Ինչպես ասում են մեր համագյուղացիները՝ տաքերն արդեն ընկել են, իսկ դա նշանակում է, որ գյուղացիներն արդեն անցնում են իրենց հողագործական աշխատանքներին։ Ոմանք դաշտ են մշակում, ոմանք էլ՝ իրենց տան բակի հողամասը։ Այս տարի ոռոգման ջրի բացակայության պատճառով շատ մարդիկ չգիտեն, թե ինչ են անելու, վարկերն ինչպես են փակելու։ Մեր հարևաններից մեկը այս տարի իր 2 զավակներին բանակ ճանապարհեց` մնալով միայնակ իր ամուսնու հետ։ Մինչ այդ նրանք հողամաս էին մշակում հեկտարներով, այդ հարցում տղաներն էին օգնում, իսկ հիմա չկա օգնող ուժ։
-Ահ, ջուր էլ չկա էս տարի։ Դաշտը աշխատելով ավելի շատ փող կառնեմ, քան հող դնելով։ Ո՞ւմ հույսով էդ հողը դնեմ։
Մենք երբեք մեծ հողամաս չենք մշակել, միայն մեր բակի փոքրիկ հողակտորը։ Մայրս կանաչի է ցանում, լոբի, իսկ հայրս բավականին շատ նոր ծառեր է տնկել։ Մեր մեծ ծիրանենին չորացել է, ու այս գարնան միակ ծաղկած ծառը մեր հողամասի ամենափոքրիկ ծիրանենին է։
Մայրս, երբ հողամասում սերմեր էր ցանում, մեր հարևանն իր թոռնիկի հետ նույնպես բակում էր։
-Ալլա, հերիք ա էդ ծառերը ջրես։
-Չէ, տատի, ջրեմ, որ աճի։
-Այ բալա, բոլ ա, կնեխեն արմատները։ Սպասի ես էդ ջուրն անջատեմ, պրծնեմ։
-Օֆ, տատի, դե թողեք գործ անեմ…
Տեսնենք տարի ոնց կլինի: