-Րեխե~ք, ճամփեքը չուրացել են. կարանք արդեն տռանը խաղ անենք:
-Հա~, դուզ ա ասում. քանի օրերը տաք են, եկեք քնանք մորու:
-Քացինք…
Ու էսպես քանի ու քանի անգամներ ենք անհամբերությամբ սպասել օրերը տաքանալուն, որովհետև մի փոքր անձրևն էլ մեզ «զրկում էր» դրսում «գործնագործ» ու էլի լիքը խաղեր խաղալուց: Մենք միշտ տեղ գնալիս մրցում էինք, թե որ մեկիս կոշիկները ամենաքիչը կցեխոտվեն, իսկ էստեղ՝ Երևանում… էստեղ ցեխ չկա, էստեղ տաք օրերին այգուց բացվող անվերջանալի կանաչ տեսարաններ չկան, էստեղ քեզ համար գարունը չի սկսվում էն ժամանակ, երբ գնում եք ձնծաղիկ քաղելու ու դրանք ամենասիրելի ուսուցչուհիներին նվիրելու: Էստեղ շենքերի բարձրությունները չեն թողնում նկատել բնության ծաղկունքն ու զգալ, որ հեռվում՝ինչ-որ անհայտ տեղում, կրկին բացվում է ձնծաղիկը … Էստեղ չի իմ մանկությունը… Էստեղ հեշտ է ֆիզիկապես, էնտեղ՝ իմ հարազատ Չորաթանում՝ հոգեպես: Դե… Երևի, էլի: Կամ էլ ես եմ սխալվում: Էստեղ ամեն քայլափոխի սննդի կետ է, ու դու դրսում քաղցած չես մնա, մինչդեռ դպրոցում, երբ բուֆետը չէր գործում, մենք կռիվ էինք տալիս քաղցի հետ, ալարում էինք տնից բան բերել, ու գիտե՞ք ինչով էինք կշտանում. խակ ընկույզով: Իսկ դա, որ մեր լեզվով կոչվում է «կակալ», մաքրել և ուտելուց հետո քո ձեռքերը առնվազն մեկ շաբաթ սևանում էին, և ժավելը մի կերպ էր օգնում: Հա, հա, մենք հանուն դասարանցիներով մի բան ուտելու, էդպիսի բաներ էինք անում, ու թքած, թե սևանում էինք, կարևորը էդ ամենի մեջ դպրոցական (երևի թե մանկական) ջերմություն կար, իսկ հիմա՝ մնացյալ հուշեր ու կարոտ: Մենք երկար դասամիջոցին օգնում էինք դպրոցի նեքևում գտնվող տատիկին ցախերը տեխափոխել, ու գիտե՞ք՝ ինչու. որպեսզի թույլ տար իր բակից մանուշակներ հավաքենք ու փնջերով տանենք ուսուցիչներին, չնայած շատ հաճախ էդ գործընթացը էնքան երկար էր տևում, որ մենք ստիպված ուտում էինք մեր բաժին թուքումուրը, բայց դե էլի մենք անում էինք նույնը, էլի սիրահարված մեր գործին, էլի նույն հաճույքով, էլի նույն անկեղծությամբ:
Գյուղում ամեն մի անկյուն իմն էր, ամեն մի անկյուն մի հուշ էր ինձ համար, ամեն մի ճամփա տանում էր մեր տուն, ամեն անցնողի պարտադիր էր բարևելը, դիմացինը՝ թաղամասից նորություններ կորզելը, կամ էլ՝ գլուխգովելը, որ մեր թաղամասն ամենալավն է: Դե, հա, ում համար չի իր թաղամասը լավը…
Մենք մեր թաղում տուն էինք սարքել, կավիճով ներկել էինք պատերը, վերմակներով ծածկել էինք մուտքը, գդուլներից (կոճղերից) սարքել սեղանն ու աթոռները ու մեզ համար գտել էինք սնունդ. հարևանի ծառի խակ շլորներն էին, որոնք ձեռք բերելու համար մեզ պետք էր թաքուն ու անձայն մտնել այգի, երևի թե իսկական հետախույզի պես, որովհետև … Դե, պատկերացրեք:
Բայց էստեղ նույնիսկ մեր թաղը չեմ ուսումնասիրել: Միայն գիտեմ թաղամասի խանութի ու մի երկու փոքր բաների մասին, բայց կարող եմ ասել գյուղ տանող ճանապարհը առանց սխալվելու, նույնիսկ աչքերս փակ: Երևի թե ամենաշատը սպասում եմ էդ ճանապարհը նորից անցնելու ու էն հեռվում թողած մանկությունս գրկելու: