
Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
-Գրադարանները մարդկային հոգու գրեթե բոլոր հարստությունների գանձարանն են: Գրքերի հավաքածուն նույն համալսարանն է, այն գաղափարների սեղան է, որի շուրջ հավաքվում են բոլորը: Մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են ընթերցել:
Այս խոսքերը ես լսեցի Եղեգնաձորի Մշակույթի տան գրապահոցի աշխատակցուհի Սուսաննա Հարությունյանի շուրթերից այն ժամանակ, երբ փնտրում էի ինձ անհրաժեշտ գիրքը:
-Տիկի՛ն Սուսաննա, պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին, ինպե՞ս սկսվեց Ձեր աշխատանքը գրապահոցում: Մինչ գրապահոցում աշխատելը որտե՞ղ եք աշխատել:
-Ես, մինչև գրապահոցում աշխատելը, աշխատել եմ Աղնջաձորի դպրոցում որպես դասվար: Հինգ տարի այնտեղ աշխատելուց հետո տեղափոխվեցի Եղեգնաձոր և 1977 թվականին ընդունվեցի գրադարան՝ որպես շրջիկ բաժնի վարիչ: Սկզբում ունեինք ավտոգրադարան, որի միջոցով գործարաններ գիրք էինք տանում, հանդիպում էինք աշխատողների հետ, նրանց տալիս էինք իրենց պատվիրած գրքերը: Հետո փակվեց այդ բաժինը, 1981 թվականին բացվեց գրապահոցը, և ես տեղափոխվեցի գրապահոց: Ունեցանք նաև այլ աշխատակիցներ, որոնց հետ աշխատել եմ և շարունակում եմ աշխատել:
Մեր բաժնի դերը կայանում է նրանում, որ եթե սպասարկման բաժնում անհրաժեշտ գիրքը չկա, ընթերցողին ուղարկում են գրապահոց: Գրապահոցն ունի միջգրադարանային աբոնեմենտ, այսինքն՝ հնարավորություն ունենք ընթերցողներին անհրաժեշտ գրքերը պատվիրելու:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
-Ինչպիսի՞ հատկություններով պիտի օժտված լինի գրադարանավարը:
-Առաջին հերթին պետք է շատ գրքեր ընթերցած լինի, սիրի ընթերցանությունը, հետո պետք է կարողանա նաև լավ վերաբերվել ընթերցողներին, կարողանա ուղղություն ցույց տալ նրանց: Մենք ունենք ընթերցողներ, որոնք գալիս և միայն թեման են ասում գրքի, որը ցանկանում են կարդալ, պետք է հստակ իմանաս, թե ընթերցողին անհրաժեշտ թեմայով ինչ գրքեր կան, որ կարողանաս ճիշտ խորհուրդ տալ:
-Պակասե՞լ է ընթերցողների քանակը՝ համեմատած սովետական տարիների հետ:
-Մի պահ շատ պակասեց, մենք շատ քիչ ընթերցողներ ունեցանք, իսկ հետո, երբ դպրոցներում երեխաներին պարտադրեցին կարդալ գրականություն, նրանք սկսեցին հաճախել գրադարան: Հիմա արդեն գոհ ենք, բավականին ավելացել են ընթերցողները:
-Իսկ կա՞ն գրքեր, որոնց պակասը շատ եք զգում:
-Այո, իհարկե, կան գրքեր, որոնց պակասը գրադարանում շատ է զգացվում, բայց մենք եռամսյակը մեկ պահանջարկ ունեցող գրքերի ցանկ ենք կազմում: Կան հատուկ տեղեր, որտեղ մենք այդ ցանկը ներկայացնում ենք, և գրքերը բերում են:
-Ի՞նչ ժանրի գրականություն է նախընտրում երիտասարդությունը:
-Դպրոցական երեխաներին հիմնականում ծրագրային գրականությունն է անհրաժեշտ լինում, ուսանողներն իրենց մասնագիտական գրքերն են ուզում, իսկ մյուս ընթերցողներից յուրաքանչյուրը նախընտրում է իր սիրած թեման: Վերջին շրջանում շատ գրքեր են լույս տեսել, որոնք երիտասարդներին հետաքրքրում են, պահանջարկը կա, և մենք ունենք այդ գրքերը:
Անցած տարի մենք շատ ենք ստացել Ցեղասպանության թեմայով գրականություն: Հիմա երիտասարդները շատ են ընթերցում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը:
-Ի՞նչ խնդիրներ կան գրադարանում, որ լուծումներ են պահանջում:
-Մինչ վերանորոգումը շատ խնդիրներ կային, հատկապես՝ ջեռուցման, գրականության ֆոնդի համալրման: Բայց հիմա արդեն գոհ ենք: Ե՛վ համալրման հարցն է լուծվել, և՛ ջեռուցման խնդիրն է կարգավորվել:
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սերնդին:
-Խորհուրդ կտամ գրքեր կարդալ, որովհետև գիրքը շատ մեծ նշանակություն ունի, համակարգիչն ու հեռախոսները չեն կարող փոխարինել գրքին:
Գրքերը զորացնում են մարդուն, նրա մեջ առաջացնում են լավագույն ձգտումները, չկա միտքն ավելի լավ թարմացնելու միջոց, քան հին դասականների ընթերցումը: Բավական է գիրքը վերցնես ձեռքդ, անմիջապես քեզ զգում ես թարմացած, թեթևացած: Ով չի ծանոթացել նախնիների ստեղծագործություններին, ուրեմն նա ապրել է՝ չճաշակելով գեղեցիկը: Առանց գրքի չենք կարող ո՛չ պայքարել, ո՛չ հաղթել: Գիրքը մի սերնդի կտակն է մյուս սերունդներին: