mariam nalbandyan

Ազատության էտյուդներ։ Սև, սպիտակ, քիթիկը՝ վարդագույն

Լուսանկարը՝ Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը՝ Մարիամ Նալբանդյանի

Եթե իսկապես ուզում եք իմանալ այդ պատմությունը, պետք է ձեզ ասեմ, որ ես կատուների գիժ եմ։ Դրանով արդեն ում ճանաչում եմ՝ զզվեցրել եմ, ձեզ էլ զզվեցնեմ։ Բայց այս աշխարհում ոչ մի կատու չի հասնի նրան, որը իմն է։

Այս ամառ, երբ գյուղում էի, իր թաթերով մեր տուն եկավ մի կատվի ձագ։ Ճակատագիրն ինքը նրան ուղարկեց ինձ մոտ՝ մորս ծնունդի օրը։ Դե, էդպես կասեի, եթե ճակատագրին հավատալիս լինեի, կամ էլ դրամատիկ մեկը։ Բայց դրամատիկ բաներ չեմ սիրում, դրա համար ուղղակի կպատմեմ՝ առանց գույները խտացնելու։ Հետևաբար, խոստանում եմ պատմել միայն ու միայն ճշմարտությունը Ժորիկի անհավանական արկածների մասին Երևանում։

***

-Դու կորցրել ես կատվիս, կորցրել ես։ Ու քանի՞ րոպե ես կատու ունեցա, ահավոր շնորհակալ եմ քեզ, շատ,- ինձ կորցրած բղավում էի քրոջս վրա։

-Հնարավոր չի, ես ուշադիր եմ, կատուդ մեծ ա․․․

-Ուրեմն՝ չես։ Էս հո սեփական տուն չի՞, էլ տեղ չեմ թողել՝ նայել եմ։ Չկա, կատուս չկա։

Քույրս ինքն էլ արդեն սկսեց կասկածել, որ տանից դուրս գալիս կատուս հարմարեցրել է իր հետևից աննկատ դուրս գալ։

Տունը սգի մեջ էր։ Կատուս գյուղից եկել էր Երևան՝ ինձ մոտ։ Իմ 19-ամյա երազանքը ինձ էր հասել ու անմիջապես նույն օրը կորել էր։ Հեռախոսս չէր դադարում դռռալ։ Բոլորն անհանգստացած գրում էին։ Ծնունդիս երևի այդքան զանգ ու հաղորդագրություն չէի ստացել։ Դե, դրանք երևի ոչ թե ես էի ստանում, այլ կատուս՝ Ժորիկը։ Օրվա վերջում, երբ արդեն մեր ամբողջ թաղամասում տասն անգամ պտտվել էի, երբ ֆեյսբուքում էլ կատուների խումբ չէի թողել, որ նրա նկարները չէի գցել, թե բա՝ տեսնեք, գրեք, ընկա մահճակալիս ու սկսեցի զռռալ։ Ես երեք ժամ կատու ունեցա։ Երեք գրողի տարած ժամ։ Եվ հենց այդ պահին, երբ արցունքներից արդեն կուրացել էի, հետևիցս կատվի ձայն լսեցի։

Լուսանկարը՝ Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը՝ Մարիամ Նալբանդյանի

-Գժվել եմ,- մտածեցի ես։

-Մյաու,- պատասխանեց նա։

-Ասում եմ՝ գժվել եմ։

-Մյաաու՜,- հառաչեց նա։

-Ի՞նչ։

-Մյաո՞ւ։

Ես այնպես հետ շրջվեցի, որ վիզս ճտաց։

-Գրողը քեզ տանի, անտերի մեկը, դո՞ւ ես։ Սպանելու եմ քեզ, էդ որտեղի՞ց դուրս եկար, անկապ կենդանի, փռչոտ անասունի մեկը։

Մնացածը, ճիշտն ասած, չեմ ուզում պատմել։ Հետաքրքիր չէ, ազնիվ խոսք։ Կմտածեք, որ հիմար եմ։ Հնարավոր է՝ ճիշտ էլ կմտածեք։ Ամբողջ օրվա ընթացքում, երբ ես զռռալով կատվիս էի փնտրում, իսկ տնեցիք «քոռանում էին» ինձ համար, թե բա՝ հեսա երեխեն նյարդային շեղում կստանա, էս ոնց ա լացում, կատուս մտել էր մահճակալիս տակ ու էնտեղ մնացել մի 5-6 ժամ։ Այ, հիմա ժամանակն է մտածելու, որ ես հիմար եմ, բայց մտածում եք՝ մտածեք, ազնիվ խոսք, հավես չկա նորից բացատրելու, որ էդ իմ անտեր մահճակալը այնպիսի կառուցվածք ունի, որ հատակին կպած է, տակը մտնելու շա՜տ նեղ ճեղք կա, իսկ էդ ճեղքը տեսնելու համար պետք է ներքնակները, ամեն ինչը քանդես, որ տեսնես։ Հետևաբար, չէ, չէի տեսել, որ կատուս էնտեղ իր համար թաքստոց է գտել։

Մինչ իմ ձայնի վրա հավաքվեցին բոլոր հնարավոր ու անհնար հարևանները, իսկ ձայնալարերս վերջնական հրաժարական տվեցին, ես հասցրի բռնել կատվիս ու սեղմել ինձ։

-Չես կորել, քո պատճառով, ես գիտե՞ս, հիմարի մեկը, վաղը քննությունն եմ կտրվելու, զզվանք կենդանի․․․

-Երեխես գժվեց,- որակեց հորաքույրս ու շտապեց ինձ հանգստացնել։

Շուտով բոլորս հանգստացանք, քննությունն էլ չկտրվեցի։ Ժորան գտնված էր, աշխարհը՝ փրկված։

***

-Քսի պատահական մեծության բաշխման ֆունկցիա․․․

-Մյաու։

-Եկա, մամային չհանես։

-Մյա՜ու։

Գրիչը ձեռքիս՝ վազում եմ բացելու պատշգամբի դուռը։ Մսյո Ժորիկը ուզում է դուրս գալ, ու եթե չես ուզում, որ նա գիշերվա ժամը երեքին արթնացնի մայրիկին, վազիր, ստրուկի մեկը ու բացիր դուռը։ Ո՞ւր ես հետ գնում, ստրուկ, մսյո Ժորիկը պետք է ֆռֆռա պատշգամբում ինչքան ուզենա, իսկ դու սպասես, մինչև նա հետ գա, որ փակես դուռը։ Ահ, չհասցրիր, չէ՞։ Մսյո Ժորիկը հո չէ՞ր սպասելու, նա արդեն արթնացրել է մայրիկին, ոչինչ, ստրուկ, դու էլ հաջորդ անգամ լեզուդ դուրս գցած կվազես դուռը բացելու, մեկ է՝ մսյո Ժորիկը մի հինգ րոպե հետո էլի է դուրս գնալու, ներս գա, հետո՝ մի հատ էլ, մի հատ էլ, մի հատ էլ ու մի հատ էլ… Էլի, էլի, գրողը քեզ տանի, վազիր դուռը բացիր, փակիր, բացիր, փակիր…  Քնե՞լ ես ուզում, չէ մի, դու էդ ո՞վ ես, որ քնես կամ քննությունդ պարապես: Մսյո Ժորիկը ձանձրանում է, զբաղեցրու նրան, ստրուկ։ Բա կարո՞ղ է գիտես, մսյո Ժորիկը պետք է ձանձրանա կամ գիշերը քնի, փիֆֆ… Այդ դու հարմարվիր նրա ռեժիմին։ Վեր կաց ու խաղա մսյո Ժորիկի հետ, ի՞նչ ես, է, անընդհատ էդ գրիչը շարժում տետրիդ վրա, էդպես մսյո Ժորիկին հարմար չի ցատկել ուղիղ տետրիդ, մի քիչ այս կողմ բռնիր։

Լռությո՞ւն է, վախեցիր, եթե մսյո Ժորիկը արդեն 30 վայրկյան ձայն չի հանում, ուրեմն կամ հյուրասենյակի վարագույրն է մագլցում, կամ՝ կողքի սենյակի։ Վազիր, փրկիր քո վարագույրները։ Մսյո Ժորիկը մի քիչ էլ պատերի վրա կզբոսնի։ Դու շատ վատ ֆանտազիա ունես, չես կարողանում մսյո Ժորիկին լավ զբաղեցնել, խեղճը ստիպված է ինքն իր համար խաղեր հորինել։ Դու էլ միայն պատահական մեծություն, խտության ֆունկցիա ու նման անկապ բաներ կսովորես, հա։ Դրանք մսյո Ժորիկին ի՞նչ։ Ո՞նց թե ուրիշ մտածմունք էլ ունես։ Չէ մի, այսուհետ քո միակ մտածմունքն ու զբաղվելիքը մսյո Ժորիկն է, այ քեզ բան․․․

Լուսաբաց։ Մսյո Ժորիկը կերավ ամանի ողջ կերը, ջուր խմեց, և երբ արթնացավ ողջ քաղաքը, անուշ-անուշ քուն մտավ։

***

-Փիսի՛կ,- ամբողջ ուժող գոռում եմ ես՝ տուն մտնելով։

Ժորիկի պոչը ցցվում է, աչքերը մեծանում են, հավաքում է իր հնարավոր ամենամեծ արագությունն ու սլանում տան անկյուններից մեկը։

-Չհասցրիր, այ չաղ,- բռնում եմ կատվիս ու սեղմում ինձ։

-Փիսի՛կ,- գոռում ես ես՝ նրան թափահարելիս,- մեռնեմ քե՜զ, փափուկ, փռչոտ, անիմաստ կենդանի, այ չաղ, ձեռքերս արդեն ծալվում են քո ծանրությունից։

-Մեղք ա էդ կենդանին։

-Բա սա որ մի երեխի սիրի, ի՞նչ կանի․․․

-Փիի-սիիիիիկ։

-Քեզ կատվիդ սիրելուց վիդեո անեմ, ուղարկեմ գժանոց, գան տանեն։

-Մա․․․մաու․․․

Մսյո Ժորիկը արյունոտում է ձեռքերս, դեմքս։ Ես մի պահ կորցնում եմ զգոնությունս, նա դուրս է պրծնում ձեռքերիցս։

-Դավայ, դավայ, փախի, փիսո ջան, փախի,- ողջ ընտանիքս, իմ ու կատվիս բռնոցիում, իհարկե, կատվիս կողմից է։ Նա մտավ պահարանի տակ։

-Ոչինչ, գիշերը կգա, արթուն միայն ես ու դու կմնանք, սերդ կբռնի,- ապագան իմանալով՝ հայտարարում եմ ես ու գնում վիրակապվելու։

***

-Մարիամ․․․ Ո՞ւր ա․․․,- շշնջում է քույրս։

-Իրա պուֆին․․․ քնած ա․․․

-Կամաց, գնում ենք, լույսը չվառես․․․

-Հա, հեռախոսիս լույսը վառած ա։

-Էդ էլ անջատի։

-Սը՜ս, կամաց․․․

Ես ու քույրս սողում ենք դեպի մեր սենյակ, մի կերպ մտնում վերմակի տակ։ Կարծես թե ստացվեց, կարող ենք քնել։

-Օ՜ֆ է,- շշնջում է քույրս։

-Մյաո՞ւ։

-Աստված իմ,- վախեցած վեր ենք թռնում մենք։

-Մյաաու,- իրենից գոհ պատասխանում է դռան հետևի սատանան։

-Չենք հանձնվում,- շշնջում է քույրս։ -Հեռախոսիդ հանկարծ չնայես, ձայն չհանես։ Թող մտածի քնած ենք, գնա։

Դռան հետևի սատանան ճանկռոտում է դուռը։

-Վախենում եմ․․․,- լացակումած գլուխը տարուբերում է քույրս,- ես այլևս չեմ կարող։

-Հասմիկ, դիմացի․․․

-Չեմ կարող էլ․․․

-Հահահահ, մյաու։

***

-Էսօր դրան չթողնեք քնի,- առավոտյան իր պլանն է մեզ հայտնում հորաքույրը։ -Եթե ցերեկը չքնի, գիշերը ոնց էլ չլինի՝ քունը տանելու է։

-Ոնց չթողնենք, ցանկացած դիրքով քնում ա,- առարկում եմ ես՝ մատնացույց անելով մսյո Ժորիկին։

-Արթնացրու։

-Փիսիկ,- շոյում եմ կատվիս ու կանգնեցնում չորս թաթիկի վրա,- արթնացի, «կոծ»։

-Արթնացի։

-Արթնացի, փիսիկ։

-Փիսի՛կ, վեր կաց, բռնոցի ենք խաղում։

-Արթնացրե՛ք դրան։

-Կատուն էլի քնած ա։

-Խշխըշ, խշխըշ, Ժորիկը քնած է, Ժորիկը քնած է, արթնացնել։

-Ես էլ չեմ կարող էսպես, թողեք քնի։

Իսկ նա չէր էլ արթնացել, հո գիշեր չի՞, որ արթնանա։

***

Չէ, չմտածեք, որ կատուս մեզ միայն տանջել ու չարչարել է։ Ես, թերևս նկատում եմ նրա միայն լավ կողմերը, այն, թե ինչպես էր տունը իսկապես ջերմ ու հյուրընկալ դարձել, այն, թե ինչպես էի ես շտապում տուն, ինչպես էր այն կանչում ինձ։ Այն, ինչպես էր նա դռռում՝ ծնկներիս քնած, այն, թե ինչպես էր ցատկում մայրիկի վրա ու գրկում նրան։ Այն, թե ինչպես էր իր խոնավ քիթիկով հպվում իմ քթին, երբ ասում էի՝ արի պաչեմ։ Այն, թե ինչպես էր քսմսվում ոտքերիս ու քորում իր մռութիկը։ Թե ինչպես էր իր քնած դիրքերով «սպանում» մեզ բոլորիս, որ մենք՝ չափահաս մարդկանց մի ողջ ընտանիք ժամերով նստում նայում էինք՝ հլը երեխեն ոնց ա քնել։ Այն, թե ինչպես նրան սկսեցինք անվանել «երեխեն» ու բոլորս էլ սիրել սովորեցինք։ Սիրել մեկին, որ քեզ չի թողնում քնել գիշերները, քայլում է պատերի վրայով, կախվում է վարագույրներից ու քո սիրած գորգը դարձնում է ընդամենը թելերի մի կծիկ։

-Նայի, ինչ տխուր ա․․․

-Մամա, տխուր չի։

-Դե, տեսնենք՝ ով ա իրեն ավելի լավ հասկանում։ Արի մոտս, Ժորիկ ջան, արի գիրկս։

Ժորիկը սենյակի մյուս անկյունից ցատկում է միանգամից մորս ծնկներին։

-Դու տանջում ես փիսիկիդ։

Ես արդեն համոզվել էի, որ մեղավոր եմ՝ գյուղի կատվին քաղաք բերելով, բայց միևնույնն է, չէի համաձայնվում նրան բաց թողնել, մինչև բոլորիս աչքերի տակ անքնությունից սև շրջանակներ չհայտնվեցին, իսկ Ժորիկը երկու անգամ «լավ բան չարեց» մորս՝ ամառը լվացած ներքնակի վրա։

-Երեխեն պետք ա գնա գյուղ։

-Հա։

-Ի՞նչ։

-Ասում եմ՝ հա․․․

***

-Ալո։

-Կատուս ո՞նց ա։

Ասեմ՝ կատուս ոնց ա։ Կատուս ամբողջ օրը զբոսնում է այգում, իսկ զբոսնելիս նրա թաթիկներն անգամ գետնին չեն դիպչում, զբոսնում է՝ ծառից ծառ։ Որտեղ արևը՝ էնտեղ ինքը։ Տուն մտնում է միայն ցուրտ եղանակի դեպքում, իսկ մնացած ժամանակը դրսում է։ Երեկոյան նստում է վառարանի կողքի իր աթոռին, որին, բացի իրենից ոչ ոք իրավունք չունի նստելու, ու երջանիկ դռռում է։

-Հորքուր, պահի կատվիս վրա, տեսնեմ։

-Նայի քո կատվին, նայի, երևո՞ւմ ա։

-Մի քիչ աջ, մի քիչ էլ վերև։ Ըհն, երևում է։ Ժորի՞կ։

Մսյո Ժորիկը ինձ մի հպարտ, քնատ հայացք ընծայեց։

-Ժորս, ցավդ տանեմ, լա՞վ ես։

-Մյաու։

***

Ժորիկը երջանիկ է, աշխարհը՝ փրկված։ Իսկ ե՞ս․․․

Դե, ինձ կարող եք շարունակել ինտերնետային կատուների նկարներ ուղարկել, բայց միևնույնն է, ոչ մեկը Ժորիկիս չի հասնի։ Իմ ազատ ու երջանիկ Ժորիկին։

Ամբողջությամբ ոգեշնչված կատվիս՝ միլիոն վեց հարյուր հազար յոթանասունինը նկարները միլիոն յոթ հարյուր հազար իննսունութերոդ անգամ ծայրից ծայր թերթելուց։