Երբ խոսում է ցավը, լռում է ամեն ինչ, կանգ է առնում անգամ ժամանակը:
Եթե մի օր սովորեմ երազել, կերազեմ հավատալ հրաշքներին:
Տասնվեց տարիների ընթացքում չէի հասկացել, թե ինչ է նշանակում պատերազմ: Մեծերը հիշում են, իսկ փոքրերը պատկերացնում: Կարծես թե նրանք երբեք չէին լսել այս արտահայտությունը. պատերազմ հանուն հայրենիքի:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի
Ապրիլի չորս… Լուսինը կրկին կորավ մշուշի մեջ: Քամին փոթորկի պես աննկատ անցավ իմ կողքով: Պայթեց ականը, գետինը ցնցվեց, կանաչ խոտը արյունով ներկվեց: Ծանր էր օրը, օդը ճնշում էր, իսկ ամպերը՝ ոռնում: Այդ օրը իջել էի եկեղեցի զինվորների համար աղոթելու և մոմ վառելու:Եկեղեցու բակում ինձ ասացին, որ մեր գյուղապետ Մայիս Միրզոյանը զոհվել է: Ավելի մեծ ցավ պատճառեց այն, որ նրա հետ զոհվել էին նաև հորեղբայրս՝ Սեդրակ Ասրյանը և հորաքրոջս ամուսինը՝ Եղիշե Նիկոլյանը: Արցունքներ, որ գլորվեցին աչքերիցս: Ցավ էր, մեծ ցավ: Ընտանիքներին ավելի շատ տանջում էր այն, որ նրանք չհասան ռազմի դաշտ, այլ զոհվեցին թշնամու անօդաչու սարքի առաջացրած պայթյունից:
Ընկան հերոսի պատվով և վերջին խոսքը «Հայր Մեր»-ը եղավ: Նրանք չէին պատկերացնում, որ իրենց մոր ձայնը վերջին անգամ են լսելու, որ այս երկու հազար տասնվեց թվականի ծաղկած գարունը իրենց վերջինն է լինելու: Շատ բան չէին պատկերացնում, պատկերացնելու ժամանակ չունեցան: Ինը մարտիկներ անմահացան, զրկվեցին սիրուց, կյանքից հեռացան:
Բոլորը պատմում են, խոսում նրանց մասին, նկարագրում նրանց, նրանց մարդ կերպարը: Գովեստի շատ ու շատ խոսքեր են ասում, բայց իմ կարծիքով, չկան բառեր, որոնք կբնութագրեն նրանց: Լացում են, ողբում, բայց այս ամենն էլ հետ չի բերի մեր հերոսներին:
Արմենը կրկին գնաց ծառայության, բայց ծեր մայրը աղաչում էր, որ չգնա: Նրան անգամ հետ չպահեց այն, որ մոր մինուճարն էր: Չուներ զավակ, որ իր գործը շարունակեր, ամուսնացած չէր:
Կարոն ունի հինգ զավակ, գնաց նրանց պաշտպանելու համար:
Սեդրակը արդեն ուներ պատերազմից հուշեր, բայց նորից գնաց:
Միրզոյանին ոչինչ հետ չպահեց: Գնաց, որ իր զինվորների կողքին լինի:
Եղիշեն նորածին թոռան համար նոր տուն էր կառուցում, բայց գործը կիսատ թողեց:
Գնացին հերոսները և անմահացան, մարտնչելու ժամանակ չունեցան:
Մայիս Միրզոյան, Սեդրակ Ասրյան, Եղիշե Նիկոլյան, Սերգեյ Դանղյան, Արմեն Բեգլարյան, Արմեն Հովհաննիսյան, Էդուարդ Ալեքսանյան, Դավիթ Սարգսյան, Կարո Համբարձումյան:
Ցավակցում եմ բոլոր հայերիս, այն մայրերին, ովքեր հերոսներ են ծնել: Ձեր և ձեր զավակների շնորհիվ այսօր հայը գլուխը հանգիստ դնում է բարձին: Նրա՛նք, ովքեր ողջ և առողջ կանգնած են սահմանին, մաղթում եմ խաղաղ օրեր: Դուք մեր հպարտությունն եք: