Հարցազրույց «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» Հանրային ինֆորմացիայի պատասխանատու Արթուր Հարությունյանի հետ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի
-Խնդրում ենք համառոտ ներկայացնել Ձեր կազմակերպության գործունեությունը:
-Մենք ներկայացնում ենք «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը: Մենք աշխատում ենք կենսաբազմազանության պահպանման, մշակութային արժեքների պահպանման և վայրի բնության պահպանման խաչմերուկում: Կոնկրետ այսօր մենք ներկայացնում ենք «SOS մշակույթ» ծրագիրը, որը նույնպես ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքային փնջի 4 գյուղերին, մոտավորապես 100 գյուղաբնակների, հնարավորություն է տալիս մասնակցել անվճար դասընթացների` հիմնականում օրգանական գյուղատնտեսության, մեղվապահության, էկո և ագրո տուրիզմի թեմաներով, այնուհետև ներկայացված 15 բիզնես-ծրագրերը կֆինանսավորվեն մեր կազմակերպության կողմից, և դրան զուգահեռ կստեղծվի նաև ֆոնդ, որը հնարավորություն կտա հենց գյուղացուց գնել իր արտադրանքը և հանել միջազգային և տեղական շուկա:
-Ի՞նչը Ձեզ դրդեց ստեղծել նման կազմակերպություն:
-Գիտեք, մշակութային արժեքների և վայրի բնության պահպանության հարցը կարծում ենք, որ միշտ էլ ակտուալ է, և չկա կոնկրետ ժամանակ, որ այ, հիմա պետք է սկսել կամ հիմա պետք է դադարեցնել: Մարդ և բնություն փոխհարաբերություններում միշտ էլ ծագում են խնդիրներ, իսկ մենք փորձում ենք այդ խնդիրները հնարավորինս նվազեցնել և սուր անկյունները ուղղակի կլորացնել:
-Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում պատմամշակութային կոթողների պահպանման ոլորտում:
-Հենց այս ծրագիրը, որ մենք ներկայացնում ենք այսօրվա ցուցահանդեսին, կոչվում է «SOS մշակույթ», Լոռվա և Տավուշի մարզերի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գյուղերի երիտասարդների օգնությամբ մենք տեսակավորել և առանձնացրել ենք մշակութային կոթողները: Դրանց պահպանության համար հսկայական աշխատանքներ են կատարվել հենց երիտասարդների և պատանիների ձեռքերով: Ստեղծվել են փոքրիկ աշխատանքային խմբեր, և նրանք են գնացել, հայտնաբերել մշակութային կոթողները, թվագրել և պահպանել, ու դրանից հետո տպագրվել են բազմաթիվ հրապարակումներ, գրքեր, որոնց նպատակը հենց այդ մշակութային կոթողների պահպանումն է և նաև տեղական տուրիզմի զարգացումը:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի
-Ի՞նչ արդյունքների եք հասել Ձեր գործունեության ընթացքում:
-Հասել ենք այն արդյունքին, որ այս մշակութային արժեքները, կոթողները, որոնք ժամանակին եղել են աղտոտված, ժամանակին անհասանելի են եղել, աղբով լեցուն են եղել` հիմա մաքրված են և դրանց մասին և ինտերնետ տիրույթում, և մեր տպագիր հրապարակումներում կան ինֆորմացիաներ: Այսինքն, դրանք հասանելի են բոլոր ցանկացողներին:
-Ինչպե՞ս կարող են երիտասարդները մասնակցել Ձեր ծրագրին:
-Կոնկրետ այս ծրագիրը արդեն ավարտված է, ցավոք սրտի, բայց հույս ունենք, որ ինչ-որ ժամանակ նորից կսկսենք: Բայց առհասարակ մեր կազմակերպությունը աշխատում է նաև երիտասարդների հետ: Մենք ունենք էկո ակումբներ Հայաստանի մի քանի մարզերում: Այս պահին գործող 3 էկո ակումբ ունենք Արարատի մարզում և 1 էկոակումբ` Վայոց ձորի մարզի Արփի համայնքում: Այս պահին երևանաբնակների համար ցավոք չունենք դեռ ոչինչ:
-Իսկ Եվրոպայի օրվա միջոցառմանը մասնակցելը ի՞նչ նպատակ է հետապնդում:
-Հիմնական նպատակը մեր աշխատանքը հանրությանը ներկայացնելն է և ասել, որ մենք կանք, և որ նրանցից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն բերել` ուղղակի միանալով մեզ, պահպանելով վայրի բնությունը և մշակութային արժեքները:
Հարցազրույցը վարեցին`
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ