- Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի
Այսօր գրականության ժամին խորասուզված Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» էի կարդում, ու հանկարծ մտքովս անցավ ուսուցչուհուս հարցնել, թե ի՞նչ նորություն կուզենար, որ լիներ մեր գյուղում: Ու նա ասաց, որ կցանկանար անվանի դերասաններ գային մեր գյուղ` Կալավան, ու զրուցեին մեզ հետ իրենց դերասանական արվեստի մասին: Պատմեին կինոյից կամ թատրոնից: Ու վերջում ասաց` գոնե տարին մեկ անգամ:
Ես սկսեցի մտածել ու երազել այդ մասին: Մտքովս անցան մեր դպրոցի երեխաները՝ Դիանան ու Էդուարդը, որոնք լավ դերասանական տվյալներ ունեն ու մեծ հաջողությամբ կարող են տաղանդավոր դերասաններ դառնալ: Պատկերացրեցի, թե ինչպես կզրուցեին անվանի դերասանների հետ, որոշ խորհուրդներ կստանային: Նույնիսկ կարող էինք փոքրիկ ֆիլմ նկարել մեր գյուղի մասին: Իսկ հետո սթափվեցի ու հասկացա, որ դա ընդամենը երազանք է, իրականությունից շատ հեռու: