
Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի
Դասարանում նստած էինք, այդ ժամը հանրահաշիվ էր, հանկարծ հիշեցինք, որ շաբաթ օրը Սուրբ Սարգսի տոնն է, մտածեցինք «բաց չթողնենք առիթը, ուտենք աղի բլիթը»:
Դժվարը մտածելն էր, իրագործելը շատ հեշտ էր:
Շուտով զանգը հնչեց, ուսուցիչը դուս եկավ դասարանից, սակայն աղի բլիթ ուտելու միտքը դեռ մեր գլխում էր, և չէր էլ պատրաստվում դուս գալ մեր գլխից:
Արդեն վերջին դասաժամն էր, մտածում էինք, թե ով պետք է մեզ համար աղի բլիթ պատրաստի, մեկ էլ ընկերներիցս մեկը` Արաքսյան, ասաց.
-Երեխեք, տատիկս կարող է մեզ համար պատրաստել:
-Ըհըն, ընտիր է:
Արդեն աղի բլիթ պատրաստող էլ կար:
-Դե, որ գնամ տուն, կասեմ կպատրաստի, հետո կզանգեմ՝ դուրս կգաք վերցնելու.-ասաց Արաքսյան:
-Շատ լավ է,- ասաց Գոհարը:
Զանգը հնչեց, արդեն տուն գնալու ժամանակն էր.
-Գոհար, գալի՞ս ես՝ գնանք մեր տուն,- ասացի ես: Ի դեպ Գոհարը զարմուհիս է:
-Հա, կգամ,-ասաց Գոհարը:
Ես ու Գոհարը ճանապարհ ընկանք՝ տարբեր թեմաների շուրջ զրուցելով:
Հասանք տուն, դե մեզ դիմավորելու եկավ Խածիկոն` շունս, երկուսիս բարևելուց ու մի լավ խաղալուց հետո, մի կերպ թողեց տուն մտնենք:
Մի քանի ժամ անցավ, Արաքսյան զանգեց.
-Ալո, Իզա, բլիթները պատրաստ են, ժամը 15:30 հարմա՞ր է:
Երբ տեղ հասանք, բոլորը հավաքվել էին: Բլիթները վերցնելուց հետո ուրիշ միտք ծագեց: Ձյուն էր եկել, իսկ մենք այս տարի ձմեռային նկարներ չէինք արել, ուրեմն վերջ, գնում ենք լուսանկարվելու:
Սկսեցինք սելֆիներից, հետո ուրիշ նկարներ ու տեսանյութեր արեցինք:

Լուսանկարը՝ Գոհար Փարսյանի
Արդեն ուշ էր, որոշեցինք գնալ տուն:
Երեկոյան, երբ աղի բլիթ ուտելու ժամանակն էր, ես մի մեծ բաժակ ջուր խմեցի, հետո կերա:
Արդեն ժամը 1:56 էր, որոշեցինք վերջապես գնալ քնելու: Չնայած բլիթ կերանք, բայց որևէ մեկին տեսնելու հույս չունեինք, ուղղակի ասացինք՝ մենք էլ փորձենք:
Առավոտյան վեր կացանք թե չէ, կապվեցինք աղջիկների հետ, որ տեսնենք՝ որևէ մեկը երազ տեսել է, թե չէ:
-Ես սպիտակ ֆոն եմ տեսել,-ասացի ես:
-Ես էլ սև,- ասաց Նոննան:
-Ես ոչ մի բան չեմ տեսել,- ասաց Գոհարը:
-Ես էլ,- ավելացրեցին Արաքսյան և Էլլադան:
-Երեխեք, ինձ ջուր են տվել, բայց դեմքը չեմ տեսել,-ասաց քույրս` Անետան:
Այսպես էլ սկսվեց ու ավարտվեց մեր աղի բլիթ ուտելու պատմությունը: