Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

MEDIA BEHIND THE SCENES, ՍԼՈՎԱԿԻԱ, ՕՐ 7-ՐԴ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ուղիղ մեկ շաբաթ ամեն օր քնած էի մնում ու նախաճաշում  այն ժամանակ, երբ ճաշարանը գրեթե դատարկ էր։ Իսկ այսօր անկախ ինձանից շուտ արթնացա, ենթագիտակցորեն հասկանալով, որ գնալու ժամանակն է։

Օրը սկսեց Նավիդի և Ալիի հետ նախաճաշելով: Նրանք  մեր հարևան Իրանից են, բայց այժմ Գերմանիայում են ապրում։ Գերմանիայում ապրելով հանդերձ, նրանք իրենց արմատներից եկած արևելյան համն ու հոտը չէին կորցրել, և հենց դա էր երևի պատճառը, որ նրանց  շատ սիրեցի։ Նախաճաշից հետո նրանց մեկնելու ժամանակն էր։ Բոլորիս գրկեցին, խոստանալով, որ շուտով կհանդիպենք Հայաստանում։

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

09։00 հավաքվեցինք սեմինարների համար նախատեսված սենյակում՝  մեկ շաբաթվա ամբողջ աշխատանքը ամփոփելու համար։ Յուրաքանչյուրս մեր թիմով պետք է ցուցադրություն ներկայացներ։ Մեր թեման մեդիագրագիտությունն ու քննադատական մտածողությունն էր։ Ցուցադրության միջոցով փորձեցինք ցույց տալ, թե ինչպես կարող է մեդիագրագիտության պակասը անդրադառնալ յուրաքանչյուր անձի վրա, հատկապես կարևորելով երեխաների մեդիագրագետ լինելը և անհրաժեշտ կրթության ապահովումը։ Մնացած թիմերից ինձ համար ավելի շատ տպավորիչ էր  Իտալիայի ներկայացուցիչներից մեկի աշխատանքը, ով միավորել էր իր երկու մասնագիտությունները՝ լրագրությունը և լեզվաբանությունը։ Մի հոդվածի օրինակով նա ցույց տվեց, թե ինչպես կարող են մարդիկ լեզվաբանորեն սխալ կառուցված նախադասությունները այլ կերպ ընկալել, և ինչպես են ազդում մարդկանց վրա հուզական բառերը։

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Այս շաբաթվա ընթացքում հասցրեցինք «Գաղտնի ընկեր» էլ խաղալ։ Ես լիտվացի Տոմայի գաղտնի ընկերն էի, ում անկողնու վրա երեկ քաղցրավենիք էի հասցրել թողնել։ Բայց ինքս գաղտնի ընկերոջից դեռ ոչինչ չէի ստացել և անհամբեր սպասում էի դրան։ Բոլոր թիմերի աշխատանքները ներկայացնելուց հետո սկսեցինք պարզել, թե ով ում գաղտնի ընկերն է։ Մեկը աչքերը փակած կանգնում էր շրջանի կենտրոնում, իսկ նրա գաղտնի ընկերը՝ մեջքի հետևում։ Հասավ իմ հերթը, կանգնեցի, և մի քանի վայրկյան հետո մեջքիս հետևում ծանոթ ձայն լսեցի, դա Յանն էր։ Յանի հետ արդեն հասցրել էի ընկերանալ, դե հասկանում եք, երկուսս էլ նույն հեռուստասերիալի սիրահարներ ենք, ինչպես կարող էինք չընկերանալ։

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Նվերս ստացա, և գնացինք ընթրելու։ Այսօրվա ընթրիքը նման չէր մնացած ընթրիքներին, որովհետև այն վերջինն էր Սլովակիայում։ Բակում հարազատ հայկական խորովածի հոտ էր ընկել, ինչը ավելի էր ախորժակ գրգռում: Ինչ խոսք, այն, ինչ համտեսեցինք,  հայկականին երբեք չի հասնի։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ընթրիքից հետո դեռ երկար զրուցեցինք, երգեցինք, ու եկավ մեր գնալու ժամանակը։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Հիմնականում նման պահերին նորմալ մարդիկ տխրում են, բայց ես այսօր տխուր չեմ, որովհետև ինչ-որ ներքին ձայն ինձ հուշում է, որ մենք դեռ հանդիպելու ենք․․․

Դե լավ, ես գնացի, մեզ դեռ Վիեննայում էլ են արկածներ սպասվում․․․

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի

Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի