
Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի
Օրեր առաջ ուսուցչիս և ընկերներիս հետ այցելել էինք ԼԽՈՒԵ (Լսողության խնդիրներ ունեցող երեխաների) կրթահամալիր, որը իմ վերջին շրջանի ամենամեծ տպավորություններից մեկն է: Դպրոցը հատուկ կրթահամալիր է, որը զբաղվում է լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթության կազմակերպմամբ և իրականացմամբ: Գործում են կարի, դիմահարդարման, կոշկակարության, գորգագործության, երգի և տարբեր տեսակի խմբակներ, որոնք նպաստում են երեխաների մտքի թռիչքին և մտավոր զարգացմանը: Երբեք չէի եղել նման կրթահամալիրում, երազանք ունեի՝ տեսնել նրանց, շփվել նրանց հետ, նվերներ տալ, գրկել, համբուրել… Եթե անգամ ժեստերի լեզուն չգիտես և չես կարողանում հաղորդակցվել, ամենևին էլ մտահոգվելու կարիք չունես, քանի որ երեխաները հասկանում են քո դեմքի, ձեռքերի և տարբեր տեսակի շարժումներն ու միմիկաները:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի
Շատ արագ են շփվում մարդկանց հետ, բավականին ջերմ են, որը և հենց քեզ ստիպում է սիրել այդ փոքրիկներին և ժպտալ նրանց հետ միասին:
-Հեե՜յ, փոքրիկներ, գիտե՞ք երեխաներն են այսօր այցելելու մեզ:
-Ուուխխ, ինչ լավ է, իսկ մեզ նվերներ բերե՞լ են, -ասացին նրանք ժեստերի հատուկ լեզվով:
-Իհարկե, շատ- շատ փափուկ խաղալիքներ են բերել ձեզ համար, որ ամեն անգամ խաղալուց իրենց հիշեք:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի
Նրանք անընդհատ խոսում ու խոսում էին իրենց ուսուցիչների հետ, չարաճճիություններ էին անում, բարկացնում, բայց նաև զուրախացնում էին մեզ: Մի փոքր ցավալի է նաև, որ այդպիսի հրաշքները չեն կարողանում լսել, բայց դպրոցի մեծահասակ աշակերտների խումբը կրում էր հատուկ լսող սարքեր, դրա օգնությամբ կարողանում էին լսել: Մենք այցելեցինք բոլոր խմբակները, ուսումնասիրեցինք նրանց առօրյան, գրեթե մեկ օր միասին անցկացրեցինք. շփվեցինք, խաղացինք և ծանոթացանք: Ներկա գտնվեցինք նաև փոքր միջոցառման, որը հուզեց բոլորիս: