-Բարև, պապ։
-Բարև, քաղցրը՜ս։
-Ո՞նց ես։
-Յոլա, դու ասա, դասերդ լա՞վ ա, պարապմունքի գնո՞ւմ ես։
-Հա, պապ, լավ եմ: Լավ ա դասերս, պարապմունքներս էլ ընտիր ա։
-Բա սևի քննությունդ ե՞րբ ա։
-Պապ, հլը պարզ չի, չեմ էլ ուզում հանձնեմ, մի տեսակ նենց անիմաստ ա էդ քննությունը, պապ։ Լավ, դու ասա ձեզ մոտ եղանակը ո՞նց ա։
-Իյա… Ո՞նց ա անիմաստ։ Մառոզ ա, մառոզ, ձեզ մոտ ո՞նց ա։
-Տաք ա, պապ։ Պա՜պ, առողջականդ ո՞նց ա։
-Լավ ա, քաղցրս: Լավ, դե հետո կզանգեմ։
-Պապ, կարոտել եմ…
-Քաղցրս, գիտես, չէ՞, ես ինչքան եմ քեզ սիրում։ Ես էլ եմ կարոտում։
Ձայնից զգում եմ հորս ժպիտը, որը չեմ տեսել կես տարուց ավելի և չեմ տեսնելու դեռ պարզ էլ չէ, թե ինչքան ժամանակ։ Աչքիս առաջ գծագրվում է նրա դեմքը։ Խոժոռ ճակատը, որի գծերից կարելի էր հաշվել ապրած տարիների քանակը, գորշ աչքերը, խիտ հոնքերը, որոնց կորությունը բարությամբ է լցնում հորս հայացքը։ Իմ երևակայության ու հիշողության կողմից ստեղծված հորս դիմանկարը փոշի դառնալով անէանում է աչքիս առաջ, և հայացքս բախվում է մորս, ով դիմացս նստած նայում է ինձ։ Նայում է թրջված աչքերիս և ասում.
-Ես էլ եմ կարոտում, Նոր…
Մայրս նայում է հասկացող հայացքով, տարին 11 ամիս ամուսնուն չտեսնողի հայացքով, ամուսնուն աշխատանքի հետ կիսողի հայացքով։ Արդար չի, 100-ից 90%-ը գնում է աշխատանքին։ Իսկ մյուս 10-ը կիսում ենք մեր միջև, և էլի արդար չի, 10-ից 9%-ը իմն է։
Տարիներ շարունակ հայրս տարվա 11 ամիսը Ռուսաստանում է և միայն մեկը՝ Հայաստանում։ Ըստ իմ հաշվարկների, հայրս ինձ ընդհանուր առմամբ տեսել է 1 տարի և 4 ամիս։ Ընդ որում, ես 16 տարեկան եմ։ Ամեն տարի մի-մի ամսով հաշված, հորս աչքերում ես դեռ 2 տարեկանը չլրացած երեխա եմ։
Նրա հետ խոսելիս պետք է վայելել նրա ձայնը, քանի որ իրեն տեսնելը մեծ շռայլություն է, որը մենք մեզ թույլ տալ դեռ չենք կարող։ Նրա հետ խոսելիս կարևոր չէ այն, որ ես հիվանդ եմ, որ դասերս լավ չեն, կամ էլ այն, որ պարապմունքի չեմ գնում։ Եթե անգամ այսպես լինի, ես կասեմ, որ ամեն ինչ հոյակապ է։
-Պապ, բարև։
-Բարև, քաղցրը՜ս։
-Պապ, ե՞րբ ես գալու։
-Բալես, էդ հլը ոչ մեկը չգիտի…