Անձրևոտ շաբաթ էր: Ամբողջ յոթ օրերը անձրևել էր: Հաջորդ առավոտյան որոշեցի զբոսնել ու մենակ մնալ մտքերիս հետ:
Շուրջբոլորը թաց էր: Տանից դուրս էին եկել շատ քչերը, հատկապես նրանք, ովքեր շտապում էին աշխատանքի: Ամենուր թարմության բույրն էր:
Այգին դատարկ էր. հազվադեպ երևույթ էր: Քիչ անց կրկին սկսեց անձրևել (ա՜յ քեզ հաջողություն, անձրևանոց եմ վերցրել): Շարունակելով ճանապարհս, նկատեցի մի միջին հասակի տղամարդու, ով հայացքով անընդհատ ինչ-որ մեկի էր փնտրում ու կարծես թե բավական երկար ժամանակ, քանի որ վերարկուն ամբողջովին թաց էր:
Անձրևը դադարեց, որոշեցի մի փոքր էլ մնալ դրսում: Դեռ չէի հասցրել անձրևանոցս փակել, երբ մի աղջիկ ՝ մեծ ու կանաչ աչքերով, մոտեցավ, սկսեց լացակումած ձայնով հարցնել արդյո՞ք չեմ տեսել իր ոսկյա ականջօղը, վաղո՞ւց եմ այդտեղ: Ես բացասաբար տարուբերեցի գլուխս ու առաջարկեցի օգնությունս: Համաձայնվեց: Պարզվեց պարուհի է , ու հերթական պարապմունք-մարզումին գնալուց է կորցրել:
Փնտրում էինք: Ա՜յ քեզ զարմանք, այդ մարդը դեռ կանգնած սպասում էր: Ու մեկ էլ սկսեց շարժվել մեզ ընդառաջ:
-Բա՞ն եք կորցրել:
-Ըհը,- ասաց Կարինեն ու սկսեց լաց լինել:
Մինչ ես փորձում էի հանգստացնել, այդ մարդը պարզեց ձեռքը ու երբ բացեց, աղջիկը դադարեց լաց լինել, դեռ ավելին, սկսեց ժպտալ:
- Սա՞ ես կորցրել: Դե’, վերցրու, առանց այն էլ ուշացա աշխատանքից: Հա, ու ուշադիր եղիր, հաջորդ անգամ միգուցե այստեղ էլ չլինեմ:
