Արդեն մեկ տարի և մի քանի ամիս է, ինչ Հայաստանում չեմ ապրում, ու չնայած որ երկար ժամանակ չի անցել, բայց հասցրել եմ շատ կարոտել ամեն մի մանրուք Հայաստանի հետ կապված։ Երբ Հայաստանում ասում էին՝ Ֆրանսիա, ես պատկերացնում էի կարծես մի դրախտ։ Գալով այստեղ, այդքան էլ հույսերս չարդարացան։ Լավ երկիր է, ոչ ոք խնդիր կարծես չունի: Ամեն մեկն ապրում է ապրելու համար՝ իրենք միայն իրենց կյանքով, բայց այդքան էլ ինձ դուր չի գալիս նրանց ապրելակերպը։
Դե, ես միշտ Հայաստանի քաղցրության, ժողովրդի սրտացավ ու միշտ իրար հետ լինելու պայմաններում եմ ծնվել և մեծացել։ Հայաստանը կարծես ոչինչ էր ինձ համար, երբ Հայաստանում էի։ Բայց երբ ոտք դրեցի օդանավակայան, հասկացա, որ ամեն օրս, նույնիսկ այն վայրկյանները, որոնք իզուր վատնել եմ՝ ոչինչ չանելով, մի օր շատ կկարոտեմ, կկարոտեմ այնքան, ինչքան որ կույրն է կարոտում իր տեսողությունը։
Ընկերներ, բարեկամներ, նույնիսկ անծանոթներ, որոնց ամեն օր տեսնում էի փողոցում, այստեղ իմ սրտի խորքում հարազատ են դարձել: Կարոտը ոչնչով չի կարող փոխարինվել: Ոչ մի հարստություն չի կարող ավելի թանկ լինել, քան այն պահերը, որոնք կարոտում ես, որոնք տեղի են ունեցել հարազատների, ընկերների կամ նույնիսկ մենակ եղած ժամանակ։
Հայաստանից եկել եմ անորոշ ժամանակով ու չգիտեմ երբ կվերադառնամ իմ հայրենի երկիր: Չգիտեմ, ուղղակի քաղցր հուշերն ստիպում են, որ պայքարեմ, հասնեմ բարձունքների ու կայացած վերադառնամ հայրենիք։
Եթե անկեղծ, ես սառը մարդ եմ։ Երբ փոքր էի, ինչ որ մի տեղ գնալով, երկար ժամանակ մնալով, գալիս էի տուն, և տնեցիք հասնում էին և սկսում համբուրել, հարց ու փորձ անել, թե ինչպես եմ, ինչ եմ արել, բայց ես սառը նայում էի, և կարծես կարոտի ոչ մի նշույլ չկար մեջս։ Դե, ընտանիքիս անդամներն են, ամեն օր տեսել եմ։ Այդպես էի մտածում, բայց մի՞թե Հայաստանը ամեն օր չէի տեսնում, ի՞նչը փոխվեց իմ մեջ, ինչո՞ւ եմ հիմա կարոտում։ Երևի մարդիկ, որոնց հետ անցկացրել եմ ամեն օրս, կամ նրանց, ում ճանաչել եմ Ֆրանսիա գալուց հետո, միգուցե սիրած աղջիկը։ Շատ են պատճառները, շատ են։ Գիտե՞ք, մի հնար ունեմ վերադառնալու Հայաստան: Մի քանի ակնթարթ, մի քանի դրվագ, որոնք տեսնում եմ երազում շատ հաճախ։ Երազում երազում եմ Հայաստանի մասին, ուղղակի չգիտեմ, դա կարոտը թեթևացնո՞ւմ է, թե՞ ավելի խորացնում։
Հաճախ ենք սկսում գնահատել այն, ինչ կորցնում ենք։ Հիմա հասկանում եմ ինչ է կարոտախտը: