milena movsesyan

Ի՛նքդ սովորեցրու քեզ

Երբ զգում ես, որ քեզ ինչ-որ բան է պակասում շարքային մասնագետների միջից դուրս գալու, որակապես տարբերվելու, նոր հմտությունների տիրապետելու համար, արդեն լավ է։ Երբ բացը լրացնելու ցանկություն էլ ես ունենում, հրաշալի է։

Ես էլ ունեի այս զգացողությունը։ Ուզում էի ամեն րոպե նոր բան սովորել, այն ինչ դասախոսներից շատերը ջուր էին ծեծում, ժամանակ սպանում, շատ հեռվից գալիս ու պրակտիկ գիտելիքներ չէին տալիս։ 

Հենց սա էր պատճառը, որ որոշեցի ինքնակրթությամբ զբաղվել․ կարդում էի ոլորտի մասնագետների խորհուրդները, անգլերենով դասախոսություններ էի լսում, դասընթացների գնում։

Ունակություններիս մակարդակի բարձրացումը շոշափելի էր, արդյունքը՝ խոստումնալից, ընթացքը՝ ոգևորիչ։

Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ժամանակ գտնել՝ կլինի երթուղայինի մեջ, թե քնելուց առաջ, զբաղվել ինքնազարգացմամբ ու ինքնակրթությամբ՝ չսպասելով, որ անծանոթ մարդիկ երբևէ կհոգան ձեզ գիտելիքներ փոխանցելու մասին։

Եթե դու էլ որոշեցիր մի բան փոխել քո կյանքում ու շատ բան ավելացնել, մի քանի կետերով ներկայացնեմ, թե ինչպես կարելի է նոր բան սովորել։

 

Ընտրել թեմա

Սա կարող է լինել նոր մասնագիտություն կամ ձեր մասնագիտության ավելի նեղ ճյուղ, որի մեջ ուզում եք հմտանալ։ Կարող է լինել այլ ոլորտ, որին ուզում եք ծանոթանալ, և թեմա, որը պարզապես հետաքրքրում է ձեզ՝ աստղագիտությունից ֆիզիկա, գրականությունից արվեստ։

 

Կարդալ լուրեր դրա մասին

Կարող եք գտնել տեղեկատվական կայքեր, որ հաճախակի անդրադառնում են ձեր ընտրած թեմային և պահպանել դրանք։ Ֆեյսբուքը հնարավարորություն է տալիս ձեր պատին առաջինը տեսնել այն էջի գրառումները, որին հետևում եք։ Օգտվեք նաև այս ֆունկցիայից։

Լսել TED ելույթներ

TED հարթակ է, որտեղ մարդիկ պատմում են իրենց տեսածի, ուսումնասիրած թեմայի և ստացած արդյունքների մասին։ Դուք կարող եք ներբեռնել նույնանուն հավելվածը, գտնել ձեր ընտրած թեմայի մասին ելույթներ, լսել կամ պահպանել՝ հետո առանց ինտերնետի լսելու համար։

Կարդալ գրականություն

Գրքեր կարդալը միշտ էլ տեղեկացված լինելու, սովորելու թիվ մեկ կանոնն է եղել։ Դուք էլ փնտրեք ու գտեք այն գրքերը, որոնք ձեր ընտրած թեմայի մասին են։ Եթե ժամանակ չունեք կամ չեք սիրում գիրք կարդալ, կարող եք լսել աուդիո տարբերակով։

Օտար տերմիններ սովորել

Արդեն գլուխ եք հանում ձեր ուսումնասիրած ոլորտից, ուրեմն ժամանակն է ծանոթանալ օգտագործվող տերմինների թարգմանություններին։ Այդպիսով դուք ոչ միայն կտիրապետեք թեմային հայերենով, այլև կիմանաք, թե օրինակ համացանցում ինչպես օտար լեզվով նյութեր գտնել։ Սա կօգնի ձեզ նաև հաջորդ կետում։

Լսել դասախոսություններ

Պրակտիկ դասախոսություններ շատ կան համացանցում, դրանց վիդեոներն էլ կարող եք պահպանել, ազատ ժամանակ լսել։ Բայց հայերեն դասախոսությունները քիչ են։ Ուրեմն պիտի կարողանաք լսել ու հասկանալ նաև ռուսերեն կամ անգլերեն։

Մասնակցել դասընթացների

Այսօր մոդայիկ է դասընթացներ կազմակերպելն ու դրանց մասնակցելը։ Դրանք այնքան շատ են, որ կարելի է հանդիպել ցանկացած թեմայով դասընթացների։ Կարող եք փնտրել ֆեյսբուքի իվենթների բաժնում։ Փնտրե՛ք, գտե՛ք, գրանցվե՛ք ու գնացե՛ք։ Չմոռանա՛ք դասընթացի վերջում ուղղել նաև ձեզ հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները։

Հետևել բլոգերների, ոլորտի մասնագետներին

Բլոգինգ՝ հաջորդ մոդայիկ բանն այսօր։ Իրականում հրաշալի է, որ կարող եք տանը նստած լսել ոլորտի մասնագետներին, նրանց խորհուրդներն ու անգամ հարցեր ուղղել վեբինարների ժամանակ։ Այդպիսով խնայում եք ձեր ժամանակը և գումարը։ Ուրեմն, յութուբում գտեք ձեր թեմային վերաբերող բոգը կամ մասնագետին, որ հաճախ գրառումներ են անում, խորհուրդներ տալիս, վեբինարներ կազմակերպում կամ վիդեոներ տեղադրում։ Կարող եք բաժանորդագրվել, որպեսզի հերթական վիդեոյի տեղադրման ժամանակ տեղյակ լինեք։ Կան մասնագետներ, ովքեր շատ լավ կապ են պահում իրենց հետևորդների հետ՝ նրանց հետ նամակագրական կապի մեջ են մտնում և ամեն նոր գրառման դեպքում ձեզ անձնական նամակով կամ մեյլով զգուշացնում են։

Նշումներ անել

Իզուր կորչելու է ձեր լսածը, տեսածն ու կարդացածը, եթե գրառումներ չանեք։ Վեբինարի, դասընթացի կամ դասախոսության ժամանակ փոքրիկ նոթատետր ունեցեք և կարևոր բաները նշեք։ Հետո աչքի կանցկացնեք ու ամեն ինչ կհիշեք։