
Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի
Կալավանում կրկին գարուն է: Սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Առավոտյան դպրոց գնալիս տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ բահերն ուսներին գնում այգին փորելու: Իսկ վերադառնալիս՝ ինչպես են քրտինքը սրբելով աշխատում: Ու ցավով եմ նկատում, որ այգում աշխատողները մեծահասակներ են: Երիտասարդները ընտանիք են կազմում ու հեռանում գյուղից աշխատատեղ չլինելու պատճառով: Շատերը մենակ են մնացել:
Այս գարուն էլի մի քանի հոգի բռնեցին արտերկրի ճանապարհը: Ու մեզ համար երազանք կլիներ, որ աշխատատեղեր բացվեին: Գյուղացիները շատ կուրախանային, երիտասարդները չէին լքի գյուղը: Եվ վերջապես մեր երազանքը կկատարվեր. կսարքեին ճանապարհը, գյուղը կզարգանար: Այդ ժամանակ մեծահասակները այդքան չէին չարչարվի այգներում իրենց մի կտոր կացը վաստակելու համար:
Ու այդպես բացվում են շատ գարուններ, բայց մեր գյուղում ոչինչ դեպի դրականը չի փոխվում …