
Լուսանկարը՝ Լիլիթ Խառատյանի
Օլիմպիադա Անդրեասի Բոգդանյանը 1905 թվականին նախաձեռնում է Ալեքսանդրապոլում կառուցել դպրոց: Նա կառուցում է մինչև երկրորդ հարկ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունը կիսատ է մնում:

Լուսանկարը՝ Լիլիթ Խառատյանի
1908 թվականին Նիկոլայ ցարը ժամանում է Ալեքսանդրապոլ` երկաթգծի կառուցման նպատակով: Այդ ժամանակ Օլիմպիադան մոտենում է ցարին և պատմում, որ Պետերբուրգում նրա աղջկա հետ է սովորել ու խնդրում է, որ ցարը նրան ֆինանսական օգնություն ցույց տա: Ցարը համաձայնվում է, բայց միայն մի պայմանով, եթե դպրոցը իր դստեր` Օլգա Ֆեոդորովնայի պատվին անվանի: Օլիմպիադան ստիպված համաձայնվում է, և 1912 թվականին կառուցումն ավարտվում է: Այն անվանվում է Օլգինյան օրիորդաց գիմնազիա: 1920թ-ին խորհրդային կարգեր հաստատվելուց հետո դպրոցը դառնում է հանրակրթական միջնակարգ դպրոց ռուսական թեքումով, որտեղ արդեն կարող էին սովորել և տղաները, և աղջիկները:
Դպրոցում շատ հայտնի մարդիկ են սովորել` Հովհաննես Շիրազ, Դոնարա Հարությունյան, Սերգեյ Համբարձումյան, Արամ Ֆիդանյան, Սուրեն Ստեփանյան, Ֆլորա Մարտիրոսյան: Վերջինս սովորել է իմ հորեղբոր հետ նույն դասարանում, սակայն ութերորդ դասարանում տեղափոխվել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջ: Երեքհարկանի սև սրբատաշ տուֆով կառուցված այս վեհաշուք կառույցը մինչև այժմ էլ համարվում է քաղաքի եզակի կրթական կառույցներից մեկը: Այժմ դպրոցը կրում է Ա.Պուշկինի անունը և դարձել է հիմնական դպրոց: Գյումրիում մեր դպրոցն ավելի շատ գիտեն «Գիմնազ» անունով: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր դպրոցի շենքը Հայաստանի ամենահին դպրոցական շինություններից է: Ահա այսքանն եմ հասցրել իմանալ իմ դպրոցի մասին ինը տարիների ընթացքում:

Լուսանկարը՝ Լիլիթ Խառատյանի