Հունիսի 27-29-ը Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջնորդությամբ իրենց ակտիվ հանգիստն էին անցկացնում ինչպես կրթահամալիրի միջին դպրոցի աշակերտները, այնպես էլ այլ դպրոցների երեխաներն ու պատանիները։ Նրանց թվում էի նաև ես:
-Ճամբարը կրում է ամենամյա բնույթ. ամեն տարի կրթահամալիրը հնարավորություն է ընձեռում դպրոցականներին մի քանի օրով կտրվել սովորական առօրյայից, համատեղել հանգիստն ու զարգացումը, ձեռք բերել ինքնուրույնություն, տարբեր հմտություններ ու նոր ընկերներ,- նշում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ, մեր խմբի պատասխանատուներից մեկը՝ Լուսինե Ներսեսյանը:
Մասնակիցների տարիքը տատանվում էր 6-17 տարեկանի սահմաններում, ու յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատկությունը. մեկն ուներ գիտելիքների լայն պաշար, մյուսը՝ բազում ունակություններ, երրորդը լավ սպորտսմեն էր։ Իսկ նրանց գիտելիքների ու ունակությունների մասին պատկերացումն արդեն հասցրել էի կազմել ճանապարհի ընթացքում՝ նրանց հետ զրուցելով։ Տեղ հասնելուն պես ճամբարային կարգուկանոնն ու կազմակերպվածությունը հաստատված էր։ Ամեն խումբն անցավ մի գործի. մեկը տեղանքին էր ծանոթանում, մյուսը՝ վրան էր տեղադրում, մի մասը հարմարվում էր իրենց հատկացված տնակում, մինչև բոլորս տեղավորվեցինք։ Տեղավորվելուց ու սնվելուց հետո, իհարկե, չէինք կարող դիմանալ կապուտաչյա գեղեցկուհու գայթակղությանը. լողալուց ու հանգստանալուց հետո անցանք գիտամարզական զբաղվածության։ Ընթերցանության ժամ էր, կարդում էինք Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» գիրքը։ Գտնվելով նույն Սևանի ափին, ընթերցելով պատմվածքները՝ ավելի էինք ընկղմվում բնության հրաշքի մեջ։ Այնուհետև հաջորդեցին մարզական ու զարգացնող խաղեր։ Իսկ մայրամուտին Սևանն ավելի գեղեցկացավ ու կանչեց իր ափի մոտ՝ հիանալու իրենով: Մերոնք սկսեցին երգել ու պարել՝ օրն ուրախ ավարտելով։
Հաջորդ օրը սկսվեց մարմնամարզությամբ, ապա սկսեցին պատրաստվել քայլարշավի՝ դեպի մոտակա բլուրը, որտեղից երևում է Սևանի մեծ մասն իր ողջ հմայքով:
Թեև ես ապրում եմ լեռներով շրջապատված բնակավայրում և բլուր բարձրանալն ինձ այնքան էլ յուրահատուկ չէր թվում, բարձրանալուց հետո հասկացա, որ ամեն օր ու ամեն լեռ բարձրանալիս չէ, որ նման կախարդական պատկերի ականատես կլինես ու ամեն օր չես տեսնի նման անկեղծ ոգևորությամբ լեռան գագաթը ձգտողների, որոնք թեև շտապում էին հասնել բարձունքին, միևնույնն է, չէին մոռանում միմյանց օգնելու մասին։
Քանի որ խոսեցի օգնելու մասին, չեմ կարող չնշել նաև պատասխանատուների հոգատար վերաբերմունքի մասին, որոնք այդ օրերի ընթացքում երեխաներին հետևում ու ամեն հարցով աջակցում էին այնպիսի ուշադրությամբ ու պատրաստակամությամբ, ինչպես վարվում են սեփական երեխայի, եղբոր կամ ընկերոջ հետ։
Բարձունքը հաղթահարված էր, և այնտեղից որպես պարգև բացվող գեղեցկությունը վայելելուց հետո վերադարձանք ճամբար։
Երեկոն իր հետ բերեց տեղանքին հատուկ ցուրտ, որը մենք որոշեցինք հաղթահարել խարույկի ու տաք զրույցների միջոցով:
Հաջորդ օրն արդեն վերադառնալու ժամանակն էր։ Մեր փոխարեն ակտիվ հանգիստը վայելելու հերթը կրկին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջնորդությամբ ժամանած մյուս խմբինն էր։
Կարծում եմ՝ գովելի է կրթահամալիրի այսպիսի գործունեությունը, որը հնարավորություն է ընձեռնում ծրագրերից օգտվել ոչ միայն տվյալ կրթահամալիրի, այլ նաև այլ դպրոցների աշակերտներին։ Կուզեի, որ նման նախաձեռնություններ հաճախակի լինեն նաև մարզաբնակ երեխաների համար և ավելի երկար ժամանակով, քան մեկ-երկու օրն է։ Ես այս օրերին ավելի շատ համոզվեցի, որ մեր սերունդը լավն է, մնում է միայն օգնել ու ոգևորել նրանց՝ կանգնել ճիշտ ուղու վրա ու առաջ շարժվել։