-Էրեխե՜ք, վա՞ղն ենք ընտրելու դասերը:
-Մեյլում դեկտեմբերի 29-ին էր գրած, այսինքն՝ վաղը:
-Հա՜, ապրես:
-Ո՞վ ինչ դաս ա ընտրել:
-Էրեխե՜ք, ո՞ր դասախոսն ա լավը:
Ու մի շարք նմանատիպ նամակներ անդադար լցնում էին իմ ուսանողական ընկերների հետ ունեցած ֆեյսբուքյան չաթերը: Մինչ ուզում էի մի նամակի պատասխանել, մի քանի հատ նորն էին գալիս…
Վա՜յ, մի րոպե բացատրեմ, թե ինչ է նշանակում՝ «դասեր ընտրել»: Ես սովորում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ու մենք ինչ-որ չափով ինքներս ենք ընտրում մեր դասացուցակները: Այսինքն՝ տրված են առարկաների ցանկերը ու խմբերը՝ ամեն մեկն իր ժամով ու դասախոսով: Ուսանողը պիտի վերցնի որոշ պարտադիր առարկաներ և մեկ ընտրովի: Ուսանողն ինքն է որոշում, թե որ առարկան է ուզում ընտրովի լինի, իսկ հիմնական առարկաների համար որոշում է իր հարմար ժամն ու դասախոսին: Սա պլանավորման փուլն է, որին հաջորդում է ավելի բարդը՝ իրագործելունը: Նշանակված օրվա կոնկրետ ժամին բոլոր ուսանողները նստում են իրենց համակարգիչների դիմաց ու պայքարում իրենց նախընտրած դասացուցակի համար: Սակայն, հասցնել ու ընտրել ցանկացած դասերը այդքան էլ հեշտ գործ չէ, նամանավանդ, որ կայքը շատ ուսանողների ներխուժումից կա՛մ «կախում» է, կա՛մ էլ վերջնականապես հրաժարվում է աշխատելուց:
Եվ այսպես, դեկտեմբերի 29, 2017, 8:58: Ես համակարգչի դիմաց նստած ուշադիր նայում եմ բացված էջի իմ ցանկացած դասերին: Կողքս դրված է այն թուղթը, որին գրված է իմ իդեալական դասացուցակի մի քանի տարբերակ: 9:00, և պայքարն սկսված է: Ես մկնիկի թեթև հպումով ընտրեցի առաջին ցանկացածս դասը ու նայեցի էկրանին: Մի պտտվող շրջանագիծ հայտնվեց իմ դիմաց, որը խնդրում էր սպասել, առանց հասկանալու, որ ժամանակ չկա, և հիմա իմ ուզած մնացած դասերը կընտրեն այլ մարդիկ… Ես անթարթ նայում էի պտտվող շրջանագծին, երբ, ի վերջո այն անհայտացավ և փոխարինվեց տառակույտով. «Դուք չունեք թույլտվություն այս դասին գրանցվելու համար»: Ես շփոթված նայեցի ժամացույցին, հետո՝ էկրանին ու արեցի ևս մի փորձ: Մինչ ինձ արդեն ծանոթ շրջանագիծը նորից հյուրընկալեց ինձ, ես ստուգեցի իմ ֆեյսբուքը և հայտնաբերեցի, որ այդ խնդրին բախվել են բոլոր ուսանողները: Չաթերն ու խմբերը լիքն էին անհանգիստ՝ «Ձե՞զ էլ չի թողնում գրանցվել», «Էրեխե՜ք, մենակ ինձ մոտ ա՞ սայթը կախել», «Ի՞նչ պիտի անենք», «Մեյլ եմ գրում իրենց, տեսնենք՝ ի՞նչ ա կատարվում» արտահայտություններով…
Այն փաստը, որ խնդիրը միայն ինձ մոտ չէ, մի քիչ ինձ հանգստացրեց, սակայն նաև զայրացրեց: Ինչո՞ւ պիտի մի ամբողջ համալսարանի կայքն այդքան վատը լինի, որ ուղղակի հրաժարվի աշխատելուց ամենապատասխանատու պահին:
Քիչ անց մեզ նամակ եկավ, որ կատարվում են կայքը «ուշքի բերելու» աշխատանքներ, բայց նշված չէր, թե երբ այն կաշխատի, քանի որ իրենք էլ չգիտեին, թե երբ կկարողանան «վերակենդանացնել» այն: Եվ այդպես, հարյուրավոր ուսանողներ նստած մնացին համակարգիչների առաջ, առանց իմանալու, թե երբ իրենց բախտ կվիճակվի նորից պայքարել իրենց դասերի համար: Գոնե ասեին, որ երբ սարքեն, կսահմանեն մի ժամ, որի ժամանակ կբացվեն դասերը, այսպիսով մենք ստիպված չէինք լինի մնալ գամված համակարգիչների առաջ՝ նայելով պտտվող շրջանագծին:
Ամեն դեպքում, ես շատ զայրացած նստած էի, երբ, ի վերջո, ժամը 12:00 երեխաներից մեկը գրեց. «Բացվե՜ց», ու մի քանի րոպե չաթերը լռեցին, իսկ ուսանողներն էլ անցան իրենց մարտական դիրքերին ու սկսեցին գրավել իրենց ուզած դասերի ազատ տեղերը: Մի քանի րոպեից ես վերջապես ունեցա դասացուցակ, որը զարմանալիորեն, ինձ բավականին դուր է գալիս: Ու չնայած այլ բուհերի ուսանողներ միշտ ասում են. «Ձեզ համար լավ ա, դուք ինչ դաս ուզում եք՝ ընտրում եք, մի բողոքի», սակայն մի քանի րոպե դաս ընտրելու համար ահագին սպասելն ու նյարդայնանալը կարծում եմ լավ բողոքի թեմա է: