Իմ զրուցակիցն է Նոր Հաճնում ադամանդագործությամբ զբաղվող «Անդրանիկ» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Արամայիս Միքայելյանը։

Լուսանկարը՝ Ռուզաննա Եսայանի
-Բարև Ձեզ, պարոն Միքայելյան: Զրույցի սկզբում կուզեի մի փոքր պատմեք այս քարի մասին: Ի՞նչ է իրենից ներկայացնում ադամանդը:
-Ադամանդը մյուս բնական քարերից տարբերվում է իր կարծրությամբ, դիմացկունությամբ, փայլով, երկարակյացությամբ, մի խոսքով, բնական քարերի գեղեցկուհին է:

Լուսանկարը՝ Ռուզաննա Եսայանի
-Հայաստանում կա՞ն ալմաստի բնական պաշարներ: Եթե, ոչ, ապա որտեղի՞ց է ներմուծվում ալմաստը:
-Հայաստանում ալմաստի պաշարներ չկան: Հիմնականում քարը ներմուծում ենք Աֆրիկայից, Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից:
-Ի՞նչ «փորձությունների» է ենթարկվում ալմաստը մինչև ադամանդ դառնալը:
-Ալմաստի հումքի վերամշակումից ստանում ենք ադամանդ, որն անցնում է տարբեր օպերացիոն գործողություններով` տեսակավորում, կտրում, հղկում, կլորացում, նիստավորում, գնահատում:
-Իսկ ե՞րբ է ներդրվել ադամանդի արտադրությունը Հայաստանում:
-Դեռ անցած դարի 70-ականներին ` խորհրդային տարիներին: Իսկ Նոր Հաճնում` քառասունհինգ տարի առաջ` 1971 թվականին:

Լուսանկարը՝ Ռուզաննա Եսայանի
-Դուք որքա՞ն ժամանակ է աշխատում եք ադամանդի արտադրությունում:
-Ադամանդի արտադրությունում ես աշխատում եմ արդեն քառասունհինգ տարի, եղել եմ նիստավորող, տեխնոլոգ, արտադրության պետ, գլխավոր մասնագետ:
-Ձեզ դո՞ւր է գալիս ադամանդագործի մասնագիտությունը:
-Այո, դուր է գալիս: Շատ հետաքրքիր գործընթաց է, երբ տեսնում ես չմշակված ալմաստ , իսկ հետո` շողացող ադամանդ: Եվ այս ամենը` ամեն օր: