Առաջին սերիալները՝ որպես շարունակվող պատմությունների շարք, եղել են տպագիր, նախ՝ պարբերականների համարներում, ապա՝ առանձին գրքերում, որոնք, ինչպես մեր օրերի սերիալները՝ ավարտվում էին ամենահետաքրքիր հատվածներում՝ ընթերցողին ստիպելով անհամբերությամբ սպասել հաջորդ մասին: Տպագիր ամենահայտնի սերիալներից են Ալ․ Դյումա հոր գրքերը։ Սերիալային «օրինաչափությամբ» են գրվել և գրվում գրեթե բոլոր դետեկտիվ գրքերը։ Ռադիոհաղորդումներում ևս օգտագործել են այս սկզբունքը։
Հենց այս՝ շարունակ որևէ հետաքրքիր, անսպասելի հատվածում ավարտվելու հատկությունն էլ ռուս հայտնի սցենարիստ Ալեքսանդր Մոլչանովը համարում է առաջնայիններից սերիալների արտադրության մեջ: Ըստ նրա՝ «իսկ ի՞նչ է լինելու հետո» հարցն է, որ հեռուստադիտողին պահում է էկրանների մոտ: Նա ասում է, որ ցանկացած սերիալի սցենար պետք է գրվի այնպես, որ այս հարցը դիտողի մոտ առաջանա յուրաքանչյուր սերիայի վերջում։ Սա է հեռուստադիտողին ստիպում ամեն օր նույն ժամին միացնել հեռուստացույցը և սպասել սերիալին։
Սերիալների՝ օճառային օպերա անվանումը, ևս բավական հետաքրքիր, նաև հակասական պատմություն ունի: Դրանցից մեկն էլ այն է, որ առաջին հեռուստատեսային սերիալի հովանավորը եղել է օճառ արտադրող մի ընկերություն, որի գովազդով էլ պարբերաբար ընդհատվել է սերիալը: Սրանից հետո է, որ մարդիկ սերիալն անվանել են օճառային օպերա:
Սակայն, ինչպիսին էլ լինի օճառային օպերաների ստեղծման ու տարածման պատճառը, թեկուզև նմանն ընդհանրապես չլինի՝ փաստ է, որ այն այսօր մեր կյանքի անբաժան մասն է: Եվ, անկախ ցանակացած քննադատության՝ սերիալները նույնիսկ ինչ-որ չափով անփոխարինելի են թե՛ հայկական, թե՛ համաշխարհային հեռուստաեթերում։ Սերիալները, իրենց՝ եթերում հայտնվելու առաջին իսկ պահից, մեծ լսարան գրավելու ամենահաջողված միջոցներից են:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի
Այս օրերին Հայաստանում էր դրամատուրգ, սցենարիստ Ալեքսանդր Մոլչանովը, ում հետ վարպետության դասի շրջանակներում հանդիպում ունեցանք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
Ռուսական դետեկտիվ ժանրի սերիալների սցենարիստը սեփական փորձի և համաշխարհային սերիալարտադրության աչքի ընկնող օրինակների հիման վրա ներկայացրեց սերիալ նկարահանելու հիմնական սկզբունքները, հաջողված արտադրանք ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսները և այլն:
Ըստ նրա՝ ամենակարևորը հերոսի ընտրությունն է, և, ոչ միայն սերիալում։ Սցենարիստն ասում է, որ մինչ օրս անվերապահորեն ընդունվող կարծիքը, թե հեռուստադիտողը պետք է իրեն կարողանա նույնականացնել հերոսի հետ կամ փոխարինել նրան՝ այնքան էլ կարևոր չէ։ Հաջողված սերիալի հերոսը պետք է լինի մեկը, ում հեռուստադիտողը կցանկանա, կձգտի նմանվել։
Ալեքսանդր Մոլչանովը լավատեսությամբ էր նայում նաև հայկական սերիալների ապագային: Նա կարծում է, որ այն մեծածավալ, թեկուզ ոչ այնքան որակով աշխատանքները, որ տարվում են ոլորտում՝ անպայման կունենան իրենց արդյունքը, և մի օր հայկական սերիալները ևս կցուցադրվեն միջազգային հեռուստաալիքներով: