Հունիսի երեքին զանգահարեցին «Մանանա» կենտրոնից և տեղեկացրին, որ կենտրոնը հունիսի 5-ին ևս ներկա է լինելու Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող միջոցառումներին, իսկ մենք՝ պատանի թղթակիցներս, պիտի գնայինք հարցազրույցներ վերցնելու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, լուսանկարեինք անցուդարձը և տեսանկարահանեինք ողջ օրվա ընթացքը:
Հունիսի հինգին ժամը երկուսին Հյուսիսային պողոտայում էինք: Ստանալով մեր հանձնարարությունները, վերցրեցինք լուսանկարչական ապարատները, տեսանկարահանող սարքերն ու անցանք գործի:
Շրջում էինք տաղավարներով, վերցնում կարճ հարցազրույցներ տարբեր ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Եվրոպական միության աջակցությամբ:
Այժմ դուրս եմ գալիս «Մանանայի» տաղավարից՝ լուսանկարչական ապարատը ձեռքիս: Մեր հարևանությամբ գտնվում էր եվրոպական տարբեր երկրների ճաշատեսակներով հարուստ տաղավար: Բայց քանի որ այն բազմամարդ է, ինձ ոչ մի կերպ չի հաջողվում հարցազրույց վերցնել այդտեղի ներկայացուցիչներից: Ուստի քայլեցի առաջ՝ նոր հարցազրույցներ վերցնելու հույսով: Հասա Dasaran կրթական ծրագրի տաղավար:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի
-Բարև Ձեզ: Ես ներկայացնում եմ «Մանանա» կենտրոնը, Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի անդամ եմ, կցանկանայի Ձեզ մի քանի հարց տալ Dasaran կրթական ծրագրի վերաբերյալ:
-Սիրով:
-Շնորհակալություն: Եվ այսպես, ի՞նչ է Dasaran-ը, և երբվանից է այն գործում Հայաստանում:
-Dasaran-ը կրթական ծրագիր է, որը մեր երկրում գործում է 2010 թվականից: Մեր առաքելությունը հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության նոր որակ ստեղծելն է:
-Իսկ որո՞նք են Ձեր նպատակները:
-Մեր նպատակները բազմաթիվ են՝
Ապահովել որակյալ կրթություն Հայաստանի Հանրապետությունում, բարձրացնել դպրոցների գործունեության և կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և անհրաժեշտ կարողությունների ստեղծման միջոցով, նպաստել ՀՀ դպրոցներում էլեկտրոնային կառավարման կարողությունների ստեղծմանը, նպաստել ՀՀ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համակարգչային գիտելիքների զարգացմանը և ամրապնդմանը, նպաստել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքային և մարզային դպրոցների հավասար զարգացմանը, մասնավորապես, օժանդակել տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը ՀՀ մարզային դպրոցներում, օժանդակել ՀՀ մարզային դպրոցների ուսուցիչների համակարգչային գիտելիքների ամրապնդմանը` վերապատրաստման միջոցառումներ կազմակերպելու միջոցով, օժանդակել ՀՀ մարզային դպրոցներում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը, նպաստել աշակերտների առաջադիմությանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, ֆիզիկական պատրաստությանը ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ, մշակութային և մարզական միջոցառումների (մրցույթներ, խաղեր, վիկտորինաներ) միջոցով, տարաբնույթ միջոցառումների օգնությամբ բացահայտել դպրոցականների առանձին ընդունակություններն ու հակումները և նպաստավոր պայմաններ ստեղծել դրանց հետագա զարգացման ուղղությամբ, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման ժամանակակից և արդյունավետ համակարգ՝ նպաստելով ուսուցիչ-ծնող կազմակերպությունների ձևավորմանը` որպես քաղաքացիական հասարակության կարևոր հիմնասյուն:
-Շնորհակալություն: Իսկ ի՞նչ խաղերով է ներկա Dasaran կրթական ծրագիրն այս տաղավարում:
-Dasaran կրթական ծրագիրը այսօր ներկա է իր «Բացահայտիր Եվրոպան» խաղով, որի շրջանակներում մասնակիցները կմրցեն իրար հետ, իսկ հաղթողը հնարավորություն կունենա պտտելու պտտանիվը, որից հետո էլ կպարզվի, թե ինչ մրցանակի է արժանացել: Մրցանակները տարբեր են՝ տետր, նոթատետր, քանոն, էջանիշ, գրիչ, շոկոլադ և այլն:
Ես շարժվում եմ առաջ: Գերմանիայի դրոշն եմ տեսնում: Մոտենամ ու պարզեմ, թե ո՞ր կազմակերպությունն է:

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի
-Կարո՞ղ եմ մի քանի հարց տալ Ձեր կազմակերպության վերաբերյալ: Կներկայացնե՞ք Ձեր կազմակերպությունը:
-Շատ լավ: Մեր կազմակերպությունը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունն է (GIZ):
-Ի՞նչ գործունեություն եք ծավալում մեր երկրում:
-ԳՄՀԸ-ն օժանդակում է զարգացող, անցումային և կայացած արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում:
-Իսկ երբ է ստեղծվել ԳՄՀԸ- ն:
-ԳՄՀԸ-ն հիմնադրվել է 2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) և Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը: ԳՄՀԸ-ն ԳԴՀ դաշնային գործակալություն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Այն նաև ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:
Այսքանը իմ լրագրողական հետաքննության արդյունքներից: Հա, մի բան էլ մոռացա ասել: Նշված բոլոր կազմակերպություններն ունեին ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից: Հարցազրույցներից հետո իբրև սովորական այցելու մասնակցեցի ԳՄՀԸ-ի կողմից կազմակերպած վիկտորինային և հաղթեցի՝ ստանալով պայուսակ, բաժակ և օրացույց:
Իսկ ինչի մասին չպատմեցի ես, կպատմեն մեր մյուս պատանի թղթակիցները:
Սարգիս Մելքոնյան, Արագածոտնի մարզ, գ. Ագարակ