Seroj araqelyan

Եթե ունես նպատակ

Ոչ մի դաշտ, նստի՝ դաս արա

Գիտե՞ք՝ փոքր ժամանակ էս արտահայտությունը լսելիս ինչքան եմ լացել: Շատ-շատ: Այսօրվա նման հիշում եմ: Փոքր ժամանակ դասից գալիս էի ու պայուսակս՝ կիսագցել, նստում հեռուստացույցի առաջ: Երևի կհիշեք «Հզոր ռենջերներ» արկածային մուլտֆիլմը: Դա նայում էի և գնում հաց ուտելու, չնայած նրան, որ միայնակ պետք է հաց ուտեի. տնեցիները չէին սպասում, թե երբ պիտի ավարտվի մուլտֆիլմս: Դե ինչ, դասից եկել եմ, հացս կերել եմ, իսկ հիմա գնամ դաշտ:

-Մամա, «բոցիներս» որտե՞ղ ա։

-Ո՞ւր ես գնում։

-Դաշտ, մեր դասարանի Արմանն ասաց՝ էսօր մեծերի հետ ենք ֆուտբոլ խաղալու, ու գնում եմ, քանի չեն սկսել:

-Ոչ մի դաշտ, նստի, դաս ես անելու ու մինչև չվերջացես՝ մոռացի դաշտը:

Փոքրիկ դպրոցականի անմեղ դեմքով ու խուճուճ մազերով կերպարով էլ չկարողացա համոզել և լացելով նստեցի դաս անելու: Հիշում եմ՝ «Լ» տառն էի անցնում: Կարդում էի բառերը, բառերը վանկերի բաժանում և կարդում այբբենարանի տակ գրված շատ փոքրիկ մի քանի տողանոց տեքստը:

-Մամա, կարդացի, կլինի՞ գնամ։

- Չէ, չես գնում: Պիտի ջրի նման վարժ պատասխանես՝ առանց կմկմալու։

Արդեն տասնհինգերորդ անգամ էի կարդում, բայց միևնույնն է, դեմքս դեպի գիրքն էր, իսկ միտքս՝ դեպի դաշտը, ականջներիս մեջ էլ՝ գնդակի ձայն: Այս մտքերի մեջ ես չէի կարողանում կարդալ և ինչքան կարդում էի, այդքան ավելի վատ էր ստացվում: Ամենից լավ եմ հիշում, երբ արցունքներս մաքրելով ասում էի՝ «լո-լիկ» ու անցնում հաջորդ բառին: Այդ ժամանակ ինձ օգնության եկավ տատիկս։

-Տատիկ, դասս շատ կարդացել եմ, կլինի՞ դաշտ գնամ:

-Հաստատ գիտե՞ս։

-Հա։

-Դե գնա։

Առիթից օգտվեցի և վազեցի դաշտ: Իսկ մայրիկս այդ ժամանակ բնականաբար կողքիս չէր: Դե ինչ, գնացի, անգամ չխաղացի, ուղղակի պետք էր դասերից փախչել ու գնալ ընկերներիս մոտ: Բայց, դե երեկոյան տուն գալուց հետո պատասխան տվեցի խաբելու ու դասս կիսատ թողնելու համար: Մինչև կեսգիշեր բոլոր տնայիններս գրեցի և խիստ նկատողություն ստացա:

Շատ ժամանակ, երբ դասից գալիս էի, ինձ չմատնելու համար էլ չէի հարցնում, թե որտեղ են Մեսսիի կամ Ռոնալդուի «բոցիներս», թե չէ էլի կասեին՝ ոչ մի «բոցի», նստի՝ դաս արա:
Չնայած, դա էլ չէր աննկատ մնում, երբ տեսնում էին՝ պայուսակս կա, իսկ ես չկամ, դպրոցի կոշիկներիցս էլ մեկը դռան մոտ է, իսկ մյուսը՝ խոհանոցի շեմին: Իսկ կոշկամանից պակասում էր մեկ զույգ բոթաս, որոնց մասին հարցնելիս ես միշտ մատնվում էի:

Անընդհատ լսում էի «Սովորի, գնա լավ մարդ դառի» արտահայտությունը: Ես էլ համառի նման ասում էի՝ ես առանց սովորելու էլ լավ մարդ եմ: Անցան այդ տարիները, և այբբենարանս դարձավ պարապմունք՝ նկարչություն, գույներ, ներկեր, և մի ուրիշ ստեղծագործական աշխարհ մտա ես: Էլ չէի ասում՝ կլինի՞ դաշտ գնամ: Արդեն իմ կամքով էի նստում սովորելու, հետո էլ՝ կատարում պարապմունքի հանձնարարություններս: Ճիշտ է, շատ ժամանակ նեղվում էի ընկերներիս առաջ արդարանալուց, որ դասի պատճառով չեմ եկել խաղալու կամ սահնակ քշելու, բայց այսօր ես շնորհակալ եմ ծնողներիս, որ ինձ հետ խիստ են եղել և կամքիս հակառակ՝ նստեցրել և դաս անել են տվել: Եթե թողնեին, որ ես ամբողջ օրը դաշտում անցկացնեի, դասերիս ուշադրություն չէի դարձնի։

Շատ ժամանակ, երբ համալսարանից գնում եմ տուն՝ մեկ մետր տրամագծով տախտակը ուսիցս կախած, տեսնում եմ շենքի տարածքում նստած իմ հասակակիցներին, ովքեր ամբողջ օրը ծխախոտը ձեռքներին կանգնած՝ հեռախոսով հարցեր են քննարկում, կամ ամբողջ օրը այդտեղ նստած են անցկացնում: Մեկ-մեկ ասում եմ՝ երանի իրենց, ինձ նման ամբողջ գիշեր չեն նստում գծում, ջնջում կամ ինձ նման նստած քնում: Հետո էլ ասում եմ՝ չէ, չէ, էս ինչ եմ մտածում, բա ո՞ւր մնացին նպատակներս ու դրանց հասնելու համար դժվարություններ հաղթահարելը, չէ՞ որ ես տարիներով եմ նկարչություն սովորել, ու հաստատ տարիների աշխատանքը չարժի փոխարինել պարապ, անգործ և անիմաստ ապրելու հետ: