ofelya hovhannisyan

Ամենադժվարը

Արդեն 30 տարի է, ինչ տատիկիս եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Մենք տատիկիս եղբորը քեռի ենք ասում։ Երկրաշարժից հետո քեռիս կնոջ հետ մեկնեց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Մնաց այնտեղ և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն, իր երեխաները նույնպես այնտեղ մնացին: Տատիկս շատ էր կարոտում նրանց: Հեռավորությունը շատ մեծ էր, ուստի մենք հաճախ Skype-ով էինք խոսում, կարելի է ասել՝ այդպես էինք կարոտներս առնում: Երբ աշխատանքը վերջացրած էր լինում, գալիս էր Հայաստան՝ հարազատներին տեսակցության, և կրկին հեռանում էր, այն էլ՝ երկար ժամանակով: Տատիկս շատ էր կարոտում եղբորը և միշտ ասում էր.

-Երանի էս Հայաստանում այնքան գործ լիներ, որ էլ ոչ մեկը չթողներ իր տունը, հարազատներին, ընկերներին ու գնար։ Հեռավորությունն այնքան բան է փոխում: Ամեն ինչի մարդը կարող է դիմանալ՝ բացի կարոտից, երևի դա ամենադժվարն է:

Անցած ամառ, երբ քեռիս հայտնեց, որ գալու է, մեզ համար տոն էր, ուրախություն։ Մեկ ամիս շուտ սկսեցինք նախապատրաստվել նրան դիմավորելուն։ Չորս տարի չէինք տեսել և հասցրել էինք անչափ կարոտել: Հայաստանում ապրելու մասին քեռուն այլևս ոչ մի հարց չենք տալիս, քանի որ իրենից էլ լավ գիտենք պատասխանը․

-Ռուսաստանում կարողանում ես ապրել ավելի հեշտ, քան Հայաստանում։ Գոնե մտավախություն չունես, որ սոված կմնաս, դեռ մի բան էլ հարազատներիդ ես կարողանում գումար ուղարկել:

Դեռ չէինք հասցրել կարոտներս առնել, երբ քեռիս գնաց։ Ինչպես մեզ, այնպես էլ իր համար շատ դժվար էր: Մորաքույրներս ամեն անգամ լացելով էին ճանապարհում քեռուն։ Տատիկս միշտ նախատում էր նրանց ու ասում.

-Ճանապարհի վրա ա ախպերս, հերիք ա լացեք:

Բայց այս անգամ տատս էլ չկարողացավ իրեն զսպել, միգուցե զգում էր, որ էլ երբեք չի տեսնի եղբորը: Երբ տատիկիս վիճակը կտրուկ վատացավ, քեռիս անընդհատ զանգում էր ու մի կերպ զսպում արցունքները, քանի որ գիտակցում էր մոտալուտ բաժանումը: Սակայն երբ քեռիս վերջին անգամ Skype-ով խոսեց, այնպիսի բաներ ասաց տատիկիս, որ ես չկարողացա զսպել ինձ.

-Անուշ ջան, գոնե մինչև ամառ կդիմանա՞ս, գամ՝ էլի իրար հետ կնստենք, կխոսենք:

-Չէ, ախպերս, արի, հիմա արի,- լացելով ասաց տատիկս:

Սակայն ոչ տատիկս հասցրեց քեռուս տեսնել, և ոչ էլ քեռիս՝ տատիկիս: Այս արտագնա աշխատանքը բաժանում է ինչպես քրոջը եղբորից, այնպես էլ երեխային ծնողից։ Ինչպես տատիկս էր ասում՝ կարոտը ամենադժվար բանն է, որին մարդը դիմանում է մի կերպ: