Հարցազրույց չարենցավանցիների կողմից արդեն շատ սիրված «Անդոկ» ազգային պարերի խմբի ղեկավար Հրայր Փարսադանյանի հետ: Հրայրը ընդամենը 17 տարեկան է, և այս տարիքում նա արդեն շատ հաջողությունների է հասել:

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի
-Կներկայանա՞ք:
-Հրայր Փարսադանյան՝ «Անդոկ» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար: Սովորում եմ Պարարվեստի ուսումնարանում, նաև ուսումնասիրում եմ ժողովրդական պարեր:
-Ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք պարով:
-Պարել սկսել եմ 6 տարեկանից, սակայն 10 տարեկանում թողել եմ պարը: Բայց հետագայում կրկին սկսեցի զբաղվել պարով, և արդեն 4 տարի է, ինչ պարում եմ:
-Ի՞նչը դրդեց խումբ ստեղծել և այն անվանել «Անդոկ»:
-Խումբը ստեղծել եմ, որպեսզի մեր երիտասարդությունը ճանաչի իր արմատները, իր ժողովրդի երգն ու պարը: Իսկ Անդոկը Արևմտյան Հայաստանում գտնվող լեռ է, որը շատ մեծ դեր է ունեցել հայերի կյանքում, քանի որ երբ սկսվել են Սասունի ջարդերը, հայերը երկար ժամանակ թաքնվել են Անդոկ լեռան անտառներում, և մի շարք հայեր, այնտեղ թաքնվելով, կարողացել են փրկվել:
-Որքա՞ն ժամանակ է, որ խումբը գործում է, և քանի՞ աշակերտ ունեք:
-Խումբը գործում է մեկ տարի: Արդեն ունենք սեփական տարածք, որը մեծ քայլ է առաջ գնալու համար, և ունենք 50-ից ավելի աշակերտ:
-Արդյոք կա՞ տարիքային սահմանափակում:
-Սեփական երկրի ազգային պարերը ճանաչելը տարիք չի հարցնում: Իհարկե, 6 տարեկան երեխան չի կարող պարել, բայց 8-90 տարեկան յուրաքանչյուր անձ կարող է գալ և ընդունվել մեր խումբ:

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի
-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում խմբի հետագա գործունեությունը բարելավելու համար:
-Խումբը արդեն հասցրել է ելույթ ունենալ մի շարք բեմերում: Քանի որ համերգները և մենահամերգները խմբի համար շատ կարևոր են, այժմ դրա համար պլանավորում ենք մեծ մենահամերգ Երևանում, նաև ցանկանում ենք համերգ կազմակերպել հենց մեր քաղաքում՝ Չարենցավանում:
-Իսկ կցանկանայի՞ք նույն կազմի հետ աշխատել նույնիսկ քսան տարի անց:
-Թեկուզ երեսուն, քառասուն տարի էլ անցնի, դա նշանակություն չունի, ես պատրաստ եմ նույն մարդկանց հետ աշխատել:

Լուսանկարը` Աբիռ Դավթյանի
-Ինչ-որ բան կա՞, որ կցանկանայիք ավելացնել:
-Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսի «Լույս» կրթական միությանը` մեզ աջակցելու համար: Դիմում եմ հայ ժողովրդին, հայ ազգին, որ ավելի շատ հետաքրքրվի և ուսումնասիրի մեր պատմությունը, որպեսզի իմանա, թե ով է հայը, և որտեղից է սկիզբ առնում մեր ազգը, քանի որ մի շարք մարդիկ աղավաղում են մեր ազգայինը՝ չիմանալով, թե որն է հայկականը: