valentinaChilingaryan

Անմարդկային կատակերգություն

-Դրսում ավելի տաք է, քան տանը,- մռայլ դեմքով բողոքեց մայրս:

-Դուք մրսում եք, որովհետև մենակ եք, ձեր մեջ եղած կրակը չի շփվում ուրիշ կրակի հետ, մամա՜ ջան,- առավոտյան քնաթաթախ տրամադրությամբ մտաբերեցի հայտնի տողերը:

-Ա՜, հիմա էլ դո՞ւ, իսկ դուք… Դուք ապտակ կուտեք: Ցնդա՛ծ, արագացրու, թեյդ խմիր, ես հազար գործ ունեմ, քեզ պիտի ճանապարհեմ, որ մի քիչ հանգստանամ:

-Մա՜մ…

-Փող չունեմ:

-Մա՞մ, կարող ա գիտե՞ս՝ դիմացդ էն ձրիակեր որդիդ է նստած, որը ցոփ ու շվայտ կյանք վարելով՝ վատնում է կյանքի յուրաքանչյուր րոպեն:

-Էդ երեխեն 8 տարեկան է:

-Ա՜յ մարդ, ինձնից գնում ա նախաճաշս վերջացնել՝ կվերջացնեմ: Ու ես ուրիշ բան էի ասում:

-Ասա:

-Մամ, օրինակ, գիտե՞ս՝ մարդիկ, որ մեծանում են, կողմնորոշվում են, մասնագիտություն են ընտրում, իսկ ես…

-Հա, ճիշտ ասացիր, բայց միայն մարդիկ:

-է՜, ամեն անգամ էսպես ես անում: Մտքովս հետաքրքիր բաներ էին անցել, մտածում էի՝ կիսվեմ հետդ, նոր դուրս գամ:

-Վա՜յ, չէ, շնորհակալ եմ: Էսօր թող առավոտս նորմալ մարդկանց պես սկսեմ: Թեյդ վերջացրու ու գնա:

-Մա՛մ, օրինակ, քեզ հետաքրքրե՞լ է՝ ինչ կլիներ, եթե մենք հակառակ լինեինք: Դե, ոնց որ ոտքերը՝ վերև, գլուխը՝ ներքև, ինչքան հետաքրքիր կլիներ, չէ՞։

-Էդ թեյդ, եթե չես վերջացրել, թափիր լվացարանի մեջ ու գնա: Հա, գումարն էլ սեղանի վրա է:

-Ամենաուժեղ ջուրն աշխարհում կանացի արցունքներն են,- դերասանական խաղով լքեցի տունը՝ լսելով մորս «Մեկ էլ լվացարանի ծորակի ջուրը, որը անտեղի թվեր ա գրում» արտահայտությունը:

Պիտի քայլեի դեպի կանգառ, նստեի մեր գյուղի տրանսպորտը, որ գնայի Երևան: Հեռվից կարճատեսի աչքերով նկատեցի, որ կանգառում այլ մարդիկ էլ են սպասում.

-Լավ է, լուռ չեմ մնա, թե չէ ատոմային էներգիաս չօգտագործելու պատճառով կպայթեի:

Հենց մոտեցա, մի ծեր կին սկսեց ուշադիր զննել ինձ: Հաստատ տեղացի չէր, գիտեի: Դե, էնպես չի, որ մեր բոլոր գյուղացիներին ճանաչում եմ, ուղղակի… Դե հա, կարծես ավշարցու կեցվածք չունենար:

-Աղջի՛կս, քանիսի՞ն է գալու ավտոբուսը:

-Հեսա՝ 10 րոպեից, տատի ջան:

-Ապրես, աղջիկ ջան, տատին ուժեղ ա:

-Ապրի տատին, ապրի տատին,- հիմարաբար պատասխանեցի ես:

-Տատին ուժեղ գուշակ ա, է՜:

-Վա՜յ, տատի ջան, ես տենց բաների չեմ հավատում:

-Դիպլոմ եմ տեսնում:

-Ո՞ւր ա:

-Ապագայում:

-Հա՜, ես ավելի լուրջ բաներ եմ տեսնում:

-Այսի՞նքն:

-Դե, օրինակ՝ ավտոբուս:

-Լսի, քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու: Մենակ մի բան կա, որ չի լինելու:

-Ի՞նչ:

-Տանն ես մնալու:

-Այ տատի ջան, ես էլ ասեմ՝ ինչ ես ասում, ես ամեն օր 10-ից հետո տանն եմ:

-Նկատի ունեմ՝ չես ամուսնանալու:

-Ա՜, ավտոբուսը գնաց:

-Աղջիկ ջան, քեզ ասում եմ՝ չես ամուսնանալու, դու ասում ես՝ ավտոբուսը գնա՞ց:

-Տատի ջան, որ էսօրվա միջոցառումից ուշանամ, ասեն՝ ինչի՞ բաց թողեցիր, ասեմ՝ չէի ամուսնանալու, ճակատս չեն պաչելու:

-Տատին ուժեղ ա:

-Զանգում եք երկինք՝ ավտոբուս ուղարկե՞ն:

-Չէ, եղբորս տղային, որ տանի մեզ:

-Էդ ա, էլի: Երկինք եք զանգում:

Իրոք մեքենան եկավ, ու ողջ ճանապարհին մտածում էի, թե երազ է ամեն ինչ: Որովհետև ինչ անհավանական ու հիմար պատմություն ասես՝ շուրջս է կատարվում: Հենց հասա քաղաք, արագ զանգեցի մորս.

-Մա՞մ, գիտես՝ էսօր մի տատիկ ասաց, որ չեմ ամուսնանալու:

-Ինչի՞, էդ տատին ասել է՝ ամանները լվա, դու լվանալիս կոտրե՞լ ես:

-Չէ:

-Ա՜, երևի ասել է՝ գնա գինձ քաղի, բեր, գնացել խոտ ես բերել սովորությանդ համաձայն:

-Վա՜յ, չէ:

-Լավ, պարզ է: Ուրեմն իրենց տան լվացարանի ծորակն ես անջատվածի պես բաց թողել:

-Չէ, մա՜մ, ուղղակի նայեց ու ասաց:

-Ո՞ւր նայեց:

-Դե, ինձ:

-Էդ արդեն լուրջ ա,- լուրջ տոնով կատակեց մայրս՝ եզրափակելով խոսակցությունը:

Միջոցառման ավարտից հետո, երբ քայլում էի երևանյան փողոցներով՝ խառնվելով քաղաքի հարմոնիային, նկատեցի մի ծեր ու մուրացիկ կնոջ: Դե, ես սովորություն չունեմ մետաղադրամներ նվիրելու, բայց կինը հաշմանդամ էր ու երեխայի հետ: Եղանակը ցրտում էր, իսկ փոքրիկի դեմքը ցրտից կապտել էր: Հիշեցի օրվա տարօրինակ պատմությունը, ու սրտի խորքում հավատալով, որ Աստված իմ լավությանը լավությամբ կպատասխանի, որոշեցի օգնել: Ու էդ պահին կինը պատահաբար գլուխը բարձրացրեց.

-Տատի՞կ։

-Տատին չի, տատին չի:

-Էս երկնքում աշխատավարձ չեն տալի՞ս, որ էս օրին եք:

-Գնա գրողի ծոցը, հիմար աղջիկ,- չարակամորեն անընդհատ կրկնում էր կինը:

Իսկ ես, որ ապշած էի մարդկային արարքների վրա, ոչինչ չկարողացա ասել: Միայն ճանապարհս շարունակեցի` հավատալով, որ ավտոբուսը չի գնացել: Էդպես է, չէ՞ հայտնի ասացվածքը՝ մարմանդ գետից վախեցիր:

-Ի՜նչ լավ ա, որ ես մարդ չեմ,- ողջ ճանապարհին մտածում էի ես՝ հիշելով մորս բողոքները: