Ani avetisyan

Ակնարկ անծանոթ աղջկա մասին

Նա ուղիղ նայում էր դիմացը կանգնած երիտասարդի աչքերին ու չէր տեսնում: Ուղղակի աչքերը գեղեցիկ միջոց են՝ հասնելու այնտեղ, ուր չես կարող հասնել, ասենք, նայելով կոշիկներին։

Իսկ խեղճի մտքով ինչե՜ր ասես, որ չհասցրին անցնել։

Հետո գալիս է երթուղայինը, ու կյանքը նորից սովորական գույներին է վերադառնում։ Իսկ նա ինչ-որ պահի ուղղակի դադարել է լուրջ վերաբերել երթուղայինի՝ տեղ լինել-չլինելու փաստին։ Չէ՞ որ ավելի շատ բաներ կան, որոնց պետք է լուրջ վերաբերել։ Ասենք.

-Հիշում ես, չէ՞, երկուշաբթի հարցազրույցի պիտի գնանք՝ աշխատանքի համար։

-Ըհը։ Կգնանք։ Կամ չէ։ Չգիտեմ, է, կիրակի կորոշենք, լա՞վ։

Լավ։ Հետո կքայլի արագ, կսայթաքի, կընկնի գուցե, կխառնվի փողոցի մոխրագույնին, կժպտա ու կտխրի, բայց նպատակակետին կհասնի՝ անպայման։ Ու դա կանի իր իրական, ամենաիսկական գույնով, որի մեջ մի երանգ մոխրագույն անգամ չկա։

Կապ չունի, թե իր նպատակակետը այս անգամ ընդամենը կոշիկի խանութ էր՝ հասարակ, ամենօրյա մեկը գնելու համար։

Միշտ էլ այդպես է անում։ Խենթ է՝ շատերն են ասում։ Ոմանք՝ հակառակը։ Իրեն կամ սիրում են, կամ՝ չէ։ Միջին վիճակ չկա։ Ինքն էլ սիրում է, կամ՝ տեսնել չի ուզում։ Բայց իր մասին խոսել էլ չի սիրում։ Չհավատաք, թե մի օր կասի՝ էդպիսինն եմ, կամ հակառակը։

Խանութում նոր տեսականի կա։ Իսկ ինքը ընտրել էլ չի սիրում։ Ոչինչ։ Կնայի առաջինն աչքի տակ ընկածին, կփորձի՝ ձևականորեն, ասելու՝ հա, լավ է։ Վերցնում եմ։ Հետո կնայի կոշիկի տոպրակին ու կկարդա գրածը։ Իրականում դա ոչինչ չի տա իրեն ու ոչինչ չի խլի, դե, մի երկու վայրկյանից բացի։ Կարևորը՝ էդ ողջ ընթացքում լեզվի տակ իրեն զգացնել էր տալիս նոր գտած երգի բառերը։ Մի քիչ խճճված է ստացվել ուղղակի, բայց ոչինչ։ Տանը ամեն ինչ տեղը կընկնի։ Այդպես է, չէ՞։ Տանը միշտ ամեն ինչ տեղն է ընկնում։

-Ձեր մանրը…

-Ախ, հա: Շնորհակալ եմ։

Հետո էլի կանգառում կսպասի հերթականին։ Կնստի, կես կանգառ հետո կկանգնի՝ որոշելով, որ չէ, երևի արժի տեղը ինչ-որ մեկին զիջել։ Ի՞նչ կա որ։ Ամբողջ օրը կանգնած ես՝ քսան րոպե էլ կանգնիր, էլի։ Գուցե նա՝ իր ամենօրվա հոգսերով ու առևտրով բեռնավորված՝ իրոք ունի նստելու կարիք։ Կիջնի գազելից ու ինքն իրեն ինչ ասես որ չի ասի։ Միայն նրա համար, որ չկարողացավ մարդուն առաջին հայացքից կարդալ։ Նրա փոխարեն, ախր, կարելի էր այն խեղճ կնոջը նստելու տեղ տալ։ Ո՞նց չտեսար, որ մի կերպ էր ոտքի վրա մնում։ Իսկ այն մյուսի նայելը… Լավ է։ Քայլիր։ Մի օր կսովորի երևի՝ նրանց էլ՝ երթուղայինի մեջ տեղ լինել-չլինելու պես լուրջ չվերաբերել։

Տան ճամփին էլի մեկի աչքերի մեջ նայելու առիթ կլինի։ Էլի չի տեսնի՝ ինչ կար այնտեղ, փոխարենը ուրիշի աչքերը օգնում են իրեն՝ տեսնել սեփականը։ Ինքն է ասել։

Կիրակիին դեռ շատ կա։ Ախր, շաբաթը դեռ նոր է սկսվել։ Տեսնես՝ ինչի հենց էսօր պիտի ասեր, որ չմոռանա։ Ինքն էլ չգիտի ՝ ինչ է անում։ Կամ, ընդհանրապես, ի՞նչ աշխատանք։