«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:
Մտորումներ Մաքրուհու մասին
«Մաքրուհին» պատմվածքը սկսվում է կիրակի ուշ առավոտյան։ Վերնագիրը հուշում է, որ այն պատմելու է կնոջ մասին։ Բայց կարելի է ասել, որ այն պատմություն է կնոջ մասին` տղամարդու տեսանկյունից։
Մաքրուհին` Կարինեն է այն հերոսը, որի կյանքի, ճակատագրի ու ընտանիքի մասին է պատմում հեղինակ-հերոսը` Սարգիսը։ Կարինեն ներկա է միայն պատմության առաջին մասում։ Հետո ամբողջ ընթացքում միայն նրա մասին մտքեր են, իսկ վերջում` դեժավյու։ Այս դրվագները իրար է կապում Սարգիսը։ Հերոսը առատաձեռն տղամարդու կերպար է, իսկ նրա ընտանիքը, ինչպես ինքն է ասում` ժամանակակից։
Պատմության բոլոր հերոսները ինչ որ խնդրանք ունեին, ինչ որ ցանկություն, ինչ որ անհաջողություն, ինչ որ վիշտ։ Հեղինակի կերպարում հանդես է գալիս Սարգիսը։
Պատմության մեջ կան մի քանի նույնական բաներ։ Սարգսին հանդիպող բոլոր տղամարդկանց անունները Սարգիս էր։ Այստեղ բացառություն է նրա դասընկերը` Զավենը։
Նրա տան դուռը թակում էին միշտ կիրակի ուշ առավոտյան։ Նրան միշտ հանդիպում էին մարդիկ, որոնք փողի կարիք ունեին։ Այս առումով բացառություն է տաքսի վարող Սարգիսներից մեկը, նա, որը ուներ յոթ տղա և թաք մեկ աղջիկ։
Պատմության մեջ հանդիպում ենք երեք մաքրուհու` Իվետան, Կարինեն և այն երիտասարդուհին, որին ուղարկել էր Լուսինեն։ Վերջինս հետագայում իրոք դառնում է Սարգսի մաքրուհին։ Սկզբում կարող է թվալ թե պատմությունը ծավալվելու է հենց այս աղջկա շուրջ։ Սակայն հետո պատմությունը կապվում է Կարինեի հետ, կապույտ ու թաց աչքերով կնոջ, որը Սարգսի մաքրուհին էր, և Մարինայի (Սարգսի կնոջ) հավաքարարը։ Պատմության մեջ հետաքրքիր կերպար է Կարինեի աղջիկը, որը մեզ երևում է միայն մեկ անգամ։ Մարինայի և Սարգսի մի երկխոսությունից կարելի է ենթադրել, որ այդ աղջիկը հիվանդ է։ Այս աղջիկը, չնայած մեղադրում էր իր մորը անբարոյական լինելու մեջ, նեղանում, որ վերցրել է իր պայուսակը, բայց այնուամենայնիվ Կարինեն, բոլոր մայրերի նման շարունակում է աշխատել նրա համար: Ճիշտ է, խուսափում է նրա հետ տանը մնալուց, բայց հեռախոսային խոսակցություններում նրա օգտագործած փաղաքշական բառերը ցույց են տալիս, որ նա հայ մայրերին հատուկ գորովանքով է լցված աղջկա հանդեպ և պատրաստ է ներել նրան, աչք փակել մեղադրանքների վրա։ Սա ընդհանրական հատկանիշ է։ Պատմության ընթացքում հերոսը կարծես փորձում է հասկանալ կանանց, նրանց բնավորության առանձնահատկությունները և կյանքի դժվարությունները։
Պատմության վերջին դրվագում, որը հերոսը դեժավյու է որակում, Կարինեն իրա աղջկան այլ կերպ է ներկայացնում, ասում է, որ նա արդեն անգլերեն է սովորել։
Սարգիսը ամբողջ պատմության ընթացքում օգնում է տարբեր մարդկանց, պարտքով գումար է տալիս իրենից խնդրողներին, բայց այդպես էլ ոչ ոք պարտքը հետ չի վերադարձնում։
Սարգիսը մի երեկո լրիվ վատնում է իր գումարները, և սա դառնում է նրա ու կնոջ բաժանման առիթը։ Սարգիսը սկսում է զբոսնել քաղաքով ու լուծել ճանապարհին հանդիպող խնդիրները։ Պատմության այս մասը կարելի է նմանեցնել «Ինսպեկցիային», որում, ի տարբերություն «Մաքրուհու», հերոսը պարզապես քայլում է քաղաքում և, այսպես ասած, հետազոտում է այն։ Իսկ Մաքրուհու հերոսը նշելով, որ ինքը սիրում է հետազոտել Երևանը, սկսում է օգտագործել այդ հետազոտության արդյունքները։ Սկսում է բուժել քաղաքը։ Այնպես է անում, որ մայրամուտը նորից գա քաղաքի կենտրոն։ Սարգիսը գնդակահարություն է նախատեսում նրանց համար, ովքեր ասֆալտին նոր գծեր են գծել, իսկ հները չեն մաքրել, և դրանց պատճառով մարդիկ չեն կողմնորոշվում։ Այս չմաքրված հին գծերից էր բողոքում Վարոսը, և Սարգիսը գտավ դրանց լուծումը։ Նույնը կարելի է ասել Հյուսիսային պողոտայի մասին։ Սարգիսը արգելեց այնտեղ ճոխ ու անպիտան տների կառուցումը։ Կարճ ասած` Սարգիսը կառուցում է Վարոսի երազած Երևանը։
Մաքրուհին ստեղծագործության մեջ հեղինակը օգտագործում է մի քանի մանրամասներ, աննշան թվացող դետալներ, որոնք նա օգտագործում է մի քանի տեղ։ Ի միջի այլոց, հեղինակի մի քանի ստեղծագործություններում կարելի է նկատել այս մոտեցումը։ Ինչպես, ասենք, այս ստեղծագործության մեջ ճնճղուկները, որոնց նրանք կերակրեցին ձմռանը, երկու հեծանվորդները, որոնցից մեկը մեղավոր էր, մյուսը` զոհ, չանախ պանիրը, որը սիրում էր Կարինեն, Կարինեի աչքերի գույնը, արտասանած բանաստեղծությունը, փողոցով վազող այրվող կինը և այլն։ Այս փոքրիկ և աննշան թվացող մանրամասները օգնում են ընթերցողին` ամբողջական պատկերացում կազմել հերոսի մտքերի ու իրավիճակի մասին։
Ստեղծագործության վերնագիրը ևս բավականին հետաքրքիր ու խորհրդանշական է. «Մաքրուհին 2017 կամ Արյունոտ ծաղիկ»։ Հերոսներից ո՞րն է այդ արյունոտ ծաղիկը։ Կարինե՞ն, նրա աղջի՞կը, փոսի մեջ ընկած փոքրիկ աղջի՞կը։ Կարելի է ասել, որ փոքրիկ աղջիկը, որը ընկավ փոսի մեջ ու վնասեց աջ ձեռքը, ամենահավանական տարբերակն է, քանի որ հեղինակը նրա վերքը նմանեցնում է ծաղկի` արյունոտ ծաղկի։
Անդրադարձ կա նաև սոցիալական անարդարությանը։ Դա մասնավորապես արտահայտվում է համր կնոջ և նրա երկու երեխաների կերպարով, որը ինչպես հետագայում պարզվեց, Սասնա ծռերի անդամներից մեկի ընտանիքն է։
Ստեղծագործության մեջ քիչ են նկարագրությունները։ Հեղինակը կարճ, բայց տեսանելի նկարագրում է Կարինեի մազերը, մաշված վերարկուն, աչքերի գույնը։ Նկարագրությունը ամբողջական, վերջնական չէ։ Դա անելու հաճույքը թողնված է ընթերցողին։ Յուրաքանչյուրս կարող ենք ստեղծել մեր Կարինեին։
Պատմության մեջ առանձնակի տեղ ունեն այն ընտանիքները, որոնց հանդիպում է հերոսը։ Այդ բոլոր ընտանիքները ինչ որ չափով կիսատ են, միշտ կա բացակայող անդամ, մի վիշտ, որի պատճառով ընտանիքը դժբախտության մեջ է։
Վերջում մի փոքր այն մասին, թե ինչու գրեցի հենց այս ստեղծագործության մասին։ Այս պատմության մեջ եղած առանձնահատկությունն այն էր, որ կարդալիս հերոսի մտքերը փոխանցվում են ընթերցողին։ Ստեղծագործությունը մի ամբողջ մեծ հետազոտություն է կնոջ, քաղաքի, հայ մոր, ընտանիքի հոր, երազանքների և այն ամենի մասին, ինչ կատարվում է և կարող է կատարվել մեր շուրջը, կամ նրա, ով հայտնվի Սարգսի տեղում։ Կարդալուց հետո մենք մեր շուրջը սկսում ենք նայել ուրիշ աչքերով, նայել դեպի ավելի խորը, հասկանալ, որ յուրաքանչյուր մարդու հետևում մի պատմություն է` ուրախ կամ տխուր, արյունոտ կամ ծաղկաբույր, նա կորուստ ունի կամ պայքար։ Ստեղծագործությունը մեզ սովորեցնում է կողքից նայելով բոլորին` անհանգստանալ նրանց ճակատագրով, կարողանալ կարեկցել և ապրումակցել այդ մարդկանց, գոնե այն պահին, երբ նա մեր կողքին է, ու ճակատագրի բերումով հանդիպել ենք։