
Լուսանկարը՝ Սաթինե Սաքանյանի
Ես Սաթինե Սաքանյանն եմ Լոռու մարզի Բազում գյուղից: Ապրում եմ այս գյուղում ծննդյանս օրվանից ի վեր: Շատ եմ սիրում իմ գյուղը: Անկեղծ ասած, ինքն էլ ինձ է շատ սիրում: Իմ գյուղը գեղեցիկ է, լի եղևնու անտառներով, բնությունը և օդը հիասքանչ է:
Երբ ամառը գալիս է, գյուղը աշխուժանում է: Թոռնիկները գալիս են քաղաքից գյուղ` իրենց տատիկ-պապիկներին այցելության և ամբողջ ամառային արձակուրդները անցկացնում այստեղ:
Գյուղը լցվում է երեխաների խինդ ու ծիծաղով, ուրախություն է տիրում ամբողջ գյուղում: Երեխաները խաղում են, մեծերը աշխատում: Գյուղը եռում է աշխուժությունից:
Սակայն տղամարդիկ գտնվում են իրենց հայրենիքից և ընտանիքից հեռու` արտագնա աշխատանքի: Գյուղում են գտնվում երեխաները, կանայք և ծերերը: Եվ ամբողջ տան և այգու հոգսն ընկնում է տան տիկնոջ և երեխաների ուսերին:

Լուսանկարը՝ Սաթինե Սաքանյանի
Կանայք պատրաստվում են ձմռանը: Պահածոներ են պատրաստում, պանիր, ջիլ պանիր պատրաստում:
Արդեն սկսել է խոտհավաքը, բոլորը դաշտերում են, հավաքում են կենդանիների ձմռան պաշարը: Երեկոյան հոգնած տուն են վերադառնում հանգստանալու ակնկալիքով, բայց իհարկե, երեխաները սկսում են իրենց աշխուժությունը, և հանգստանալու միտքը հօդս է ցնդում: Առավոտյան արթանանալով նորից սկսվում է նույն առօրյան:
Գյուղում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:

Լուսանկարը՝ Սաթինե Սաքանյանի
Ամառը սկսելուն պես անասնապահները հավաքում են գյուղի անասուններին և գնում սարը մինչև ուշ աշուն:
Հողագործությամբ են զբաղվում մեր գյուղում կարելի է ասել ամեն ընտանիք:
Գյուղացիները ամեն առավոտ գնում են իրենց այգիները մշակելու և վերադառնում ուշ երեկոյան: Մշակում են կարտոֆիլ, լոբի, ոլոռ, լոլիկ, վարունգ և մի շարք այլ բանջարեղեններ: Ցավոք, գյուղացիներից շատերը չեն կարողանում ոռոգել իրենց այգիները, որովհետև համապատասխան պայմաններ չկան, այդ իսկ պատճառով էլ շատ ժամանակ բերքը չի գոհացնում գյուղացուն:
Գյուղացիներից շատերը գնում են անտառ` հավաքելու մոշ, ազնվամորի, որպեսզի հաջորդ օրը տանեն քաղաք վաճառելու:
Երիտասարդներն ամռանը օգնում են իրենց ընտանիքներին հողը մշակելու գործում: Հավաքվում են ընկերներով, խաղում տարատեսակ խաղեր կամ էլ գնում են գետը լողալու: Նրանք էլ այսպես են անցկացնում իրենց ամառը:
Գյուղամիջում ամռանը հավաքվում են ծեր պապիկները, ովքեր չեն գնում առտագնա աշխատանքի: Զրուցում են միմյանց հետ, խաղում նարդի:
Մեր գյուղը շատ հյուրընկալ գյուղ է, և ամռանը ունենում է շատ հյուրեր:

Լուսանկարը՝ Սաթինե Սաքանյանի
Մեր գյուղը գրավում է զբոսաշրջիկներին իր մաքուր օդով, գեղեցիկ բնությամբ, անտառներով, հանգստյան գոտիներով և Սուրբ Հովհաննես վանքով:
Գյուղում աշխատավայրեր, կարելի է ասել, թե չկան: Գյուղը ունի դպրոց և մանկապարտեզ: Ովքեր ունեն մանկավարժի կրթություն, աշխատում են կրթության ոլորտում: Գյուղապետարանում աշխատում են համապատասխան կրթություն ունեցող անձիք: Գյուղի կանանցից շատերը աշխատում են կարի գործարանում, որը գտնվում է Վանաձոր քաղաքում: Տղամարդիկ էլ իրենց համայնքում գործ չգտնելու պատճառով բռնում են արտագնա աշխատանքի ուղին:
Երեկ փողոցով քայլելիս լսեցի երկու կանանց խոսակցություն:
-Է~, դարը փոխվել է, երեկ միայն տղամարդիկ էին թողնում իրենց կանանց ու երեխաներին գնում խոպան, էսօր կանայք են թողնում իրենց տղամարդկանց ու գնում արտագնա աշխատանքի.- կատակելով խոսում էին կանայք: Բայց ի՞նչ կատակ, երբ կեսը լուրջ է:
Գյուղում ապրելը ունի իր լավ և վատ կողմերը:
Լավը` մաքուր օդ, բնություն, անկեղծ ու միամիտ լոռեցիներ:
Իսկ վատն այն է, որ շատ ժամանակ կտրված ենք լինում քաղաքից: