
Լուսանկարը` Մհեր Դավթյանի
-Երեխաներ, այսօր շարադրություն ենք գրելու: Լուսինե, արի գրատախտակի մոտ, գրիր վերնագիրը՝ «Գարուն»: Դե, դուք լուռ նստեք, ես հիմա կգամ:
Ուսուցչուհին դուրս եկավ: Ես արտագրեցի վերնագիրը: Գարուն: Էլի Գարուն: Զզվել եմ: Երբ գարուն բառն եմ լսում՝ պատկերացնում եմ տետրի թուղթը: Ամեն օր գարնան մասին ենք գրում: Ի՞նչ գրեմ: Դե, ի՞նչ պետք է գրեմ: Բնությունն արթնանում է, իսկ արևը շողում է, իսկ տերևները կանաչում են: Չէ, լավ չի:
-Գոռ. Գոռ,- բղավեց Հարությունը,- օգնի:
-Բեր,-մռայլ ասացի ես: Հույս ունեի, թե ձայնիցս կհասկանա, որ ժամանակ չունեմ, բայց նա ուրախ-ուրախ վազեց իմ մոտ՝ թերթիկը ձեռքին:
-Ըհը, մի քիչ գրել եմ: Մի երկու բառ ասա, ավելացնեմ՝ վերջացնեմ:
-Ի՞նչ ես գրել,-հարցրեցի ես:
-Ըհը, լսի՝ գարուն է եկել, տերևները դեղնել են, թռչունները չվել են տաք, հյուսիսային երկրներ:
-Էհ, լավ չես գրել,-բարկացա ես,- լրիվ սխալ:
-Ա-ահ, ոչինչ,- ձեռքերը թափ տվեց Հարութը,- դու կետադրությունը ստուգի:
Ես վերցրեցի և սկսեցի կարդալ, իսկ Հարութը կանգնել էր կողքիս, և ոտքի ծայրով այնպես արագ էր խփում հատակին, ասես Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» էր լսում:
-Վերջ, վերցրու,-ասացի ես և կռացա տետրիս վրա:
Գարուն, դե ի՞նչ գրեմ: Պետք է մի գեղեցիկ բան գրեմ: Այնպես, որ ուսուցիչը հավանի: Այ, օրինակ…
-Գոռ,- հորանջելով խոսեց Դավիթը,- «Գյուղատնտեսությունը արդյունաբերության մեջ» բութո՞վ գրեմ:
-Ի՞նչ արդյունաբերություն:
-Չէ, ուղղակի եմ հարցնում:
-Ինչքան գիտեմ՝ առանց բութի:
Դավիթը շարունակեց գրել: Ես նույնպես: Հինգ րոպե ոչ ոք չէր անհանգստացնում, և ես արդեն գրել էի կանաչ տերևների և խոշոր կաթիլների մասին, երբ վազելով եկավ Վահեն:
-Գոռ ջան, գրածս ստուգի, էլի:
-Ես իմը չեմ գրել:
-Լավ, էլի:
-Տուր, կստուգեմ:
Քիչ հետո ստուգված էր նաև նրա գրավորը, որը ծաղիկների մասին էր:
Այդ պահին դասարան մտավ ուսուցչուհին:
-Բա դուք չե՞ք ամաչում,-ասաց նա,- ձայններդ մինչև առաջին հարկ լսվում է: Հանձնեք գրավորները:
-Գոռ,-հարցրեց Ֆելիքսը,-«զարթոնք» թ-ո՞վ է գրվում:
-Ըհը:
-Տեսա՞ր,-բղավեց նա Ալբերտի կողմը,- իսկ ես ճիշտ եմ գրել:
Տեսնես ի՞նչ կստանամ: Երևի չորս: Հաստատ սխալ կունենամ:
Իսկ պատուհանից դուրս իսկական գարուն էր, այնպիսին, ինչպիսին չի լինում շարադրությունների մեջ:
Գոռ Բաղդասարյան 13տ., 2001թ.