Հիմա իմ գյուղում՝ Կոթիում, հարաբերական անդորր է, որը պայմանավորված է թշնամու պասիվությամբ:
Ես մինչև հիմա հիշում եմ այն օրը, երբ ես առաջին անգամ լսեցի թշնամու կրակած հրանոթի ձայնը: Այդ օրը ես հիշում եմ այսօրվա պես: Այդ օրը քունս ընդհանրապես չէր տանում, կարծես ինչ որ զգացողություն լիներ, որը ես էլ չէի հասկանում: Հեռախոսս սովորականի պես վերցրեցի և փորձեցի ժամանակ սպանել: Հեռախոսս վերցնելուն պես լսեցի մի ձայն, անմիջապես պահեցի հեռախոսը: Մտածեցի՝ ծնողներիցս մեկը մտնում է սենյակ, բայց ձայնը լսվեց ևս մեկ անգամ: Անհանգստությունս մեծացավ, դրան զուգահեռ՝ նաև հետաքրքրությունս, թե ինչ ձայն կարող է լինել: Դուրս եկա տանից և տեսա երկնքը «գունավորող» կարմիր լույսեր: Հասկացա, որ դա լուսածրող փամփուշտներ են: Հաջորդ վայրկյանին, երբ ես պատվեցի ավելի շատ անհանգստությամբ և մտածմունքներով, լսվեց ավելի հզոր ձայն: Գունատված մտա տուն, այնուհետև ծնողներիս սենյակ: Արթնացրի ծնողներիս, և գնացինք ապաստարան: Այնտեղ անցավ սովորականից երկար թվացող գիշերը:
Լույսը բացվեց: Հայրս սկսեց զննել տան չորս կողմը: Բարեբախտաբար այդ անգամ վնասներ չկրեցինք, սակայն դրանից հետո տունը վնասվել էր: Վնասվելուց հետո ինչպես բոլորը՝ այդպես էլ մենք, վերանորոգեցինք: Վերանորոգվեց: Վերանորոգվեցին բոլոր նյութական վնասները, իսկ հոգեպե՞ս: Հոգեկան վնասները մնացին: Բոլոր ապրումները ամեն կրակոցից հետո տպավորվեցին վատ հիշողություններով: Արդեն ամեն մի չնչին ձայն լսելիս ուղեղիցս մեկ րոպե չէր հեռանում կրակոցի վարկածը, որը անխուսափելի էր: Ես վախենում էի, սակայն այդ ամենը տևեց մեկ ամսից ոչ շատ: Չնայած վախերի հաղթահարման, հայրս կրակոցից հետո մեր կամքին հակառակ ինձ և փոքր եղբորս ուղարկեց ավելի ապահով համայնք: Մենք սկսեցինք այնտեղ դպրոց հաճախել: Այնտեղ մենք ուսում ստացանք վեց ամիս, և վերադարձանք թեկուզ ոչ ապահով, բայց հարազատ ծննդավայր:
Մինչև հիմա ես գնում եմ այն գյուղը, որը թշնամուց պատսպարվելու համար անկյուն էր հատկացրել ինձ, և բոլոր նրանց, ովքեր գնացել էին պաշտպանվելու նպատակով: Հանդիպում եմ ընկերներիս, զրուցում եմ նրանց հետ, բայց բնականաբար, ես չեմ ունենում այն զգացողությունը, ինչ Կոթիում իմ ընկերների հետ զրուցելիս:
Հիմա ավարտվել է իմ կյանքում ունեցած ամենամեծ վախի շրջանը: Այդ ամենը փոխվել է նաև տարիքի հետ: Չէ՞ որ ընդամենը երկու տարուց ես կփոխարինեմ սահմանապահ քաջ տղերքին: Ես կկանգնեմ սահմանին: Այնպես կանեմ, որ այլևս ոչ մի երեխա չունենա այն ապրումները, որ ես ունեցա այդ մի քանի լարված օրերին:
Մենք ապրում ենք ներկայով: Անցյալի վախերից ազատված, վառ ու գունավոր ապագայի հույսերով: