Զրույց «Թեյնիկ» անտիսրճարանի հիմնադիր Ավետիս Եգանյանի հետ:
Վանաձորցի երիտասարդները գրեթե միշտ զբաղմունքի պակաս են ունեցել: Այսինքն, ազատ ժամանակը հետաքրքիր կազմակերպելու համար հնարավորությունները չափազանց քիչ էին: Գիտե՞ք, մենք շատ երկար ժամանակ ինչ-որ փոփոխությունների էինք սպասում: Եվ մոտ մեկ տարի առաջ երկու երիտասարդ Վանաձոր բերեցին «Թեյնիկ» կոչվող փոփոխությունը:
-Ինչպե՞ս առաջացավ անտիսրճարան ստեղծելու գաղափարը:
-Ի սկզբանե այս ֆորմատին ծանոթացել եմ մոտ չորս տարի առաջ` Ուկրաինայում և Բելառուսիայում: Երբ վերադարձա Հայաստան, պարզեցի, որ Երևանում էլ են արդեն այդ ֆորմատով աշխատում: Ու մտածում էի, որ լավ կլիներ, եթե Վանաձորում էլ անտիսրճարաններ լինեին: Ժամանակի ընթացքում իմ ու ըկներոջս՝ Դավիթի մոտ այս գաղափարը ավելի էր հասունանում: Մենք երկուսս էլ աշխատում էինք, բայց չէինք կարողանում, կոպիտ ասած, տեղում նստել: Եվ արդյունքում վերջնականապես որոշեցինք, որ պետք է սրճարան բացենք: Ճիշտն ասած, չէինք ցանկանում անել մի բան, ինչը արդեն կար քաղաքում: Մենք ցանկանում էինք ներմուծել նորը: Այնպիսի վայր, որը դուրս կգար արդեն ավանդական դարձած սահմաններից:
-Ի՞նչ պատմություն ունի սրճարանի անվանումը:
-Իրականում «Թեյնիկ» անվան հետ կապված կոնկրետ պատմություն չկա: Մենք մեր առջև ունեինք ընդամենը մեկ պահանջ, որ անվանումը պետք է հայերեն լինի: Բացի այդ, այն նաև սրճարանի կահավորանքին պետք է համապատասխաներ: Մի քանի տարբերակ ունեինք, դրանցից մեկը «Անձրևանոց»-ն էր, որը ինչպես հասկացաք, Վանաձորի անձրևների քաղաք լինելուն էր վերաբերվում: Բայց անձրևանոցը երկար էր, ու դժվար թե տարածում գտներ, իսկ Թեյնիկը կարճ էր և սրճարանի բնույթին ավելի համապատասխան:
-Իսկ ինչպե՞ս սկսեցիք բացման աշխատանքները:
-Դե առաջին հերթին տարածքի ընտրությունն էր: Ես ու Դավիթը երկար ժամանակ էինք մտածում, թե որտե՞ղ ավելի հարմար կլինի և արդյունքում կանգնեցինք Քաղաքային այգու հարևանությամբ գտնվող այս տարածքի վրա: Տարածքը բարձիթողի վիճակում էր, և բավականին շատ աշխատանք ենք արել այն կարգի բերելու համար: Ինչ վերաբերում է կահավորմանը՝ մենք ամեն ինչ արել ենք մեր ձեռքերով և ամեն օր ինչ-որ նոր փոփոխություն ենք անում ինտերիերի մեջ: Փորձում ենք համադրել գեղեցիկը հարմարավետի հետ: Սրճարանի բացումը անընդհատ հետաձգվում էր ֆինանսկան և այլ խնդիրների պատճառով, բայց ի վերջո որոշեցինք էլ չձգձգել, և հունիսի 4-ին «Թեյնիկ»-ը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը:
-Ինչո՞վ է «Թեյնիկը» առանձնանում այլ վայրերից, ինչո՞վ է գրավում մարդկանց:
-Նախ և առաջ նրանով, որ մատչելի է: Առաջին հայացքից հնարավոր է թանկ թվա, բայց իրականում դու 2 ժամվա համար վճարում ես 500 դրամ և ունենում անսահմանափակ օգտվելու հնարավորություն: Իսկ հետո այստեղ հարմարավետ մթնոլորտ է, որը թույլ է տալիս լիցքաթափվել և հաճելի ժամանակ անցկացնել: Դրա համար կա գրեթե ամեն ինչ՝ երաժշտություն, գրականություն, սեղանի տարբեր խաղեր, երաժշտական գործիքներ՝ նվագել ցանկացողների համար:
-Կա՞ն արդյոք նոր գաղափարներ, որոնք մոտ ապագայում պատրաստվում եք իրագործել:
-Հիմա փորձում ենք հաճախակի կինոդիտումներ կազմակերպել: Մոտ շրջանում անգլերենի ակումբ կունենանք: Մենք չենք սովորեցնելու զրոյից անգլերեն, ուղղակի փորձելու ենք քիչ թե շատ անգլերեն իմացողների որոշ հմտություններ զարգացնել: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց նախատեսում ենք ամառային սեզոններին օգտագործել նաև դրսի տարածքը, փորձելով հետաքրքիր լուծումներ տալ:
-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում հիմա, համագործակցո՞ւմ եք այլ կառույցների հետ:
-Հիմա ամեն շաբաթ օր «Մաֆիա» ենք խաղում: Առաջ այլ սեղանի խաղեր էլ էինք խաղում, բայց «Մաֆիա»-ն միակ խաղն է, որ ժամանակի ընթացքում չի հոգնեցնում: Վերջերս անվճար կիթառի դասեր են լինում: Ունենում ենք նաև սեմինարներ: Նախորդ շաբաթ հյուրընկալել էինք Սամվել Գևորգյանին, ով «Քո սեփական բիզնեսը» գրքի հեղինակն է: Կազմակերպում ենք նաև ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ: Նկարները, որոնք հիմա զարդարում են «Թեյնիկ»-ի պատերը, այստեղ կազմակերպված ցուցահանդեսներից են մնացել: Հիմա համագործակցում ենք Երևանի «Team Time» անտիսրճարանի հետ:
-Ի՞նչ հետաքրքրությունների տեր մարդկանց է ավելի շատ գրավում «Թեյնիկ»-ը:
-Կարծում եմ մենք ավելի շատ հետաքրքրում ենք այն մարդկանց, ովքեր փնտրում են վայր, որտեղ կարող են ավելի շատ բան սովորել: Մենք բնականաբար այն մասսայի համար չենք, որը կոպիտ ասած, հետաքրքրություն է տեսնում միայն Տիգրան Մեծ փողոցով այս ու այն կողմ անելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ մեր հիմնական հաճախորդները 15-27 տարեկան ակտիվ գործունեությամբ զբաղվող մարդիկ են: Մենք արդեն ունենք հիմնական հաճախորդներ, ովքեր պարբերաբար մասնակցում են մեր միջոցառումներին և աջակցում մեզ, տարածելով «Թեյնիկ»-ը իրենց ընկերների շրջանում:
«Թեյնիկ» մտնելիս առաջին բանը, որ տեսնում ես, դա «Ուր տանում են մտքերդ» գրությունն է պատի վրա, և իրոք «Թեյնիկ»-ը վանաձորցիներիս համար դարձել է մի վայր, որտեղ տանում են մեզ մեր մտքերը, վա՛յր, ուր գնում ենք և չենք ուզում էլ հեռանալ: Նման փոփոխությունները ստիպում են մեր քաղաքին շարժվել ժամանակի հետ և նայել առաջ: