Մենք Մալիշկայի պարի խմբով շատ ենք շրջագայել, ու հերթական անգամ ելույթ պիտի ունենայինք Արենիի գինու փառատոնին: Ինչպես միշտ հավաքվեցինք գյուղապետարանի մոտ:
-Ի՞նչ եղավ Գագո ձյաձյան, ասել էին 1-ին կգա:
Հարց, որը մնաց անպատասխան: Քիչ հետո եկավ նաև Գագո ձյաձյան (մեր վարորդը), ու սկսվեց տեղերի կռիվը, թե ով որտեղ պիտի նստի: Այդ կռվում հաղթելու համար դու պիտի ունենաս արագություն և արագ արձագանքելու ունակություն: Ու քանի որ ես ու ընկերուհիս խանութ էինք մտել՝ պարտվեցինք այս մարտում, և ստիպված էինք իրարից առանձին նստել:

Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի
Վերջապես ճանապարհ ընկանք: Մեքենայի մեջ հնչում էին այն երգերը, որոնք մեզ ուղեկցում են գրեթե բոլոր փառատոներին: Անկախ ինձնից սկսում եմ ձայնակցել.
-Ժամանակ չունեմ, ժամանակ չունե՜մ, ժամանակն է, որ ես հիմա ուրիշին սիրեմ ու տիրեմ…

Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի
-Հա՞ս, ոնց որ սաղ երգերը անգիր գիտես,- հանելուկային հայացքով ասաց ինձ Գայանեն:
-Էդպես ստացվեց, Գայ, ոնց որ Գագո ձյաձյան «փլեյլիսթը» չի թարմացնում,-պատասխանում եմ ու շարունակում երգել:
Մոտենում ենք գյուղին: Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի ավելի շատ մեքենաներ կային, որոնք շարված էին ճանապարհի երկու կողմերով:

Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի
-Երեխեք, հլը նայեք ինչքան ավտո կա: Անցյալ տարի էսքան չկար,- զարմանքով ասաց Լիլիթը:
-Դե, երևի ամեն տարի ավելի շատ մարդ ա գալիս, -ասացի ես:
Հենց այս խոսակցության ուղեկցությամբ մտանք Արենի: Պատուհանի մյուս կողմում անծանոթ դեմքերի մի մեծ բազմություն էր, որոնց մեջ (ի զարմանս ինձ) երբեմն ծանոթ դեմքեր էին հանդիպում: Մեքենան դժվար էր առաջ շարժվում. մարդիկ ճանապարհ չէին տալիս: Գրեթե բոլորի ձեռքերում կային գինով լցված բաժակներ կամ գինու շշեր:
Զգեստափոխվելուց ու հարդարվելուց հետո միացանք պարել սիրող ամբոխին: Մինչ մեր խմբի անունը կհայտարարեին, ինչ-որ մեկը մոտեցավ ու փակեց աչքերս: Դե արի ու այսքան մարդու մեջ իմացիր, թե ով է: Գուշակելու ջանքերն ապարդյուն էին, որոշեցի հանձնվել:
-Նա՞զ,-ասում եմ ու գրկում ընկերուհուս, ում 4 տարի է, չէի տեսել:
Խոսում էի ու փորձում մտապահել ընկերուհուս հայացքը. ի՞նչ իմանաս, թե մյուս անգամ երբ կտեսնեմ: Հասկանում էի, թե ինչքան եմ կարոտել, բայց փորձում էի հույզերս կառավարել:

Լուսանկարը` Հասմիկ Գիվարգիզյանի
-Լավ, սպասեք` պարենք գանք, հետո կխոսենք,-ասացի ու վազեցի:
Պարում էինք «Մախմուր աղջիկը», որ մեր ամենասիրելի պարերից մեկն է: Երբ պարը վերջացավ, կատարվեց օրվա ամենահետաքրքիր բանը: Մեզ մոտեցավ դերասանուհի Տաթև Խանջյանն ու ասաց.
-Երեխեք ջան, էնքան լավն եք, էնքան սիրուն եք պարում: Ամբողջ աշխարհն ուզում ա ինձ հետ նկարվի, իսկ ես ուզում եմ ձեզ հետ նկարվեմ, կարելի՞ ա:
Մենք ուրախությամբ համաձայնվեցինք ու սկսեցինք նկարվել:
-Դուք սերիալի միջի Էմիլիի մորքուրն եք, չէ՞:
-Հա, երեխեք ջան, շատ շնորհակալ եմ:
-Ձեզ էլ շնորհակալություն,- միաձայն ասացինք մենք: Տպավորությունները շատ էին, հույզերը՝ խառնված: Չհասցրեցինք ուշքի գալ, երբ հայտվեցինք մեքենայի մեջ ու տան ճանապարհը բռնեցինք: Ամողջ ճանապարհին քննարկում էինք այն ամենը, ինչ կատարվել էր, կիսվում էինք տպավորություններով ու կարծես վերապրում էինք այդ ամենը:
-Մամ, մամ, գիտե՞ս ինչ ա եղել,- տան դռնից սկսում եմ պատմել մինչև ուշ երեկո: Ու ինչքան մտածում, այնքան ավելի հաճելի է դառնում այն մտքից, որ մեկ օրվա մեջ կարողացա այսքան հաճելի պահեր ապրել: