Անտեր հայրենիք

…130 կրակի… 130 (խշշոց)… Զորքիս մորթում են… Կրակի (էլի խշշոց)…

֊Սրանք իրանց մոր արգանդից գլխի են ընգել, ապէ։ Ինչի՞ են մեզ ստե պահել։ Պահել են ի՞նչ անենք։ Մեր ախպերներն են ընդե զոհվում։ Խի՞ չեն տանում։

֊Տրամս չի բացվում։ Վանս զոհվավ էսօր, քեռուս էլ են տարել, ես ստե գետի ափին խորոված եմ անում։ Ո՞նց եմ կռվից հետո հետները սեղան նստելու, ո՞նց աչքերին նայեմ։ Չի դզում, հորս արև։

֊Արա, մեռնեմ ես ձեր սրտին, էթանք, մորթենք, կռվենք… Ես ձեր ցավը տանեմ, տղերք ջան,- ՄՕԲ-ն էր թռվռում։ Ուժեղ տղերք էին, մեզ էին մեջք կանգնում։ Բա ոնց…

* * *

-Դա՛վ, զանգել էր։ Քեզնից էր հարցնում։

-Իրարից գեշ կնեղանանք, Վալյա, եթե ինֆո ես տվել։ Եթե էդքան մեկ ա իրա համար, որ ինձ չի զանգում, թող անտեղյակ մնա։

(Ես սենց բանի։ Կռվի վախտ էլ ա հպարտություն խաղացնում։ Էշի մեկն ես։ Սովորի)։

* * *

Ճամբարում առաջինն էի արթնացել։ Տեղս անհարմար էր, չէի կարողանում քնել։

Մթնոլորտը խառն էր։ Շարժ  կար հետևակի կողմը։

Չլինի՞ խելքները գլուխներն են հավաքել։ Վայ թե` գնում ենք, դզեց։

-Կամանդի՛ր, կամանդի՛ր։

-Ի՞նչ ա, խի՞ ես դուռը ջարդում,-քնաթաթախ մրթմրթաց։

-Կամադիր, հլը հել։ Ոնց որ գնում ենք։

Լուրը հաստատվեց։ Ուրախացա։

-Տարո՛ն։ Արա՛մ։ Տարո՛ն… Տարո՛ն։ Արթնացե՛ք, ապէ։ Շու՛տ արեք։ Արամո՛… Հելեք, Ղարաբաղ ենք գնում։

-Հը՞։

-Հա, շուտ արեք, իջեք։ Գնում ենք։

-Կայֆ, արա։ Էս ոնց ա դզում…

* * *

-Կամանդիր, էս ի՞նչ զորք ա։ Խի՞ են մեզ հակառակ շարքով քայլում։ Էն էլ էս գիշերով։

-ՄՕԲ ա, վայթե։ Բայց խի՞ են հակառակ գնում։

-Ի՞նչ ա էլէ, հոպար։ Խի՞ ես տենց հուսահատ վրես նայում։ Ես գնում եմ հող պահեմ, դու խի՞ ես հետ գնում։

* * *

-Դավո՛։ Հե՛լ։ Ջաբրաիլ ենք հասել։ Плащ-палатка քցի վրեդ, արի։ Շարել ա։

«Ըխք, արա, ըխք։ Սաղ ջուր եմ, զենքիցս չռռում ա։ Էս անտեր պալատկեն էլ չի պահում։ Էս Շան տղա անձրևը խի՞ չի կտրվում… Արդեն չորս ժամ ա կանգնած ենք»։

Ծոցագրպանիս նկարների հետ մեկ էլ էս բառը մնաց քեզնից։ Թե խի եմ մինչև հիմա պահում՝ ես էլ չգիտեմ։ Հետ կվերադարձնեմ, բան չկա… Թե սաղ մնամ»։

Ամբողջ գիշեր անձրևեց։ Ամբողջ գիշեր չքնեցինք։ Սրթսրթում էինք թաց շորերի մեջ։

Շատ բան պետք չէր. մի քիչ արև։

* * *

-Մինամյո՛տ։ Հավաքվեք։ Տեղավորվեք։ Շարժվում ենք։

«Վերջապես»։

Լուսաբացին հասանք տեղակայման վայր։ Ամեն ինչ լուռ էր։ Թուրքը լուռ էր։ Երկինքը լուռ էր։ Ռադիոկապը լռում էր։ Մենք էլ էինք լուռ… Լուռ սրթսրթում էինք։

«Արևն ի՞նչ ա, չկա, ես սենց բանի…»

Երեկվա կռվից մազապուրծ եղած մի քանի զինվոր էր մնացել։ Շուրջներս էին հավաքվել, պատմում էին, թե ոնց երեկ՝ կանգնածս տեղում մեկը մասերի բաժանվեց.

-Էն ա, ախպեր։ Սմերչ ա։ Երեկ խրվավ, չգմփաց։ Հետևն էլ մեր գրադն ա՝ Բ**ի տղա բեզպիլոտնիկը մոխրացրեց։ Ձեզ հաջողություն, ախպեր։ Լավ մնացեք։ Հելանք։

Ավտոմատները չէին կրակում։ Ականներ չէին պայթում։ Զգացողություն չկար։ Ամեն ինչ լուռ էր։ Տարօրինակ կերպով լուռ։

Մեզ օգնական ՄՕԲ-ն էլ լքեց մեզ.

-Հո մսաղաց չե՞նք եկել։ Ուզում ենք ապրենք, ախպեր։ Ձև չկա ստե սաղ մնանք։ Մենք գնում ենք։ Ո՞վ ա գալիս։

-Ու՞ր, այ ախպեր։ Ձեզ մեզ են կցել։ Ու՞ր եք գնում,-հրամանատարն էր շշմել։

-Մենք հելանք։

-Հաջողություն։

«Ո՞նց էր. «Գնանք, տղերք ջան, մորթենք, թափենք, կռվենք։ Ես մորթելու, կռվելու մասին ուրիշ պատկերացումներ ունեի, հոպարս»։

Մեկը կար մեջները՝ Գեղամը։ Ձեռ էին առնում ամբողջ ընթացքում։ Խեղճ ընտանիքից, խեղճ բնավորությամբ, խեղճ ապրելակերպով մարդ էր։ Չէր խոսում կամ քիչ էր խոսում ու շշուկով։ Նրանք, ովքեր կոտորելու էին եկել, լքեցին առանց մի կրակոցի, թարմ զենքերով: Գեղամը մինչև վերջ մնաց մեր կողքին, առանց զրահաբաճկոն, առանց սաղավարտ։ Ական էր մատակարարում։ Իր պես մարդիկ էին երկիրը պահելու եկել։ Տասնութ տարեկան տղերքի հետ կռվելու համար իր պես մարդիկ սեփական ընտանիքը թողեցին հետևում։ Դաշտում իրեն տեսնողները հարգանքով են խոսում իր մասին՝ ամեն անգամ հիշելուց։

Գեղամը գնաց միայն երկու եղբայրներին կորցնելուց հետո։

-Գնա, ախպեր, դու քո կռիվը տվեցիր։ Հերիք ա։

* * *

-Էս վաշտը չի՞։

-Ի՞նչ կա, ախպերներ։ Էս ո՞ւր եք գնում։

-Ախպեր, գնում ենք առաջ, դիրքավորվենք։

-Արա՜, Նինի։ Ի՞նչ կա, գոմփոլս։ Դու էլ ե՞ս գնում հետները։

(Ծիծաղում էր, էլի կատակ էր անում՝ ծանր զենքն ու զինամթերքը ուսին):

Մնայիր, էլի։ Մեր ստորաբաժանմունքում էիր ծառայում, լավ հրետանավոր էիր։ Տեղափոխվելն ինչի՞դ էր պետք։ Մնայիր, հիմա էլ ծիծաղեինք։

Վերջին անգամ էինք տեսնում առաջնագիծ մեկնողներին։ Մի մասին՝ ուղղակի վերջին անգամ։

* * *

-Ալո։ Ա՞րթ։

-Դա՞վ։ Բալուս։ Ի՞նչ կա, ախպեր։

-Բան չէ։ Ուշադիր լսի։ Մարդ չգիտի, քեզ եմ մենակ զանգում։ Տանում են։ Գնում ենք։

-Ո՞նց։ Ու՞ր։

-Ղարաբաղ ենք գնում։ Ներքևները։ Ջաբրաիլ երևի։ Մերոնց չասես։ Հանկարծ չիմանան, Արթուր։ Ինչքան կարաս` պահի։

-Լավ։ Զգույշ կլինես։

* * *

130… Բուժկետ չկա։ Ավտո ուղարկի։ Վիրավորներ ունենք։ Մինապոլյա ա, զգույշ կգաք։

* * *

-Գորգոյա՛ն, Ղևոնդյանին վերց, արի ստեղ,- առաջնագծում տեղավորվել էին։ Մենք էլ հրաման ունեինք,- շոֆեռներին հրահանգավորեք։ Ձեր երկուսի մինամյոտն ենք բացազատում մենակ։ Քշեք ստեղ, մարտի տվեք։ Նշանառվում եք այ էն վիշկեքով։

«Այ էս ուրիշ բան»։

Հետո պիտի դրանք մեր կռվի սիմվոլը դառնային։ Ջաբրաիլի հայտնի «վիշկեքը»։

Ամեն ինչ արվեց շատ արագ ու պրոֆեսիոնալ մակարդակով, առանց ավելորդ լարվածության, շտապ ու ճշգրիտ։ Մնում էր սպասել գործելու հրամանին, իսկ հրամանը ուշանում էր։

-Վայ, ես ձեր … (հայհոյախառը արտահայտություններ ) ,- առաջին հարվածը ստացանք։ Առաջին անգամ լսեցինք երկնքի սուլոցը, առաջին արկը, առաջին ծուխը, հողի առաջին ցնցումը… Մեր առաջին օրհնությունը։

Պատասխանն էլ չուշացրեցինք (մեր երկրորդ օրհնությունը), ու սկսվեց։

«Բալուս»։

* * *

Նույն ժամանակ, զուգահեռ իրականությունում, մայրս ծնկեց հյուրասենյակի մեջտեղում ու գլուխը ձեռքերի մեջ առավ, հայրս հացը կիսատ կծեց ու կուլ չտվեց, տատս ծնկեց զույգ մոմերի առջև ու գլուխը վեր պարզեց, քույրս էլ շվարեց անծանոթ տեսարաններից ու սկսեց լալ՝ մորս փաթաթված…

Ես էլ պիտի բթացած դեմքի արտահայտություն ընդունած “Daroink” ծամեի մինչև հաջորդ հրամանը, կամ կուչ գայի մի ծնկաչափ խրամատում, մինչև կարկուտը դադարեր։

«Յանդ տարել ա՞։ Թքած իրա վրա էլ։ Ի՞նչ ես Ռեմբո խաղում, էշի մեկը։ Բա տո՞ւնդ։ Մեռնել չկա։ Մեռնելու եկողը հետ չի գնում։ Հլը օտպուսկ չեմ գնացել, քրոջս առաջին դասարան չեմ տարել, տղերքի հետ լեվի չեմ գնացել, վերջին բաժակս կիսատ եմ թողել, Ռիոն չեմ տեսել… Էդքան բանն ո՞վ ա քո փոխարեն անելու»։

* * *

Վախն ամենասովորական բանն է կռվի ժամանակ, բայց շատերիս համար դրա ժամանակն ամենևին չկար։ Լարված ընթացքը բթացնում էր և՛ սովը, և՛ վախը, և՛ հոգնածությունը, և՛ քունը, իսկ միակ մտածելու թեման գործողությունների մեջ արագ ու ճշգրիտ լինելն էր` փրկելու համար հա՛մ մեր , հա՛մ առաջնագծում կռվողների կյանքը։ Մեկ սխալ հաշվարկի պատճառով արկը կարող էր մեր տղաների կյանքը խլել, անուշադրության պատճառով՝ մեր։

Ճակատում տղերքը հարձակման էին անցել։

-130, լավ ա, տանկ ա ցելը, լի՛ց, լի՜ց…

Երկար խշշոցին հետևող աղաղակը մի բան էր նշանակում։

«Կպանք»։

Թշնամին ակտիվ աշխատում էր մեր ուղղությամբ՝ փորձելով կտրել մեր առաջնագիծը հրետանու աջակցությունից։ Աշխատելը դառնում էր այլևս անհնար։

-Վազեք խրամատ, շու՛տ արեք։

Հողն անդադար ցնցվում էր, լցվում դեմքներիս։

-Սաղ կրակած ա՞։

-Ի՞նչ, կամանդիր։ Չի լսվում։

-Ասում եմ` լիցքավորած մինամյոտ հո չի՞ մնացել։

-Իմը չեմ կրակել, կամանդիր։ Գնում եմ կրակեմ, գամ։

-Գնա՛։

Զենքը չկրակած թողնել չէր կարելի։ Վազեցի կրակակետ, հաջողությամբ ձգեցի թելը, բայց հետ վերադառնալու համար ուշ էր արդեն։ Կրակահերթը թշնամու կողմից վերսկսեց ու ալիքից շպրտվեցի մեքենաների համար փորված լայն խրամատը, որ բոլոր հնարավոր տարբերակներով պիտի վերջինս լիներ։ Հետ վերադառնալը ծայրահեղ անհրաժեշտություն էր ապրելու համար, սակայն անհնար։ Ստիպված էի սպասել, մինչև դադարի։

«Ըհըն, ոնց որ խախանդվավ։ Գնա՞մ, թե՞ չէ։ Բա որ սկսվա՞վ։ Թքած, գնում եմ»։

Հազիվ էի դուրս եկել թաքստոցից, երբ երկինքը նորից սուլեց։ Էդ դեպքում երկու վայրկյան ունես ամենաշատը  պառկելու համար։ Ու մինչ կհասցնեի գետնին հասնել, ծանրություն զգացի ձեռքիս շրջանում (Երրորդ օրհնությունս): Չէի դիպել գետնին, երբ հասկացա.

«Կտրեց։ Մնացի առանց մատների»։

Կյանքում առաջին անգամ թույլ տվեցի ինձ ի սրտե գոռալ, ոչ ցավից, այլ տեսածից։

-Վիրավոր եմ,- ինձ գցեցի փոսը։

-Ո՞ւր ա,-վրա տվին։

-Հանգիստ, հանգիստ։ Փորս չի, ձեռս ա։

Խրամատի վերջից գոռացին.

-Շատ ա՞ բան եղել։

-Չէ, նորմալ ա։

-Խորքից կապի, Շանթո, մինչև Տիկոն բինտ բերի։

-Չմտածես, ախպերս։ Հը՞ն, շատ ա՞ ցավում։

-Աաաա, գժվել ես, արա։ Տղավարի ձգի մի հատ, ի՞նչ ցավալ։

-Չեմ կարում էլ, արի, կապի, Տիկո։

-Սյո, նորմալ ա, ապրեք։

-…130 կրակի… 130…

Չեմ կարում։ Չեն թողնում։ Բ**ի տղերքը տեղս գտել են։

* * *

-Հը՞ն, կյանքս։ Ծխե՞ս մի հատ, թուլանաս,-Շանթն աչքով արեց ու մեկնեց սիգարետի տուփը։ Սիրտը թուլացել էր վիրակապելուց։ Ծուխը մինչև հոգու խորքը քաշում էր։

-Ծը։

-Ցավում ա՞։

-Ծը։

-Հելեք, տղերք։ Հանգստացան։

* * *

- (Խշշոց) Կամբատ, ցել տուր, սկսում եմ։

Տհաճ էր կռվին պասիվ դիրքից հետևելը։

-Ախպեր, չե՞ս կռնա գործ էնես։ Չի ստացվում։

-Կարամ։

-Կամանդի՛ր։ Անելիքս մի ձեռով էլ կարամ անեմ։ Հելնեմ, էլի։

-Չէ՛, նստի տեղդ։

-Ախպոր պես, կամանդիր։

-Չէ։

Հացը խոնավ հողի համ ու վառոդի հոտ ուներ։ Ուտում էինք, երբ կրակում էին։ Քնում էինք առանց գիտակցելու, բնազդաբար, արկերի անդադար պայթյունների թմրած ձայների տակ։ Մահը «Գրին քարդ» էր շահել ու վազվզում էր դաշտում։ Ծանոթության ժամանակը չէր։ Մեռնել չկա։

-Գորգոյա՛ն, էն սարի գլխին Լեննականի բուժկետն ա, վազի ընդե, թող պերեվազկա անեն։

-Լավ, կամանդիր։

Ջահել տղա էր Գոռը։ Բժշկական համալսարանում էր սովորում։

-Արի, ապ, արի տենամ` ինչ է եղել, ինչխ է եղել։

Բզբզում էր բինտը, դանդաղ բացում, նյութեր լցնում ու ամեն քայլին նայում դեմքիս։

-Շա՞տ եմ ցավացնում։

-Ծը։

-Հիմա՞

-Ծը։

-Ապ, գոնե միմիկա շարժի։ Ո՞նց կըրնա չցավա։ Ես քու ցավը տանեմ։ Հալալ է քեզ, ապ։

Շտապ օգնության բուժքույրը կողքից լուռ հետևում էր ընթացքին։ Վերջացնելուց հետո ընկավ վզովս, համբուրում էր անդադար։

-Վայ, մեռնեմ ես քո սրտին։ Ցավդ տանեմ, բալես։ Որձ ա, է։ Բա սաղ սենց չլինեի՞ն։ Գալիս են՝ մատս քերծվել ա, հոսպիտալ տարեք, էլ շատ իմանամ ինչ։ Մեռնեմ ջանիդ, ախպերս։

-Ապ, քեզ չեմ թողնի գնաս։ Էսա հոսպիտալի մաշնեն կուգա, կերտաս։ Էս սենց չի կռնա մնա։ Պիտի հետևեն, որ վերականգնվի։ Չմտածես, ծո։ Դզվելու ա։ Հլը  առ էս սնիկերսը ներս արա, մինչև տենանք ինչ կուգա գլխներիս։

Հաջորդ օրը պիտի կռվի մեջ մտնեին իրենց զորքի հետ։

Հուսամ ողջ ես, մոք։

-Դավոն դո՞ւ ես, ապ։

-Հա, ի՞նչ կա։

-Կամանդիրդ քեզ հետ ա կանչում։

-Գոռոս, գնում եմ, ախպեր։ Հոսպիտալը կսպասի։ Շնորհակալ եմ քեզ։ Ձեզ։

-Լավ էլի, ապ։

Բարեհաջող տեղ հասա։

-Ստե արի, արա։ Ո՞ւր ես գնում։ Թռի էս փոսը։

-Հը՞, ի՞նչ կա։

-Վիրակապին, էկա, ախպեր։ Կեսը չկա։

-Ո՞վ կա ըտե։ Մի հատ կրակ բերեք։

-Ախպեր, կրակում են։

-Արա՜, ի՞նչ ես մտածում։ Մեկ ա ծուռ են կրակելու, բեր ծխենք։

Երևացին առաջին անօդաչուները՝ ուղիղ գլխներիս վերևը, իրենց անտանելի ձայնով, որ դեռ երկար ականջներումս կմնա։

-Ո՞ւր ա: Ո՞ւր կրակեմ։

-Ես էս երկրի (հայհոյանքների տարափ)։ Որ տեսողությունդ -5 լինի, չես տենա եքա սարքը։ Ո՞վ ա քեզ իգլա տվել։ Ես էդ տվողի …

-Կրակում եմ վրեն, նայի։

-Տեսա՜։ Տեսել եմ… Չի աշխատում։ Ախպեր, չի կրակում։

«Բան չկա, ախպերս։ Դու մեղք չունես, որ հայ ես, Հայաստանում ես ծնվել, էսօր էլ զոռով ստեղ են բերել քեզ։ Ոչ երկիրդ մեղք ունի, ոչ էլ թափով ծանոթներդ, որ հանգիստ ծառայությունդ են կազմակերպել, ձեռքիդ զենքն էլ չի աշխատում։ Իրանց կասես պատասխան տան իմ ու էս տղերքի համար։ Հեսա կիջնեն մեր վրա։ Գրպանիս նկարները մնացին»։

-Նշանված ես, չէ՞, Սև,-խոսակցություն բացեցի, երբ հասկացա, որ ՀՕՊ-ի վրա հույս դնել չի կարելի։

-Հա, ախպեր։

-Բա ձգում ա՞։

-Էդ ա, ախպեր։ Աղջկան տենց պիտի ասես։ Ոչ ինքը մեղք ունի, ոչ ես, որ բանակ եմ։ Էդ ա։ Սյո։ Դու ասա։ Կա՞ մեկը։

-Կար, ախպեր։ Մինչև տագնապը կար։ Չդիմացավ։

-Լավ, է։

Սևոն քնել էր։ Էդ անտանելի դռռոցի տակ անուշ քուն էր մտել։ Հիշում եմ, ձեռքը դրեց Տիկոյի ուսին ու ասաց.

-Արա, ձու՛կ։ Բեր դու մի մեռի։ Քեզ սիրում եմ, արա։

Սևոն բոլորիս մեծ ախպերն էր։ Հոր պես։ Տարիքով մեծ էր բոլորիցս ու  բոլորիս մասին էր մտածում։ Բոլորիս՝ ողջ տուն հասնելու մասին։

-Էն ի՞նչ սալյուտ ա։

«Բան չկա, ախպերս։ Մեզ չսպանեց, մեր տանկը խփեց։ Ասա, թող դրա պատասխանը տան։ Տենց էլ կլինի»։

* * *

-А у тебя давно секса не было?,֊արթնացա հիվանդանոցում։ Բարեբախտաբար՝ քաղաքացիական, որ հետո պիտի մի սիրուն վերամիավորման վայր դառնար։

«Սրանից բարի լույսս չէր կարա լիներ։ էն ի՞նչ կինո են առավոտ շուտ միացրել»։

-Բալուս, տղերք։

* * *

Դեռ երկար ժամանակ կարթնանամ սառնարանի դռռոցից ու զենքս կփնտրեմ, չեմ գտնի ու մինչև լույս արթուն կմնամ, կամ ուղղակի վեր կթռչեմ ու էլի արթուն կմնամ մինչև լուսաբաց՝ համարյա մերկ, պատշգամբում նստել, չսուլող երկնքի հետ ծխելու համար։ Գումարտակի հրամանատարի խզված ձայնը դեռ երկար ժամանակ քնիս մեջ կարձագանքեր ականջներումս.«130… Զորքիս մորթում են… Կրակի…»

130-ը կրակեց. անդադար կրակեց, որ հետո հետ եկածները ասեն. «Մի մասը չեկան, ախպեր։ Չկարացանք բերենք։ Ձեր շնորհիվ մենք փրկվեցինք։ Ձեզնով ենք երդվում»։

Թուրքը մեղք չունի։ Մենք մեր ձեռքով ենք իմ ընկերների ու ձեր որդիների դամբարանը շինել։ Մեր մեղավոր թշնամին մենք ենք։ Քո թուլությունն ու բարձրաստիճան ծանոթները։ Քո վաճառված ձայնն ու թույլ դաստիարակությունը։

Մեզ հայրենիք հարկավոր չի։ Անհայրենիք ու նվաստ հայ ենք մենք, որ մեր ձեռքի արյունը թուրքի ճակատին ենք քսում։ Թուրքի հետ բարեկամանում, թուրքի արարածը սպառում ու հետո բողոքում, որ ոտքը մեր տուն է մտցրել։ Ծանր վճար տվեցինք ու շարունակում ենք տալ։

Փսլնքոտ ազգ ենք դաստիարակում ու հետո UNESCO խաղացնում. թե` մի բուռ հող չես կարողանում պահել, լավաշն ու դուդուկը մի խոթի աշխարհի աչքը։ Էդպես չի լինում։ Էդպես տանուլ են տալիս։ Էդպես որդի են կորցնում, տուն են կորցնում, հող են կորցնում, հայրենիք են կորցնում, ինքնություն են կորցնում…