mane antonyan shirak gusanagyux

Եթե գրքերը քայլել իմանային

Մշակույթի տան վերանորոգումը մեր գյուղի ամենակարևոր խնդիրներից է: Այնտեղ ունենք դահլիճ և գրադարան, իսկ  գրադարանում՝ շատ գրքեր, սակայն այդ գրքերով հետաքրքրվող մարդկանց մատների վրա կարող ենք հաշվել: Երբ ձմեռ է գալիս, երեխաներն ուրախանում են, մեծերը՝ զբաղվում են իրենց գործերով, սակայն ոչ մեկին չի հուզում այն փաստը, որ ժամանակին գրադարանում էին անցկացնում իրենց օրվա մեծ մասը, իսկ այսօր այնտեղ միայն գրադարանավարուհին է գնում:

Ըստ մեծահասակների պատմածի՝ ժամանակին այնտեղ ասեղ գցելու տեղ չէր լինում: Երևի հիմա մարդիկ գրքերը փոխարինել են համացանցի հետ, դրան զուգահեռ ավելացել է արտագաղթը՝ մարդիկ ընտանիքներով մեկնել են այլ երկրներ, այդ պատճառով այսօրվա դրությամբ գրադարան ընդհանրապես մարդ չի մտնում: Ձմռանը գրադարանում սառնամանիք է, իսկ ձնհալի ժամանակ՝ ջրհեղեղ: Եթե գրքերն էլ քայլել կարողանային, հաստատ կհեռանային մարդկանց անտարբեր վերաբերմունքի պատճառով: Իսկ դահլիճից ոչ մի բան չի մնացել, բեմից՝ միայն հին փայտի կտորներ: Մարդիկ ամեն բան տարել են, նույնիսկ՝ վարագույրները: Իսկ նստարանները տարել ենք դպրոց, որպեսզի նույն բախտին չարժանանան: