
Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի
Շաբաթ օր էր, երբ մորեղբայրս զանգահարեց մայրիկիս, բայց սխալմամբ ես վերցրի.
-Բարև, Ջեմ, էս դու պարապմունքի չե՞ս։
-Չէ, քեռ, շաբաթ-կիրակի ա, ի՞նչ պարապմունք։
-Վա՜յ, ինչ լավ ա, դե, պատրաստվեք, գալիս եմ ձեր հետևից։
-Ինչի՞։
-Գաք, օգնեք, տոպրակ լցնեք։
-Տոպրա՞կ, ինչի՞ համար։
-Վարունգի։
-Լավ, սպասում ենք։
Այս խոսակցությունից մի քիչ տխրեցի: Ես, ճիշտ է, չեմ սիրում նմանատիպ գործեր, բայց սիրում եմ օգտվել պտուղներից։ Բայց չէ՞ որ միայն օգտվելը չէ. պետք է մի փոքր տանջվել, որ հաճույքով կարողանալ վայելել այն։
Ու այդպես ես ևս աշխատեցի։ Ու արդեն բավականին ժամանակ է անցել՝ մոտ մեկ ամիս։ Երեկ, երբ պատահական տատիկիս տանը մտա ջերմոց, շատ ուրախացա, քանի որ այդ ամեն մի բույսի մեջ ես էլ իմ աշխատանքը ունեի, կարելի է ասել՝ ինձ հպարտ էի զգում, որ մի բանով ես էլ կարողացա օգտակար լինել։

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի
Երեկ նաև մի խոսակցության ներկա եղա, որը պապի ու վեց տարեկան թոռան մեջ էր ընթանում:
-Պապ, բա ես ե՞րբ եմ վարունգ քաղելու իմ ձեռքով։
-Սպասի, Հաս ջան, մի ամիս քնես, զարթնես ու քո ձեռով կքաղես կուտես։
-Այ պապի, բայց էդ ուտելու չի։
-Ինչի՞։

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի
-Դե, մաման ասել ա, որ ծախելու ենք:
-Հա, ճիշտ ա ասել, բայց էլ ինչի՞ եմ տանջվում, որ իմ թոռը չպիտի ուտի իր այգում մշակվող բերքից։
Երբ ես փոքր էի, նմանատիպ խոսակցություն եղել է նաև իմ պապիկի ու իմ միջև։ Ու երբ ամեն օր արթնանում էի, վազում էի պապիկին հարցնելու՝ վարունգները մեծացե՞լ են, թե՞ ոչ։