Բարև բոլորին։ Այսօր ցանկանում եմ ձեզ պատմել մի շատ հետաքրքիր փորձի մասին, որը ԱՄՆ-ում եմ ձեռք բերել։ Երբ սկսեցինք պատրաստվել դպրոց գնալուն, առարկաներ էինք ընտրում, ու ինձ առաջարկեցին լինել ուսուցչի օգնական, օգնել ուսուցչին նախադպրոցական տարիքի երեխաներին սովորեցնելու հարցում։ Քանի որ շատ եմ սիրում երեխաներին, որոշեցի փորձել։
Սկզբում շատ անսովոր էր, քանի որ երեխաներին, այն էլ՝ ամերիկացի, հասկանալու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ։ Իհարկե, խոսքը միայն լեզվին չի վերաբերում։ Բայց հետո սկսեցի հարմարվել, ու ամեն ինչ շատ հետաքրքիր էր ու ոգևորիչ։
Այդ տարիքի երեխաների հետ շփվելը մի քիչ բարդ է, քանի որ նրանք մեծ դժվարությամբ են հարմարվում ինչ-որ բաներ սովորելուն, դեռ ցանկանում են խաղալ։ Կան երեխաներ, որ իսկակապես ուզում են սովորել և պատրաստակամ են, կան նաև երեխաներ, որ սովորելու մասին լսել անգամ չեն ցանկանում և անընդհատ պատճառներ են գտնում ուրիշ բաներով զբաղվելու համար, միայն թե չսովորեն։ Այս ամենը իրականում շատ խառն է, աշխատատար և միևնույն ժամանակ՝ հետաքրքիր։
Բայց գիտե՞ք՝ նրանք իմ անունը ավելի լավ ու ճիշտ են արտասանում, քան շատ ամերիկացի մեծահասակներ։ Երբ մտնում եմ դասարան, Սոյերը բացականչում է.
-Ուսուցի՜չ, Սոնան եկավ։
Քայլին և Ռայլան վազում են ընդառաջ ու գրկում։ Նրանք միշտ բարձրացնում են տրամադրությունս։ Սա ինձ համար շատ կարևոր է և ուրախալի, քանի որ կարծում եմ, որ եթե երեխաները ինձ չսիրեն, ապա չեն լսի ինձ։ Իսկ իմ առաքելությունը նրանում է, որ նրանք հասկանան ինձ, լսեն և սխալ բաներ չանեն։
Մի օր, երբ հերթական դասի ժամն էր, երեխաներից մեկը, որի անունը Լոգան է, անմիջապես նկատեց իմ գիրք-կախազարդն ու հարցրեց․
-Ի՞նչ է սա։
-Գիրք-կախազարդ է, Լոգան։
-Ինչ-որ բան կա՞ մեջը գրված։
-Այո, ընկերներս են գրել, որ իրենց չմոռանամ։
-Կարո՞ղ եմ ես էլ իմ անունը գրել, որ ինձ երբեք չմոռանաս։
-Հա, կարող ես գրել։
Հետո հարցրի.
-Իսկ ես ի՞նչ պետք է անեմ, որ դու էլ ինձ չմոռանաս։
-Ինձ համար բացիկ պատրաստիր։
Շատ երեխաներ հարցնում են.
-Ամերիկացի՞ ես։
-Չէ, ես շատ հեռվից եմ եկել ու շուտով գնալու եմ։
Այս խոսքերը, ինքս էլ չգիտեմ՝ ցավոտ են, ուրախալի, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսը։
Երեխաներին շատ եմ սիրում ու ցանկանում եմ շարունակել այս ամենը։ Ո՞վ գիտի՝ ինչ հետաքրքիր արկածներ են սպասվում։