08։00
-Դավ, Մարիամը ուշացավ, աչքիս քնած ա մնացել, սոված ա մնալու:
-Հա, հա, արագ գրի, տես չի պատասխանում` գնամ կանչեմ:
Ինչ եմ ուզում ասել. միջմշակութային միջոցառումներին նվիրված օրը սկսեցինք մեր մշակույթին բնորոշ երկու դրսևորմամբ՝ հոգատարություն, ջերմություն և ուշանալ։ Բայց լավ, սկսեմ սկզբից:
09։10
Օրը սկսվեց լեռնագնացությամբ, գնացքով ուղևորվեցինք Տատրայի լեռներ, ի դեպ ասեմ, որ Սլովակիայում այս լեռները ունեն այն նույն նշանակությունը, ինչ Արարատ լեռը մեզ համար։ Չգիտեմ, հիշո՞ւմ եք, թե՞ չէ, բայց էս ամեն ինչը տեղի է ունենում Սլովակիայի փոքր ու հեռավոր գյուղերից մեկում, դե, իհարկե, հեռավոր գյուղ ասելով նկատի չունեմ քաղաքակրթությունից կտրված, բայց աշխարհագրական առումով բավականին անհասանելի տեղում։ Հա, ինչու եմ սա ասում: Տատրայի ստորոտ հասնելու համար, մինչև գնացք նստելը մենք պիտի մեքենայով գնայինք հասնեինք գնացքի կայարան։ Մեքենա ասելով էլ նկատի ունեմ մեր երթուղային տրանսպորտին շատ նման գազել:
Ամեն ինչ շատ նման էր մեր իրականությանը. վարորդը վատ տրամադրություն ուներ ու արագ էր քշում: Միակ տարբերությունն այն էր, որ պատրաստ էր 50 հոգանոց խմբին տաս-տաս խմբերով տանել, բայց մի հոգի ավել չէր վերցնի: Դե իհարկե այդ ընթացքում մեր հայերի խումբը հասցրեց մտովի այդ հիսուն հոգուն կոմպակտ տեղավորել մեքենայի մեջ, բայց ի՞նչ կարիք կար հայկական վատ փորձի փոխանակում անել։
10։00-14։00
Վերջապես բոլորիս տեղափոխեցին կայարան, նստեցինք գնացք ու ուղևորվեցինք Տատրայի ստորոտ: Իրականում եթե բոլորիդ անձամբ չեմ կարող տանել ու ցույց տալ Սլովակիայի անտառներն ու բնությունը, ավելի լավ է չպատմեմ դրա գեղեցկությունից, ուղղակի կասեմ, որ եթե մի օր գնաք Սլովակիա, անպայման գնացեք Տատրա։ Մոտ երեք ժամ անտառը, լճերը, մաքուր օդն ու ձմեռվանից մնացած վերջին ձյունը վայելելուց հետո իջանք ու նորից ուղևորվեցինք Ստարա Լեսնա։
Էլ ի՞նչ միջազգային ծրագիր առանց մշակութային միջոցառման։ Ավանդույթ դարձած ձևով ամեն երկիր իրեն հատկացված սեղանն ու ժամանակը օգտագործեց ներկայացնելու իրենց մշակույթը:
Դե, որտեղ հայկական սեղան, էնտեղ կոնյակ, գինի, բաստուրմա, սուջուխ, լավաշ։ Ամեն երկրի մասնակից մի առանձին ոգևորությամբ իրեն զգում էր իր երկրի «փիառ մենեջերը». բելգիական շոկոլադ, գերմանական հարիբո, Մոնտենեգրոյի մսամթերք: Սլովակիայի պանրի տեսականու շուրջ երեկոն շարունակվեց երկար, մեզ հետաքրքրեց Մոնտենեգրոյի մսամթերքը ու Սլովակիայի տատրի թեյը, որը ի դեպ, թեյ չէր, ավելին, մեր կոնյակից էլ թունդ խմիչք էր:
Հագեցած օրվանից հետո, բոլորս գնացինք քնելու, մինչ վաղը, իսկ վաղը ձեզ հետ կլինի Սուրենը։