
Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
Ինձ համար անսովոր էր կիրակի սովորականից շուտ արթնանալը: Վերցրի ուսապարկս և տատիկի հետ առավոտյան ժամը ութին տնից դուրս եկա: Տասը րոպե անց մենք հորեղբորս տանն էինք:
-Հոպար, բա ե՞րբ ենք գնալու:
-Հեսա բոլորը հավաքվեն, կգնանք:
Մենք վերելակով իջեցրինք բոլոր գրքերը և համակարգիչը: Երբ բոլորը հավաքված էին, շարժվեցինք:
Իսկ եթե մինչև հիմա չես հասկանում, թե ուր էինք գնում, հիմա ամեն ինչ կբացատրեմ: Մենք գնում էինք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկը՝ Չորաթան: Հորեղբորս աղջիկը՝ Նանեն, Շիրակացի ճեմարանի իր ընկերների հետ գրքահավաք էր կազմակերպել Չորաթանում գրադարան բացելու համար: Մեզ հետ նաև գյուղի համար համակարգիչ էինք տանում:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
-Բա ինչքա՞ն ժամանակում կհասնենք,- տվեցի մեծերի ամենաչսիրած հարցերից մեկը:
-Մի չորս ժամից կհասնենք երևի, Լիլիթ, երկար ա ճանապարհը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
Մենք պետք է ինչ-որ բանով զբաղվեինք այդ երկար ժամանակի ընթացքում: Վեց հոգով էինք (չհաշված ծնողներին)՝ Նանեն, Անահիտը, Դավիթը, Արայիկը, Արամը և ես: Խաղացինք, զրուցեցինք, երաժշտություն լսեցինք, կերանք, ճանապարհին մի տեղ կանգ առանք՝ հանգստանալու և վերջապես ժամը մեկին տեղ հասանք:
Առաջին բանը, որ նկատեցի գյուղում՝ մանկապարտեզն էր: Տեղափոխեցինք գրքերը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
Մանկապարտեզի երեխաները վաղուց մեզ էին սպասում: Նրանք պարում էին ու երգում: Արամն ու Արայիկն էլ հավաքվածների համար կիթառ նվագեցին:
Գյուղի երեխաներն ուրախ էին գրքերի և համակարգչի համար:
Գյուղապետը և մանկապարտեզի տնօրենը մեզ ցույց տվեցին ապաստարանը: Չորաթանը սահմանին մոտ է, ու երբեմն ադրբեջանական կողմից կրակում են գյուղի վրա: Հենց նման դեպքերի համար էլ պետք է ապաստարանը, որ երեխաներն այնտեղ սպասեն, մինչև վիճակը հանդարտվի: Ապաստարանը վերակառուցվում էր: Այնտեղ կային մահճակալներ, դեղատուփ, նույնիսկ հեռուստացույց: Բայց, ճիշտն ասած, այնտեղ սառն էր:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
Ճաշելուց հետո երեխաներով գնացինք զբոսնելու: Շատ երկար չգնացինք, մանկապարտեզի մոտակայքում էինք:
-Երեխեք, հլը նայեք,- ասաց Անահիտը:
Նա ցույց էր տալիս մեր բերած՝ արդեն դասավորած գրքերի շարքերը:
-Վա՜յ, մենք էսքան գի՞րք էինք տանում «մարշրուտկայի» մեջ,- ասաց Նանեն:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի
Ես էլ լուսանկարեցի մեր բերած գրքերը:
Մենք գյուղում երկար չմնացինք: Ժամը հինգին արդեն շարժվում էինք: Ճանապարհը թվում էր շատ հոգնեցուցիչ, բայց կարճ: Ժամը իննին ես տանն էի: