
Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի
Չգիտեմ, թե դու ի՞նչ ես մտածում այս արտահերթ ընտրությունների մասին, բայց ես կարող եմ ասել, որ այն շատ հետաքրքրեց ինձ: Ես սկսեցի սիրել նաև քաղաքականությունը: Չնայած արդյունքները դեռ չենք տեսել, բայց կանխատեսելի է: Ասեմ, թե ինչու սիրեցի այս նախընտրական շրջանը, և համոզված եմ, որ սրանից հետո ավելի եմ սիրելու:
Նախ, մեր համայնք` Արտենի էին գալիս թեկնածուներ, ովքեր լուսավոր էին, դրական էին տրամադրված և սուտ խոստումներ չէին տալիս: Սիրեցի, որովհետև այդ հանդիպումների ժամանակ մեր ակտիվ գյուղացիները տալիս էին շատ կարևոր և իրոք անկեղծ հարցեր: Մյուս պատճառը` դրանք բանավեճերն էին: Եթե մինչ այդ իմ ու պապիկի միջև քաղաքական բնույթի քննարկումներ էին լինում, ապա բանավեճերի եթերային ժամերին մենք լուռ լսում էինք, հետո մեկնաբանում: Պապիկս նաև կողմնորոշվեց, թե ում կարելի է ընտրել, ես նույնպես: Ափսոս, դեռ ընտրության իրավունք չունեմ: Սիրեցի, որովհետև իմ մի քանի ծանոթները արդեն դարձել էին պատգամավորի թեկնածուներ, ու հետաքրքիր էր նրանց լսել այս հարթակում: Իսկ այսօր` դեկտեմբերի 9 -ին, դուրս եկա շրջելու գյուղում և հասկանալու մարդկանց տրամադրությունները:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի
Մեր գյուղում կա 2 ընտրատեղամաս: Ես զրուցեցի մեր մշակույթի տան տնօրեն, ինչպես նաև ընտրատեղամասի հանձնաժողովի տնօրեն Մնացական Աթանեսյանի հետ:
-Պարոն Մնացական, նշեք մեկ փոփոխություն, որը կա հեղափոխությունից հետո:
-Մարդիկ անկեղծ ժպտում են, դա ակնհայտ է:
-Իսկ կա՞ փոփոխություն հենց գյուղացու առօրյայում:
-Փոփոխություններ դեռ չկան, բայց սպասումները շատ են: Գյուղացուն պետք են էժան ոռոգման ջուր, կարկտահարման դեմ պայքարող հզոր սարքավորումներ, աշխատանք, զբաղվածության խնդիրը շատ մեծ է, խմելու ջուր:
-Ի՞ նչ սպասումներ ունեք այս ընտրություններից, հանուն ինչի՞ եք քվեարկել:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի
-Քվեարկել եմ հանուն արդարության, երիտասարդների բարօրության, լավ ապրելակերպի: Այս 27 տարիների մեջ սա 2-րդ արդար ընտրությունն է: Առաջինը` Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, 2-րդն էլ հեղափոխությունից հետո:
-Երեք բառ, որոնք կարտահայտեն երջանիկ քաղաքացի լինելը:
- Խաղաղություն, աշխատանք, առողջություն:
Հետո պտտվեցի նաև Արտենիի «շենքերում», մենք այսպես ենք կոչում եռահարկերի փողոցը:
Այստեղ էլ հանդիպեցի մի քանի տատիկների, ովքեր ևս ուրախ էին այս նոր քայլերի համար և համբերությամբ սպասում են Արտենիի կյանքի բարելավմանը:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի
Կարծես թե բոլորն էլ նույն տրամադրություններն ու սպասելիքները ունեին: Ես նույնպես ակնկալում եմ լուսավոր և զարգացող Հայաստան: Եկե’ք հավատանք ու ներգրավվենք մեր երկրի առողջացմանը:
Այսօր շատ գեղեցիկ օր էր: