Տարրական դպրոցից հետո առաջին անգամ իջնելով մարզադահլիճ, ծանոթացանք մեր երիտասարդ ուսուցչի` ընկեր Գարիկ Մովսիսյանի հետ: Հիշում եմ այդ պահը: Ծանոթանալիս շարք պետք է կանգնեինք ու ոչ մի կերպ չէինք կարողանում, կամ ուղիղ չէր ստացվում, կամ էլ մեջքներս ուղիղ չէինք կանգնում զգաստ հրահանգից հետո, իսկ որոշներն էլ դժվարանում էին մեկ-երկու հաշիվ տալ: Բայց մեր բոլոր սխալները դեռևս անծանոթ ուսուցիչս շտկում էր հումորով: Այդ օրը երևի ավելի շատ ծիծաղեցինք, քան ֆիզկուլտուրա արեցինք: Հրաշալի ժամ էր: Հաջորդ օրվանից օրերն ու րոպեներն էինք հաշվում, թե երբ է նորից լինելու ընկեր Մովսիսյանի ժամը, իսկ զուգահեռ դասարանները միշտ ասում էին.
-Երանի ձեզ, որ ընկեր Մովսիսյանն է դաս տալիս:
Չէ, ճիշտ էին, իրոք երանի նրանց, ովքեր ճանաչել են նրան: Բարի ու ընկերական այս ուսուցիչը առողջ ապրելակերպի ջատագովն էր ու լավագույն օրինակը:
Ամեն մի աշակերտ դառնում էր նրա ընկերը: Բոլորի մասին մտածում էր, բոլորի վրա հայրաբար բարկանում, երբ կարիքը կար, սրտացավորեն աջակցում ու խորհուրդներ էր տալիս: (Շատ աշակերտներ նշում են, որ նրան են պարտական իրենց ձևավորված մարդ տեսակի համար): Երբեմն, երբ դասի թեման մեր սրտով չէր լինում, ու սկսվում էր բողոքների շարանը, նա չէր բարկանում, այլ ուղղակի բացատրում էր.
-Երեխեք ջան, դասի պլանը 9 ժամ հանդբոլ է, հետո նոր կսկսվի բասկետբոլը: Չենք կարող չանել: Վատ խաղ չի, հետաքրքիր է, որ կանոնները սովորեք, խաղն էլ կսիրեք: 9 ժամը ի՞նչ է որ, արագ կանցնի, էդ ընթացքում տաքերն էլ կընկնեն, դուրս կիջնենք:
Վերջ: Բոլորը` մոռանալով, որ 5 րոպե առաջ բողոքի գիրք էին գրում, սկսում են խաղալ ու ծիծաղել, ինչը ամեն դասի անբաժան մասն էր:
Գիտե՞ս, նա գաղափար ուներ սպորտի բոլոր տեսակներից ու ճյուղերից, կարատե էր դասավանդում, ինքն էլ կարատեիստ էր` սև գոտի: Բասկետբոլի խմբակ ուներ, թեթև ատլետիկայի մրցումներ էր անցկացնում, դպրոցում շախմատ ու շաշկիի մրցաշարեր ու ձեռքի ուժի մրցումներ էր անցկացնում:
Նրան հարգելով, նրանից օրինակ վերցնելով ու նրան լսելով բոլորը սկսել էին հետաքրքրվել սպորտով, ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ կարելի է վնասակար սովորություն ձեռք բերել կամ առողջ ապրելակերպ չվարել, չէ որ ընկեր Գարիկը ասել էր` չի կարելի:
Անվերջ կարող եմ պատմել նրա մասին:
Եթե ճանաչում ես նրան` արցունքներիդ միջից մի ժպիտ կհայտնվի դեմքիդ, որովհետև նրա հետ միայն հնարավոր էր ծիծաղել` երկար ու անսպառ: Բայց նրա հիվանդության մասին լուրը մի մեծ հարված էր յուրաքանչյուրիս համար:
Վերջին շրջանում ամբողջ Չարենցավանը իր հետ հավասար վատառողջ էր, անհանգիստ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ կլինի այն, ինչ եղավ: Երբ լսեցի այդ բոթը, չհավատացի: Մինչև հիմա ոչ ոք չի հավատում: Ես ամենաշատն էի սպասում հրաշքի, հավատում էի, որ լավ կլինի, բայց այդ հրաշքը այդպես էլ տեղի չունեցավ: Ու մնաց միայն մի անպատասխան հարց. ինչո՞ւ…
Քաղցկեղը 21-րդ դարի ամենամեծ չարիքն է: Այդ ագահ հիվանդությունը փնտրում է, գտնում ամենալավերին ու տանում իր հետ: Իսկ հետո որքան ուզում ես հարցրու` ինչու՞, ո՞ւր, պատասխան չկա…
Կան մտքի և հոգու տիտաններ, ովքեր իրենց (անկախ նրանից` կարճ, թե երկար) կյանքում միշտ դառնում են էտալոն, ուսուցիչ, վարդապետ ու սենսեյ: Նրանց կորցնել չի կարելի, բայց դու ուղղակի մարդ ես` անզոր ու համակերպվող մարդ:
Հիմա կանգնած եմ պատուհանի մոտ: Անձրև է: Քանի օր է՝ երկինքն էլ չի հանգստանում:
Փոքր քաղաքը կորցրեց Մեծ Մարդու:
31 ծաղիկ թառամեց այդ օրը` նրա կյանքի ամեն մի ապրած տարվա համար…
Նա այնքա՜ն ծաղիկներ է տնկել իր հարազատների ու աշակերտների հոգիներում, այնքա՜ն գարուն է կրել իր ամեն օրում…Դրանում էլ կայանում էր ու կայանում է նրա մեծությունը:
Վստահ լինելով, որ երկնքից նայում ու ժպտում ես, անսահման սիրով ու կարոտով ասում ենք` մենք քեզ երբեք չենք մոռանա, մեր սիրելի Ուսուցիչ…