
Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի
-Սոնա~, այ, Սոնա~…
Առավոտյան ժամը 9-ին ինձ իմ անուշ քնից ուզում է զրկել մայրս:
-Պրծի հելի, որ պիտի օգնես:
Քանի որ 3 օր տանն էինք, նա որոշեց պահածո պատրաստել (սմբուկի խորոված), դե, ես էլ բնականաբար պիտի օգնեի:
-Ես բադրիջանները խորովել եմ. ամեն ինչ պատրաստ դրած ա: Գնա նստի` մաքրի, մինչև բիբարը լինի:
Սմբուկն էլ հո սմբուկ չէր` աժդահա ու մեծ ամանով լիքը: Դե Սոնա ջան, անցիր գործի: Մաքրում, լվանում, ձեռքերս մեկ -մեկ վառում, բայց չէի մոռանում մայրիկի նյարդերը ուտելու մասին:
-Մամ… Այ, մամ…
-Հըն, վերջացրե՞լ ես:
-Հա, ու սիրուն դասավորել եմ բանկաների մեջ:
-Ո՞նց, ի՞նչ բանկա, ի՞նչ դասավորել:
Իրար խառնված մայրս արագ հասավ ինձ մոտ: Տեսնելով, որ կատակ եմ անում` ծիծաղեցինք մի լավ ու նորից անցանք մեր գործին:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի
Ամենահետաքրքիր պահը տարաների մեջ դասավորելն էր: Երկուսում դասավորեցի, մեկ էլ մայրիկն ասաց, որ մի բան պակաս է:
-Վա~յ, պոմիդորը չեմ դրել:
-Վայ, Սոնա,վայ: Քեզ գործի դնելը հանցագործություն ա:
-Մամ, պիտի դատարկեմ, հա՞:
-Գժվեցի՞ր, ի՞նչ դատարկել: Երեսին կդնես պոմիդորը: Աղը չմոռանաս:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի
Դա եղա~վ… Կողքիցս էլ տեղ չգնաց` հետևում էր գործիս:
-Սոնա, աղ քսում ես, չէ՞… Չմոռանաս հանկարծ:
-Մամա, դե քսում եմ, էլի:
Շուտով նա էլ եկավ օգնության:
Մայրիկի գործ անելու ժամանակ ֆոտոներ էի անում, իսկ ինքը գիտեր, թե «սելֆի» եմ անում:
-Սոնա, սելֆի անելու ժամանա՞կ ես գտել:
-Մամ, ի՞նչ սելֆի… Ֆոտո եմ անում, որ նյութ գրեմ 17-ին:
Փակեցինք, վերջացրեցինք, ես էլ նստեցի ու սկսեցի նյութս շարադրել:
Հ.Գ. Աշնանը բոլորն են պահածոներ անում, շուտով կվերջացնեն: Հաճախ խիստ ասում են` պահածոներ մի արեք, վտանգավոր է: Սակայն բոլորը լսում են լուրերը, բայց մեկ է, շարունակում են պահածոյացնել: Ես հասկանում եմ նրանց, ախր, ձմռանը գյուղացին ոչ բերք ունի, ոչ ավելորդ գումար, իսկ ապրել պետք է: Մնում է միայն ձմռանը ուտելուց առաջ մի լավ եռացնել պահածոն, որ այս չարչարանքի համար չզղջանք: