Հարցազրույց ՖԼԵՔՍ ծրագրի շրջանավարտների համակարգող Սուրեն Կարապետյանի հետ

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի
-Քա՞նի տարի է, ինչ գործում է ՖԼԵՔՍ ծրագիրը:
-ՖԼԵՔՍ ծրագիրը 17 երկրներում գործում է ավելի քան 20 տարի, Հայաստանում 2017 թ.-ին կնշենք ՖԼԵՔՍ-ի հիմնադրման 25-ամյակը: Վերջերս մեզ միացել են մի շարք երկրներ, օրինակ` Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Էստոնիան:
-Ի՞նչ ասել է ՖԼԵՔՍ:
-Անգլերենից այն բացվում է Future Leaders Exchange, թարգմանաբար` ապագա առաջնորդների փոխանակաման ծրագիր: Ծրագրի հաղթողը մեկնում է ԱՄՆ սովորելու ավագ դպրոցում և մասնակցում մշակութային փոխանակման: Մշակութային փոխանակում տեղի է ունենում նաև իր նոր շրջապատում, իրեն հյուրընկալող ընտանիքում:
-Ի՞նչ ասել է առաջնորդ: Որտե՞ղ և ինչպե՞ս են դրսևորվում ծրագրի հաղթողի և շրջանավարտի առաջնորդական ընդունակությունները:
-Մեր ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է` օգտագործել մեր շրջանավարտների գիտելիքները և հմտությունները, ռեսուրսները իրենց քաղաքներում, գյուղերում և համայնքներում մի շարք բարեփոխումներ կատարելու համար: Եթե ծրագրի շրջանավարտն ունի իր բնակավայրի բարելավման որոշակի գաղափարներ, Ամերիկյան խորհուրդները օժանդկում են շրջանավարտին, որպեսզի ծրագիրն իրականացվի:
-Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին:
-2016թ. սեպտմեբերին ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր սովորում են 9-12-րդ դասարաններում, քոլեջների 1-3-րդ կուրսերում: Դիմողները պետք է ծնված լինեն 1999 թ.-ի փետրվարի 15-ից մինչև 2002 թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Հաշմանդամություն ունեցող դիմորդները պետք է սովորեն 8-12-րդ դասարաններում: Բայց 12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող:
-Ի՞նչ փուլերից է բաղկացած ծրագիրը, և արդյո՞ք դժվար չէ:
-Ծրագիրն իրականում դժվար չէ, բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլը 16 հարցից բաղկացած թեստ է: Մյուս փուլերում նաև ավելանում են շարադրությունները և ELTIS անգլերենի թեստը, որը ավելի ընդլայնված տարբերակն է: Լինում են խմբային աշխատանքներ և հարցազրույցներ:
-Առաջին փուլին միջին վիճակագրական տվյալներով քանի՞ հոգի է մասնակցում:
-Դա իրականում կապված է լինում կոնկրետ տարվանից: Միջինը տարեկան 800-900 մարդ է դիմում: Եթե դիմորդը ունի բաց մտածելակերպ, ապա իր համար այդքան էլ որոշիչ չպետք է լինի, թե քանի հոգի է իր հետ միասին դիմում ծրագրին:
-Ի՞նչ մակարդակի անգլերեն պիտի իմանա դիմողը, որպեսզի հաղթահարի առաջին երկու փուլերը:
-Հայտարարությունը, որ անգլերեն լավ չգիտեն, ուրեմն չեն կարող անցնել, միանշանակ սխալ է: Ծրագրի համար անգլերենի գիտելիքները առաջնային պայման չեն: Մենք հաճախ ունենում ենք ծրագրի հաղթողներ, ովքեր ունեն անգլերենի ոչ բավարար գիտելիքներ և մինչև ծրագրի սկսվելը մասնակցում են Մոլդովայում տեղի ունեցող ամառային ճամբարին` ձեռք բերում բավարար գիտելիքներ ԱՄՆ-ում սովորելու և ապրելու համար:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի
-Այս 25 տարիների ընթացքում քանի՞ շրջանավարտ է ունեցել ՖԼԵՔՍ ծրագիրը:
-Արդեն հասցրել ենք ունենալ 947 շրջանավարտ: Մեր ամենաերիտասարդ շրջանավարտը 16 տարեկան է, իսկ ամենամեծը` 40: Ունենք տարբեր մասնագիտությունների տեր շրջանավարտներ հանրապետության բոլոր մարզերից:
-Ինչի՞ հիման վրա են ընտրվում ծրագրի մասնակիցները:
-Ընտրությունը կատարվում է դիմողի շարադրության, հարցազրույցի, հայցադիմումի և այլ չափորոշիչների հիման վրա, սակայն ընտրող հանձնաժողովը որևէ տեղեկություն չի ունենում, թե դիմողը որ երկրից է, քանի տարեկան է, անունն ինչ է, քանի որ դիմողները համարակալված են: Դրանով մենք հնարավորինս ապահովում ենք արդարությունը:
-Ինչպե՞ս են ընտրվում հյուրընկալող ընտանիքները:
-Հյուրընկալող ընտանիքները ևս դիմում են Ամերիկյան խորհուրդներին, այնտեղ մանրակրկիտ ուսումնասիրություններ և ստուգումներ են արվում, որպեսզի ապահովվի ՖԼԵՔՍ ծրագրի մասնակցի անվտանգությունը և ապրելու անհրաժեշտ պայմանները: Ստուգումների բարեհաջող ելքի դեպքում, ընտանիքները հնարավորություն են ունենում հյուրընկալել փոխանակման աշակերտների, և ըստ այդմ էլ, որոշվում են աշակերտի հյուրընկալ նահանգը: Արդյունքում` հյուրընկալող ընտանիքների հետ խնդիրներ հիմնականում չեն լինում:
-Ի՞նչ քաղաքներ են ընտրվում ծրագրի մասնակցի հյուրընկալության համար` մեծ, փոքր:
-Դա կապված է, թե հյուրընկալող ընտանիքը որ քաղաքում է ապրում, բայց հիմնականում քաղաքները փոքր են լինում, ինչը շատ հարմար է աշակերտների ապահովության տեսանկյունից: Դա նաև հնարավորություն է տալիս մասնակցին` ծանոթանալու բուն ամերիկյան կյանքին, ինչը նա չէր կարողանա զգալ, եթե ապրեր, օրինակ, Նյու Յորքում կամ որևէ այլ մեծ քաղաքում:
-Իսկ ի՞նչ միջոցներով է մասնակիցն ապրում ԱՄՆ-ում, ծրագիրը ֆինանսական աջակցություն տրամադրո՞ւմ է:
-Մասնակիցներն ապրում են ընտանիքում ինչպես ընտանիքի անդամ, դրան զուգահեռ` ստանալով ամսական 125 դոլար` առօրյա ծախսերը հոգալու համար:
-Որպես ծրագրի շրջանավարտ մի փոքր պատմեք ձեր փորձի մասին:
-Ես 2008-2009 թվականների շրջանավարտ եմ եղել, ապրել եմ Արքանզաս նահանգում: Ինձ համար կրկնակի հետաքրքիր էր, քանի որ այդ ընտանիքը հյուրընկալել էր նաև Հարավային Կորեայից մի մասնակցի: Ես միաժամանակ ծանոթանում էի երկու տարբեր երկրների մշակույթներին: Նաև ունեի ընկերներ այլ երկրներից: Իմ ընտանիքի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ ինձնից առաջ հյուրընկալել էր արդեն հինգ մասնակցի Վիետնամից և Հարավային Կորեայից, ովքեր արդեն սովորում էին ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում: Նրանք ժամանակ առ ժամանակ ընտանեկան հավաք էին կազմակերպում, և ես հնարավորություն էի ունենում ծանոթանալ և շփվել նրանց հետ:
-Ի՞նչ է տեղի ունենում, երբ մասնակիցները ծրագրի ավարտից հետո վերադառնում են հայրենիք:
-Վերադառնալուց հետո նախ մասնակիցը պաշտոնապես դառնում է ծրագրի շրջանավարտ, կազմակերպվում են հետվերադարձման կոնֆերանսներ, որոնց ժամանակ աշակերտներին պատրաստում ենք հայաստանյան կյանքին: Օգնում ենք հաղթահարել հետվերադարձման մշակութային շոկը, ներկայացնում մի շարք հնարավորություններ, որոնք նրանք ունեն որպես ՖԼԵՔՍ-ի շրջանավարտ: Նման տեղեկատվական կոնֆերանս մենք կազմակերպում ենք նաև մասնակիցներին ԱՄՆ ճանապարհելուց առաջ:
-Ի՞նչ ասել է մշակութային շոկ:
-Անգլերենում կան տերմիններ` cultural shock, reverse cultural shock` թարգմանաբար, մշակութային շոկ և հակադարձ մշակութային շոկ: Այս երևույթը շատ անհատական է: Մասնակից կա, որ ընդհանրապես չի էլ ենթարկվում մշակութային շոկի, մասնակից էլ կա, որ շատ ծանր է տանում: Երբ հայ մասնակիցը, ով սովոր է հայկական միջավայրին, հայտնվում է բոլորովին օտար սովորույթներով միջավայրում, ենթարկվում է մշակութային շոկի: Ծրագրի նպատակներից մեկն այն է, որ մասնակիցը կարողանա ընկալել տարբեր երկրների միջև եղած տարբերությունները: Իսկ հակադարձ մշակութային շոկը տեղի է ունենում, երբ ուսանողն, ով արդեն սովորել և ադապտացվել է օտար միջավայրին, վերադառնում է հայրենիք, որտեղ արդեն ամեն ինչ անսովոր է դարձել:
-Ինչո՞ւ են ընտանիքները հյուրընկալում փոխանակման ծրագրի աշակերտներին:
-ԱՄՆ-ում կամավորությունը ամենատարածված մշակույթն է, ինչը կփաստեն ՖԼԵՔՍ ծրագրի բոլոր շրջանավարտները: Այս ընտանիքները դա կատարում են, որպես կամավորական աշխատանք և իրականացնում են առանց որևէ ֆինանսական և հարկային նկատառումների:
-Ո՞վ է ֆինանսավորում ծրագիրը:
-Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:
-Ի՞նչ հաջողությունների են հասնում ձեր շրջանավարտները և որտե՞ղ են հետագայում աշխատում:
-Մենք ունենք շրջանավարտներ, ովքեր աշխատում են պետական կառավարման համակարգում, բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, բիզնես ոլորտում և ունենք շրջանավարտներ, ովքեր աշխատում կամ սովորում են արտերկրում:
-Ե՞րբ են մեկնարկելու ՖԼԵՔՍ-ի նոր ուս. տարվա քննությունները:
-ՖԼԵՔՍ-ի առաջին քննությունը լինելու է սեպտեմբերի 15-ին Թալինում, իսկ վերջինը` հոկտեմբերի 2-ին Երևանում: Ավելի մանրամասն տվյալներ կարող եք կարդալ մեր վեբ կայքում` www.americancouncils.am:
***
Քննությունների օրերին և ծրագրին մասնացկելու պայմաններին կարող եք ծանոթանալ Ամերիկյան Խորհուրդների կայքում` http://americancouncils.am/am/flex-exam-dates-2016/