
Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Ահա և եկավ այն ժամանակը, որ պետք է գնանք ֆոտոարշավների: Գնում ենք Սեմյոնովկա գյուղ` ակնկալելով տեսնել ռուս մոլոկանների: Մոտենում ենք մի խումբ երեխաների, նրանց հետ երկար ժամանակ զրուցում ենք, նկարում ու առաջ անցնում: Մի տուն հետո հանդիպում ենք գյուղապետի կնոջը, բոլորը նրա հետ են զրուցում ու նկարում նրան: Քիչ հեռվում տեսա մի խորհրդավոր հայացք, որն ինձ էր նայում: Մոտեցա նրան ու սկսեցի հարցեր տալ նրան:
-Էհ, աղջիկս, շատ լավ ա, որ տենց բաներ եք անում: Նկարում եք, շատ լավ էրեխեք եք:
-Ապրես, տատի ջան, իսկ դուք այս գյուղի՞ց եք:
-Չէ, բալաս, եկել եմ ստեղ, ամուսնացել եմ ու ապրում եմ այստեղ:
-Իսկ այստեղ կա՞ն մոլոկաններ:
-Չէ, հա, որտեղի՞ց: Սաղ քոչել են: Ոչ մեկը չկա: Մի ժամանակ ստեղ քրդեր էլ կային, բայց հիմա գյուղում ոչ մի մոլոկան չկա: Երբ որ իրենք մեր գյուղում էին, գնում էինք բոլորով կաթի գործարան ու աշխատում: Հիմա էլ ոչ մեկը չի գնում, որովհետև ջահել չկա: Մնացել ենք մեծերով:
Գյուղում մարդ չի մնացել, սաղ կամ գնացել են, կամ էլ… էհ, տղաս գնաց, էս վերջին պատերազմ ու էլ չեկավ, իսկ ամուսինս շուտ է մահացել: Այ տենց բաներ, բալաս…
Բայց չեմ դժգոհում երբեք: Իմ Հայաստանը շատ լավն ա: Մի բան ասե՞մ:
-Հա, իհարկե:
-Ես քուրդ եմ: Մենք եկել ենք Հայաստան, երբ ես փոքր էի: Ես սիրում եմ Հայաստանը` աղջիկ ենք տալիս Հայաստանից, աղջիկ ենք տանում Հայաստանից, կնքվում ենք Հայաստանում, ամեն ինչ Հայաստանից ու Հայաստանում: Ես երջանիկ եմ, որ ամեն առավոտ կարամ զարթնեմ, շնչեմ ծաղիկների բույրը ու զգամ հայոց լեռների հզորությունը:
Մի ժամանակ շատ էին կռվում հայերն ու քրդերը, բայց հիմա շատ համերաշխ ենք: Շատ կան խնդիրներ, բայց դա ոչինչ չի փոխում, չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր դժգոհ են այս երկրից:
- Շատ լավ է, տատ ջան, իսկ ձեր անունն ի՞նչ է:
-Մի քիչ ամոթ եմ անում, բայց որ սենց համով բալա ես, կասեմ` անունս Դիրբար է:
Այդ պահին նա բռնում է իմ ձեռքը մի քիչ հուզված:
-Էրեխեք, արագացրեք, դեռ շատ տեղեր պիտի գնանք.-հեռվից լսվում է Լիլիթի ձայնը:
-Բալա ջան, արի մի հատ քեզ պաչեմ, էլի,- հրաժեշտից առաջ ասաց Դիրբար տատիկը:
Շատ հետաքրքիր տատիկ էր, նա այն բացառիկ տատիկներից էր, ով գոհ էր իր կյանքից, սիրում էր իր երկիրը ու ապրում էր` տեսնելով իր երկրի լուսավոր ապագան: Դրական լիցքերով շարունակում եմ ճանապարհս: