Աշխարհիս երեսին ամենից հասարակ, բայց ամենահամեղ պանիրները, դարի պատմություն ունեցող կճուճները ու Ռիմա տատը մի տեղ՝ մի գործողության մեջ: Եթե կարճ, ինչպես երգում է Ռիմա տատիկի փոքրիկ թոռը. «Տատիկս պանիր կհորե, տատիկս պանիր կհորե…»:
Տարբեր գյուղերում պանիր հորելու տարբեր ձևեր կան: Գյուղերում պանիրը հորում են որպես ձմռան պաշար՝ հաշվի առնելով անասունների ցամաքելը ձմռանը: Եղիպատրուշում պանիրը հորում են մինչև Վարդավառի տոնը, իսկ բացում միայն դեկտեմբեր ամսին: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր բաղադրատոմսը: Ռիմա տատը գյուղացուն բնորոշ համեստությամբ ասում է.
-Համը հո բաղադրիչների՞ց չէ, ինձնից է, ինձնից:
Բացելով Ռիմա տատի գաղտնիքները՝ ասեմ, որ նախքան պանիրը հորելը, այն նախ կուտակում են հատուկ աղաջրերում: Հորելուց մեկ շաբաթ առաջ պանիրը հանում են ջրից՝ թողնելով, որ քամվի, ապա կտրում են շերտերով: Հաջորդ փուլում նախապատրաստում են կճուճները:
Կճուճի առաջին շերտում լցնում են պանիր, ապա համեմունքներ՝ պղպեղ (կանաչ, դեղին, կարմիր), զանազան կանաչիներ, բայց առավել շատ՝ սխտորուկ կոչվող կանաչին: Հաջորդաբար նույն գործողությունը կրկնելով, վերջին շերտին ավելացնում են դաղձ, կապում կճուճի բերանը, ապա դնում մութ տեղում:
Ձմռանը գյուղում օգտագործում են հորած պանիրը, որը ոչ այլ ինչ է, քան շատ ծանոթ ռոկֆորը: Եթե սովորական պանիրը կարելի է գնել 1500-2000 դրամով, ապա այս պանիրը կրկնակի թանկ է: Եթե օրերից մի օր փորձելու կամ գնելու կլինեք այս պանրից, հիշեք, որ համի գաղտնիքը ոչ մի բաղադրիչի մեջ էլ չէ, այլ աշխատանքի՝ գյուղացու աշխատանքի: