Ես իմ նախորդ հրապարակումներից մեկի մեջ նշել էի, որ հաճախում եմ Բանավեճի ակումբ։ Այս հրապարակմանս մեջ ցանկանում եմ մի փոքր խոսել բանավեճի մասին։ Սկզբում ասեմ, որ «բան» (խոսք) + վեճ կարող է սխալ ըմբռնում լինել, թե սա բառերով վիճելն է: Սակայն իրականում ընդհանրապես կապ չունի վեճի հետ, այլ ինչ-որ թեմայի շուրջ զրույցն է, տարբեր դիրքորոշումներով։
Կան բանավեճի մի քանի տեսակներ՝ անհատական, թիմերով, հանպատրաստից, պատրաստված։ Կոնկրետ ես մասնակցում եմ Ջինիշյան հիմնադրամի կազմակերպած բանավեճերին։ Դրա ձևաչափը հետևյալն է։ Ինչ որ թեմա է տրվում երկու թիմերի, որոնք բաղկացած են 5-ական անդամներից, բանավիճում դրա շուրջ՝ դեմ և կողմ դիրքորոշումներով։
Կարևոր է նաև նշել, որ թեման ոչ միշտ է համապատասխանում մասնակիցների դիրքորոշման հետ: Դա ըստ ինձ, շատ լավ է, քանի որ մարդկանց սովորեցնում է ինչ որ թեմայի չնայել մի տեսակետով, այլ սովորեցնում է փորձել լավ մտածել, կշռադատել։ Բանավեճը բաղկացած է մի քանի փուլերից` կառուցողական ելույթ, հարց ու պատասխան, անդրադարձ, եզրափակիչ ելույթ։ Դրանցից կառուցողական ելույթում ներկայացնում են թիմի անդամներին, տվյալ թիմի դիրքորոշումը, պնդումներ, այնուհետև այդ պնդումները ամրապնդում են փաստերով: Հարց ու պատասխանի ժամանակ արդեն պարզ է, որ հարցեր են տալիս, իսկ եզրափակիչ ելույթում ամփոփում են ամբողջ խաղը։
Ես բանավեճի ակումբում կարողացել եմ հաղթահարել դպրոցական շեմը և մասնակցել եմ մարզային փուլին, բայց հանրապետականին դեռ չեմ մասնակցել, սակայն դեռ ամեն ինչ առջևում է։