gevorgtergbr

Յաթաղան սինդրոմ

Anush abrahamyanԵս չեմ կարող չմտածել: Իմ ու «Յաթաղան սինդրոմի» անաստված բախումից լոգոֆիլի ցուցիչը երևի խճճված գծեր ցույց կտար: Եվ այդ պատկերը երկրորդ, երրորդ կամ չորրորդ անգամ սինդրոմի մասին մտածելիս չէր գծագրվի նույնությամբ:

Թե՛ Օսմանցի Յաթաղանը, թե՛ դոկտոր Միքայելը տարիներ առաջ կպատկերացնեին, որ պաթոլոգիկ էնցեֆալոգոսի ախտորոշման համար ստեղծված լոգոֆիլը կարող են ծառայեցնել ևս մի ոչ պակաս կարևոր բանի: Օրինակ, մարդկանց ենթարկելով մտավոր էքսպերիմենտի, պարզել՝ եթե դու մտածում ես որևէ մեկի մասին, հարյուրից վաթսունհինգ դեպքում դա նշանակում է` նա ևս մտածում է քո մասին:

Հետաքրքիր է: Ինչ լավ կլիներ, եթե երկուսս էլ երբևէ մասնակցեինք այդ էքսպերիմենտին ու մտածեինք մեր կարոտի մասին: Գրեթե համոզված եմ՝ լոգոֆիլի ցուցիչը նույն սև գծերը կգծեր: Բայց չենք մասնակցի, որովհետև մեռածները չեն մտածում:

Նոր բացահայտումը, որը միգուցե մարդկության մեծագույն ձեռքբերումը պետք է դառնար, հրապարակվեց «Նեյչըրի» վեբկայքում: Առաջին քայլն արված էր դեպի Նոբելյան մրցանակ: Դեպի այն համոզմունքը, որ գիտությունը միավորում է ազգերին, որ բոլորս էլ Երկիր մոլորակի բնակիչներ ենք: Բայց դրական արձագանք չեղավ: «Յաթաղանը հաղթեց Միքայելին, ինչպես յողուրթը՝ մածունին»,-գրեց «Առավոտ» թերթը, փոխանակ գրեր. «Մարդը իր երակը դրեց գիտության մեջ»: Իսկ միջազգային հանրությունը քննադատեց այն աստիճան, որքան չէր կարող մտածել: Միքայելը ապաորակավորվեց բժշկական էթիկան խախտելու համար: Իսկ երբ սփյուռքահայ բարերարը պարզեց, որ բացի լոգոֆիլից, այն ամենը, ինչ տվել է հիվանդանոցին, անհետացել է, էթիկա չէ՞ր խախտվել արդյոք: Նրան արգելվեց վիրահատություններ անել: Երևի մտածեցին բժշկական հմտությունները անհետացել են էթիկան խախտելու պատճառով: Ինչևէ: Ինձ համար նրանք, ովքերը մտածեցին մարդկության վաղվա օրվա համար, վերջավոր աշխարհից դուրս մնացին՝ հավերժի մեջ:

Ես չեմ կարող չմտածել: Իմ ու «Յաթաղան սինդրոմի» անաստված բախումից լոգոֆիլի ցուցիչը երևի խճճված գծեր ցույց կտար: