
Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի
Նորից ես եմ` Միլենան, մի քանի օրով գնացել էի Երևան` գեղեցիկ նկարներ անելու, ու չէի էլ համբերում, թե երբ պիտի հասնեմ տուն և ուղարկեմ:
Տանը ձանձրալի է. արձակուրդներս ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշեցի մի քանի օրով գնալ Երևան, քանի որ շատ եմ սիրում Երևանը ու կարծում եմ, որ շատ-շատ նկարելու բան կա:
Հասնելուն պես գնացի զբոսանքի. մեծ տեսախցիկը ձեռքիս նկարում էի ծառերը, ծաղիկները, սակայն հիշեցի պատանի թղթակիցների սեմինարների Ֆոտոյի ուսուցչուհի Դիանայի խորհուրդը: Նա մի բան ասաց, որ երբեք չեմ մոռանա.
-Ծառեր ու ծաղիկներ նկարում են բոլորը, ու այդ նկարները էլ յուրօրինակ չեն, իսկ կա մի թեմա, որը երբեք չի ձանձրացնում` մարդիկ, ամեն մարդ տարբեր է…

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի
Որոշեցի հենց էդպես էլ վարվել, նկարում էի Նարեին:
Փոքրիկ աղջիկը` խուճուճ մազերով Նարեն, դեռ 10 տարեկան է, սակայն նրան նկարելիս ինձ թվում էր, թե նկարում եմ ֆոտոմոդելի:
Բայց երբ ժպտում է, շրջապատում բոլորը կարծես վերադառնում են մանկություն, այնքան բարություն և անմեղություն կա թաքնված ժպիտի տակ, որ պարզապես քեզ էլ ստիպում է ժպտալ:
Մութն ընկել էր. արդեն բավականին ուշ էր: Հասա տուն և միանգամից սկսեցի պատմել օրվա մասին:

Լուսանկարը՝ Միլենա Սեդրակյանի
Առավոտյան վաղ արթնացա: Պիտի հասնեի Արմավիր ու պատրաստվեի ծննդյանս օրվան, ամբողջ տարին սպասել եմ 22.06-ին:
Վստահ եմ, որ հետաքրքիր օր եմ ունենալու. ընկերներով գնում ենք բնության գիրկ: Խոստանում եմ` իմ ամենասիրելի ուսուցիչներին գեղեցիկ նկարներ եմ նկարելու ու մի գեղեցիկ հոդված եմ գրելու, թե ինչպես անցավ օրս: