունների նկատմամբ Ձեր անհանդուրժողականությունը:
Ես հասկացա Ձեզ: Հարցը ոչ թե փոփոխություններն էին, այլ անհիմն փոփոխությունները, անձնական շահ հետապնդող փոփոխությունները:
Խորհրդային միության փլուզումից հետո սկսվեց սեփականացման գործընթաց, կամ «առ ու փախ»: Մարդիկ երևի կարծում էին, որ դա Խորհրդային միությունից մնացած ավար է ու անասելի դաժանությամբ սկսեցին թալանել սեփական երկիրը:
Ես գիտեմ պատմություններ, որտեղ մարդիկ ուղղակի մասերի են սղոցել բազմաթիվ թանկարժեք մեքենաներ, սարքավորումներ ու պարսիկներին ծախել՝ շատ ավելի էժան գնով, 1-2 օրում, առանց ափսոսանքի, առանց երկմտանքի, առանց մեկ կաթիլ գիտակցության:
Վայրագություն անողներին հիշում են: Ամեն հարմար առիթով հիշում են:
Քաղաքս էլ կրում է իր վրա քարուքանդ արված գործարաններ, այլ շենքեր, հիշողություններ: Սարսափելի ափսոսում եմ, չնայած չեմ տեսել:
Ի՞նչն էր ստիպում այդ մարդկանց այդպես վարվել:
Այդպիսի սառնասրտությամբ երկիը թալանվում էր սկսած սեփականեցման գործընթացից:
Եթե սկզբնական շրջանում թալանը համատարած էր, ապա որոշ ժամանակ անց թալանչիների թիվը կրճատվեց և մնաց ստաբիլ մինչև 2018 թ-ի գարուն: Վնասը շատ մեծ է, բայց վնասի չափերն այդքան տպավորիչ չեն, ինչքան՝ մարդկային ագահության:
․..Երևի հասկանում էին, որ չէին կարող կանգ առնել, այդ իսկ պատճառով հույս ունեին, որ ուտելիքն ավելի շուտ կվերջանա:
Այս ամենը բնության օրենք չէր, այս ամենը անհաջող գործարք էր: Հասկացանք ու պայմանագիրը պատռեցինք: «Խի՞, տե՞նց կարելի էր»:
Պայմանագիրն էր սխալ կազմած, կամ գուցե կողմերը չէին ըմբռնել իրենց իրավասության շրջանակները, ինչևէ, այլևս այդպես չպետք է լինի. Չպետք է լինի, եթե իհարկե չհայտնվեն քանդակագործներ, ովքեր սեփական շահի համար ամոթով կթողնեն իրենց արվեստը: Խոսքը ոչ թե քանդակագործների մասին է, ովքեր սեփական շահի համար ամոթով են թողնում իրենց արվեստը, այլ՝ մարդու տեսակի, որը կոչվում է «քանդակագործ, ով սեփական շահի համար ամոթով կթողնի սեփական արվեստը»: Սովորակա՞ն մարդկային մղում է ցանկանալ դուր գալ քեզնից բարձր կանգնածին, երբ նա քեզ դուր չի գալիս, ամենևին:
Մեղքի զգացումը երևի անհարմար բան է: Պետք կլինի երկար համոզել ու խաբել այն՝ անիրավ լինելու համար… Կամ էլ չէ: Որոշ մարդկանց վարքը հիմնավոր կասկածներ է առաջացնում խղճի գոյություն չունենալու վերաբերյալ:
Արդեն շատ բան է փոխվել ու դեռ փոխվելու է, ու հույս ունեմ, որ փոխվելու են դեռ չփոխված ձևական մոտեցումները: Ձևականությունն ամենուր. վերևում, ներքևում, շուրջս, իմ մեջ. ամենուր:
Ձևականություններն այժմ փող լվալու ու խիղճ լվալու մեխանիզմներ են: Անում ենք, որ երևա արել ենք:
Ուղղակի ցիտեմ. «Հոծ գիծը դարձնում են ոչ հոծ, բայց հոծությունը մեջը մնացել է»:
Բա, բա, բա…
Բա՛…
Չնայած իրականում փոխվել է ամենակարևորը: Մի տարի առաջ ես նստած կլինեի գրելու հայաստանյան վիճակի մասին ու կգրեի ամեն մի թերություն, կբողոքեի, կսրտնեղեի, բայց այսօր՝ գրելուց մտածում եմ, թե շատ խի՞ստ չեղավ: Սա ոչ թե ինչ որ բան ծածկելու տրամադրվածություն է, այլ ինքս ինձ ու երկրիս տված հնարավորություն:
Խնդիրներ հիմա էլ կան, միշտ կլինեն։
Այս արձանները, համենայն դեպս դրանցից որոշները, մարդիկ են եղել, ում մոռացել են կենդանության օրոք: Տարածված կարծիք կա, թե լավ մարդիկ միայն մեռելներն են: Դե հա, իրենք քեզ ոչ մրցակից են, ոչ սեփական ոչնչությունդ զգալու դրդող, ոչ էլ մշտական շահերիդ վտանգ:
Մարդը մարդուն չի մեծարի: Բայց էդ երևի ոչինչ: Մարդկությունը վաղուց ներել է իրեն այդ զանցանքը:
Մարդիկ մեռածներին չեն քննադատում, համենայնդեպս փորձում են դա չանել, բայց ի՞նչ անի այն խեղճ հերոսը, որ հերոսացավ կենդանության օրոք: Կքննադատվի, կոտնահարվի, նրան հավատ չեն ընծայի, բայց հարգելի հերոս, համբերի՛ր: Չեմ ասում համբերիր, մինչև հերոսանաս բոլորի աչքերում, այլ գործդ շարունակիր: Արա այն, ինչ տանում է ընդ բարին:
Իրականում Հայաստանը մեծ երկիր է, ինչքան էլ նսեմանա տարբեր գործոնների ազդեցությամբ: Ինձ թվում է միայն մենք գիտենք, թե ինչ է նշանակում, երբ շունչդ կտրվում է հայրենասիրության զգացումից, ոչ այն մեկից, ինչ միայն դու ես զգում, այլ այն մեկից, որի պատճառով ոտքի են բոլորը, գոռում են, պայքարում են:
Ու այն պահին, երբ շունչդ այդպես կտրվում է, հասկանում ես, որ արժի ապրել: Ձե՞ռ ես առնում, ո՞նց թե արժի: Միայն հենց այդ պահի համար դու կապրեիր մի հավերժություն ու այդպես շնչակտուր կգոչեիր իսկությունդ. «Հայ եմ ախպեր, կայֆ ա!»:
Ուրիշ հարց է, որ մի տարի հետո կարող է և մոռանաս այդ ձգտումդ ու ինչ որ կասկածներ էլ կունենաս ու լիքը կենցաղ: Բայց դե չփչացնենք ռոմանտիկան, միևնույն է, մենք էն ազգն ենք, որ վտանգի դեպքում էնպես ոտքի կկանգնենք, որ մեր շունչն էլի կկտրվի հպարտությունից, իսկ թշնամունը՝ ուղղակի կկտրվի:
Կարծում եմ, համընդհանուր խնդիրները լուծելու համար պետք է սկսել մասնավորից: Տարօրինակ լավն ենք մենք:
Կանգ ես առնում մի վայրկյանով ու փորձում հասկանալ այդ վայրկյանը, իսկ վայրկյանն անցնում է, այն ըստ էության կարևոր էլ չի եղել. թող անցնի:
Մարդուն տրված մեծագույն օրհնանքն ու անեծքը մոռացությունն է: Մենք մոռանում ենք մեր ապրած վայրկյանների կարևորությունն ու կյանքը սարքում՝ անկարևոր, նույնիսկ մեզ համար:
Մենք անկեղծորեն ուրախանում ենք, սիրում, հպարտանում, մեծարում մի բան: Ինչ որ վայրկյանի մենք ամբողջ ուժգնությամբ զգում ենք կյանքը, նրա ընթացքը, սեր, երջանկություն կամ վախ: Այդ ամենն ամենաուժեղ փոթորկի նման ցնցում է մեզ ու … Ու վերջ:
Մենք մոռանում ենք.. Այդ ամենը մեզ հետ է կատարվել, բայց հիմա ամեն ինչ այսպես է: Դե բան էլ չկա ասելու: Կհիշենք, կժպտանք, հոգոց կհանենք ու կշարունակենք անել մի շատ կարևոր գործ, սարսափելի կարևոր գործ: Նորմալ չի, ախր: Մարդ, ինչո՞ւ ես մոռանում:
Ո՞ւր են գաղափարներդ ու անկեղծ մղումներդ: Կարևո՞ր չեն:
Փայլող աչքերով նայում էիր հազարներին ու զգում, որ սիրտդ հարգանքն ու հիացմունքն է լցնում:
…Եթե հավատում էիր, հավատա մինչև վերջ:
Մենք ենք կյանքում ամեն ինչ անցողիկ սարքել: Ի սկզբանե այդպես չէր լինի:
Ես տպավորված էի Ձեր երազով:
Երբ փոքր էի, մի երազանք ունեի՝ դառնալ ռեժիսոր, սովորել նկարել երազներ այնպես, ինչպես դրանք կան:
Այդ երազանքիցս հույսեր չունեի, բայց հիմա տեսնում եմ, որ երազներ պատկերել հնարավոր է, և զգացողությունն է ճիշտ՝ մակոնդոյան:
Գուցե Մակոնդոն էլ էր մի մեծ երազ՝ գրողի մանկության մասին երազը:
Մարդիկ ու իրեր, որոնք իրենց տեղում չեն, այնպես, ինչպես այն շենքերը: Ափսոսեցի, որ Ձեր ընկերը գնաց մաթեմատիկական թեքումով:
Այնքան բան կա, որ կարող է` անչափ կարևոր է, բայց երբեք չես էլ իմանա, մինչև մի առավոտ չարթնանաս ու չհիշես լուսաբացի քաղցր երազդ: Տեսել ես հին սենյակդ, ուր արևի լույսն այդքան տարբեր էր ընկնում, օդն այդքան մաքուր էր, վաղուց մոռացված մեկին, ում պարզապես բարևում էիր միլիոն տարի առաջ, ով ուղղակի հավեսով էր բարևում, դպրոցիդ միջանցքը, որը յուրօրինակ հավաքատեղի էր քո թայֆի երեխեքի համար, ուր ինչ որ բանի եք սպասել, ուր ինչ որ գժություն եք արել, կամ խաղալիք. դու դեռ էնքան փոքր էիր, ու էդ խաղալիքը, փաստորեն, ամենասիրելին էր, ինչ որ վայրերի պատառիկներ:
Արթնանում ես ու հասկանում, որ կարոտել ես պարզը:
Հիշում ես մանկությունդ, երբ քայլում էիր այդքան ծանոթ փողոցով ու ինչ որ մտքեր մտածում: Ինքդ քո հետ, այստեղից, այնտեղից, ամեն ինչից ու ոչնչից, իսկ հետո, երբ մեծանաս, մի ինչ որ հիմար, հեռու գաղափար կգտնես գլխումդ ու չես հասկանա, թե որտեղից:
Մի՞թե այդ գաղափարը կարևոր չի: Ամենա՛կարևորն է:
Շատ թանկ, ավելի թանկ այն բոլոր հասուն ու խելացի մտքերից, կշռադատված որոշումներից, հաշվենկատությունիցդ:
Ինքս ինձ հետ խոսելու երթուղին…
Անցել է ավելի քան 150 տարի, այնքան բան է փոխվել, բայց հենց այդ փողոցն է ինձ ստիպում մտածել, ինչպես ինչ որ հաջողված ֆիլմ, ինչպես գրքերը, ինչպես այս գիրքը:
Երբեմն մենք երազում ենք մանկություն վերադառնալու մասին: Բայց դեպի լավագույնը ձգտելու ճանապարհը պետք է տանի ոչ թե անցյալ, այլ՝ ապագա:
Դեպի անմեղություն, դեպի ոչ արարչություն, դեպի Աստված ճանապարհը տանում է ոչ թե դեպի ետ, այլ առաջ, ոչ թե դեպի գայլը կամ մանուկը, այլ ավելի մեծ մեղք, ավելի խոր մարդկայնացում:
Մենք հասանք լավագույնին։
Երկիրը ես եմ: Մենք դա հասկացանք: Մենք հասկացանք, որ մենք ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է, մենք հասկացանք, որ ուժեղ ենք, անկոտրում, միասնական: Մենք հասկացանք, որ սիրում ենք ամեն մի քարն ու թուփը, մարդկանց՝ բոլոր մարդկանց, ամբողջ աշխարհը: Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում ժպիտով գնալ վտանգի, մենք հասկացանք, որ հայրենիքի համար ոչինչ ափսոս չի տալ, մենք հասկացանք, որ մեկ ընտանիք ենք, այնպիսին՝ ինչպիսին աշխարհը չի տեսել: Մենք չկոտրվեցինք: Հպարտություն: Շատ Հպարտ եմ, շա՜տ: Ես հիմա ամբողջովին հպարտություն եմ, հավատ և երջանկություն:
Հայոց աշխարհը միայն հյուսիսային ազգերից չէ մեծագույնը, և մեզ այլևս ողբ պետք չէ:
Հ.Գ. Հույս ունեմ, որ այս երկու տառերը չեն դարձնի ասվածը պակաս կարևոր, որովհետև դրանց հետևում կցանկանայի ասել, որ այս պատմվածքը եկավ լրացնելու իմ ֆավորիտների դեռ լիովին չկազմավորված ցանկը: Ինձ համար այս պատմվածքը երկխոսություն էր, ինչն ավելի քան տպավորիչ էր դարձնում այս ամենը (չգիտեմ ինչպես անվանել): Ես կարդում էի, ոգևորվում կարդացածովս ու փորձում հասկանալ, թե ինչ եմ մտածում: Ոգևորվում էի հասկացածովս ու ոգևորությամբս, ավելի ճիշտ՝ ոգեշնչվածությամբս:
Փակագծեր կային, որոնք բացել էր պետք, իսկ բացելով փակագծերը, բացվում էին սեփական երևակայությանդ դռները:
Հարազատ էր նաև գրելաոճը:
Ոճը՝ ամենաժողովրդական գրողի ու փիլիսոփայական մտածողության մեջտեղում:
Ոչ թե ոսկե միջինը, այլ ինչ որ ծայրահեղականություն, որը ավելի քան պարզ է, բայց խոսում է բարդություններից:
Դուրեկան էին կտրված մտքերը, մտքերի պատառիկները, զգացողությունները, որոնք տանում էին դեպի բուն ասելիքը: Իսկ դու ի սկզբանե չգիտեիր, թե ուր ես գնում:
Քննադատության ոչ մի խոսք չեմ կարող ասել, որովհետև այդպիսիք չկան:
Ուստի շնորհակալություն: Շնորհակալ եմ նման պատմվածքի համար, նման հնարավորության համար:
Հույս ունեմ, որ գիրքը մեծ հաջողություններ կունենա ու երկրպագուների մեծ բանակ կհավաքի, և այս նախաձեռնությունը կդառնա հաջողությանն ընդառաջ դրված քայլերից մեկը: